«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Մոսկվայի «Ժամ» ամսագրի հիմնադիր, գլխավոր խմբագիր, մշակութաբանության դոկտոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Աննա Գիվարգիզյանն է, որը հոկտեմբերի 20-ից 24-ը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնությանառանցք» Լրագրողների համահայկական 8-րդհամաժողովին:
— Ութը տարի առաջ, երբ նոր էր հիմնադրվում «Ժամ» ամսագիրը, մոսկովյան գրախանութներից մի քանի տասնյակ գիրք գնեցի, որոնք պատմում էին, թե ինչպես կարելի է կազմակերպել ամսագիր հրատարակելու գործը։
Հետո եղան կայանալու անասելի դժվար, հիասթափություններով, սայթաքումներով ու սխալներով լի, բայց՝ բովանդակալից ու հետաքրքիր տարիներ:
Չունեինք գործնական փորձ, անհույս ծեծում էինք համացանցում աջ ու ձախ հայրենասիրություն բղավողների փակ դռներն ու հայ մեծահարուստների՝ էլ ավելի փակ սրտերը, վազում էինք ամեն լուսավոր կետի hետևից, հայտնագործում անսահման քանակությամբ հեծանիվներ, իսկ մեր միակ սփոփանքն այն իրողությունն էր, որ հաստատ գիտեինք՝ ինչի և ում համար ենք անում այս ամենը:
Այսպես, 2008-ի նոյեմբերի 30-ին «Ժամ»-ը իրականություն դարձավ։ Ինձ օգնեցին ամուսինս, գաղափարակից հայ և օտար ընկերներն ու լրագրող գործընկերները, որոնք մինչև հիմա կողքիս են գտնվում:
«Ժամ»-ը 112 էջանոց, հրատարակչական բարձր որակով, երկլեզու՝ հայերեն, ռուսերեն, կրթամշակութային ամսագիր է, որի հիմնական նպատակը օտար միջավայրում հայկական արժեքների տարածումն է, ինչպես նաև՝ Հայաստանի և Սփյուռքի մշակութային և հասարակական կյանքի լուսաբանումը: Ամսագիրը նաև ԶՀՄ-ի (զանգվածային հաղորդակցության միջոցներ) գործառույթն ունի:
Ամսագիրն ունի եռալեզու՝ zham.ru կայքը, հրատարակում ենք գրքեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ տարբեր երկրներում կազմակերպում միջազգային սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի պրեմիերաներ, համերգներ, շնորհանդեսներ, վարպետության դասեր, դասախոսություններ և հանդիպումներ նշանավոր անձանց հետ։ Միայն 2015 թվականի ընթացքում ութ սիմպոզիում ենք կազմակերպել:
Շուրջ երկու տարի հրատարակել ենք նաև «Մենք» երիտասարդական թերթը, 2010թ.-ին հիմնադրել «Մենք» ստեղծագործական միությունը, որտեղ շուրջ հինգ տարի մոսկվաբնակ ռուսախոս հայ երիտասարդները հնարավորություն ունեին անվճար սովորել հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի և մշակույթի պատմություն:
Եվ այս ամենն իրագործում էինք՝ յուրաքանչյուր քայլափոխի կռիվ տալով ադրբեջանական համայնքի ամբարտավան և անբարո ներկայացուցչների հետ, որոնց բախտն անհամեմատ ավելի էր ժպտում, քանի որ վայելում էին իրենց պետության խրախուսանքն ու օժանդակությունը։ Իսկ մենք ոչ միայն չունեինք և չունենք նման օժանդակություն և լիիրավ ձևավորված հայ համայնք Մոսկվայում, այլ նույնիսկ ժողովրդի լեզվով ասած՝ «երեսի զոռով» ենք ամեն բան անում:
— Ամսագիրը ստեղծելիս շատ էի ցանկանում, որ այն տարածվեր նաև ռուսական շրջանակներում: Իմ առջև նպատակ էի դրել ամսագրի միջոցով ռուս և մյուս ազգերին ներկայացնել Հայաստանն ու հայկական մշակույթը՝ ծանոթացնելով մեր ազգային արժեքներին ու հարստություններին:
Շատ են դեպքերը, երբ Ռուսաստանում տարբեր առիթների ժամանակ մեզ որպես միայն կովկասցիներ են ներկայացնում կամ այլազգիների նմանեցնում:
Ամսագրում նաև էջեր ենք հատկացրել օտարազգի այն մարդկանց, որոնք իրենց գործունեության ընթացքում անդրադարձել են Հայաստանին ու հայկական խնդիրներին:
Սփյուռքյան տարբեր համայնքներում մեր թղթակիցներն ունենք: Առհասարակ, աշխատակազմում, ցավոք սրտի, հայերի թիվը քիչ է: Տեխնիկական սպասարկման խմբում, ընդհանրապես, հայեր չկան:
— Սեփական ամսագիր ունենալու մասին դեռևս մանկության տարիներից եմ մտածել ու կանխազգացել, նույնիսկ ամեն օր երազներ էի տեսնում: Մանկական երազներիս ուղեկիցն էր ամսագիր ստեղծելու գաղափարը.տեսնում էի, իբրև թե, տան փոստարկղը բացում էի ու բազում ամսագրեր, նամակներ հայտնաբերում, որոնցից շատ էի ուրախանում:
Ծնողներս, նկատելով անսահման հետաքրքրությունս ամսագրերի հանդեպ, Սովետական Միության բոլոր երկրներում հրատարակվող մանկական ամսագրերը գնում էին ինձ համար: Թղթակցել եմ նաև «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթին:
— Բարձրագույն կրթություն ստացել եմ ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետում, գրաքննադատ-լրագրող եմ: Այնուհետև սովորել եմ Ֆլորիդայի Արվեստի ինստիտուտում, հետո Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ ստացել եմ լեզվաբանի մասնագիտություն (անգլերեն լեզու): Նաև նույն համալսարանի ասպիրանտուրայում եմ սովորել, պաշտպանել թեկնածուական և դոկտորական թեզը: Արվեստի պատմություն եմ դասավանդում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում:
Երբ Մոսկվայում գիտական թեզ էի գրում, հոգևոր արժեքների պահպանմանը անդրադարձա, փորձեցի հասկանալ, թե Սփյուռքում հայ մարդը դժվարին ինչ իրավիճակների առջև է հայտնվում և հոգևոր «սնուցման» ինչ պահանջ ունի: Անվերջ այս խնդրի ականատեսն էի դառնում:
Ինչպես օրինակ՝շատ հայ ուսանողներ ունեի, որոնք ամաչում էին բարձրաձայնել հայ լինելու մասին: Այս և այլ հարցերի պատասխանները գտնելու ցանկությունն ինձ առաջ մղեց նման գիտական ուսումնասիրություն կատարելու:
— Այս համաժողովները օգնում են մեզ մի ընտանիքի պես լինելու, ազգային կամք ու համախմբվածություն ցուցաբերելու և նոր կապեր հաստատելու: Անշուշտ, համաժողովների աշխատանքների ավարտից հետո համագործակցության դաշտն ավելի է ընդլայնվում, ամրապնդվում է ոչ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք, այլև՝ Սփյուռք-Սփյուռք փոխգործակցությունը:
Առաջին անգամ 2010 թվականին մասնակցեցի Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին, որի ժամանակ ծանոթացել եմ Սփյուռքի տարբեր համայնքներից եկած խմբագիրներին և լրագրողներին: Այդ հրաշալի անձանց հետ մինչև հիմա հոգևոր կապի մեջ լինելուց բացի, համատեղ շատ ծրագրեր ենք իրականացրել:
Նրանցից մեկն էլ Իրանի «Արաքս» շաբաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն է, որի հետ նույնպես հետագայում մի շարք ծրագրեր կյանքի կոչեցինք: «Ժամ» ամսագրի վերջին համարում էլ Մովսես Քեշիշյանի հարցազրույցը հրապարակեցինք, որտեղ նա ներկայացնում է Իրանի հայ համայնքի կյանքն ու գործունեությունը:
Զրույցը՝ Գևորգ Չիչյանի