Լուսանկարը՝ ՀԳԿ նախարարության
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաղորդում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար այսօր մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը: Մինչ հարցազրույցի մեկնարկը համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, գումարել է նիստ:
Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին համատեղ գործունեության համար և նրանց մաղթել արդյունավետ աշխատանք:
Այնուհետև ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է հարցազրույցի անցկացման ընթացակարգը՝ ընդգծելով, որ որպես հիմնական մարտավարություն՝ որդեգրվել է անաչառության և սոցիալական արդարության պահպանման սկզբունքը: «Որպես հանձնաժողովի անդամներ՝ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետևաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու: Ստուգվելու են ուսանողների մոտիվացիան կրթության շարունակականության և գիտության ասպարեզում, ինչպես նաև՝ գիտելիքները»,— ընդգծել է նախարարի տեղակալը:
ԿԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ մրցույթի կազմակերպման նպատակով ձևավորվել է երկու հանձնաժողով՝ հումանիտար և բնագիտական ուղղություններով: Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ: