Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, Փարիզի «Ինվալիդների պալատում»
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,
Հարգելի վարչապետ,
Շառլ Ազնավուրի ընտանիքի հարգելի անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Շառլ Ազնավուրը ցանկանում էր ապրել մեկ դար, նա խոստացել էր իրեն, նա խոստացել էր մեզ, կարծես դա լիներ նրա կյանքի վերջին մարտահրավերը: Տարիքը երբեք նրան չզրկեց անհագ կյանքի ծարավից, ստեղծագործելու, սիրելու, երգելու ցանկությունից, բայց նրա նպատակից մի քանի քայլ առաջ նա հեռացավ:
Այս հանկարծակի դատարկությունը հասկացրեց մեզ ակնհայտ մի բան, որ մեկ ամբողջ դար նա էր մեզ ապրեցում, մեր կյանքի դժվարին, դառնության, հույսի պահերին Շառլ Ազնավուրը մեզ մեկնեց սփոփիչ հայելին` իր ստեղծագործողություններով, որով նա երկար տարիներ մեր կյանքն ավելի մեղմացրեց, օգնեց դիմակայել կյանքի մարտահրավերներին:
Նրա երգերն ամառային դատարկ երգեր չէին, որոնք մարդկանց մի պահ ուրախացնում էին և մոռացվում, նրա երգերը միլիոնավոր անձանց համար դարձան սփոփանք, մխիթարանք, նա երգում էր մեզ համար որպես կյանքի ուղեկցի, պատմում կյանքի դժվարությունների մասին:
Առանձնակի ձևով էր խոսում ժամանակի մասին, նրա ստեղծագործությունները միայն տխրություն չէին պատմում, դրանք ներկայացնում էի նաև նրա` գաղթի և աքսորի փորձը: Ասում են, որ աքսորի տարիները կրկնակի են հաշվում, նրա մոտ ֆրանսիացիները շատ արագ նկատեցին դա:
Տարիների ընթացքում Շառլ Ազնավուրի ձայնի հնչերանգը մեզ միավորել է` անկախ մեր տարիքից և սոցիալական աստիճանից: Ազնավուրը միավորեց մեզ և դարձավ Ֆրանսիայի դեմքերից մեկը: Ազնավուրի երգերն առաջին հերթին բանաստեղծություններ են, որոնց բառերը գնում են դեպի մեր սիրտը, այդ բանաստեղծությունների վերնագրերը, և երգերի կրկներգերը դարձել են մեզ համար ժառանգություն:
Հենց այս ձևով է, որ հաստատվում է արվեստագետի հանճարը: Ֆրանսերեն լեզուն է դարձել Ազնավուրի համար այն ակունքը, կապը, որ հյուսել է Ֆրանսիայի հետ: Հայ և հույն գաղթականների որդին, որը կրթություն չստացավ, բնազդաբար հասկացավ, որ Ֆրանսիայում լեզուն պետություն է պետության ներսում: Դերասանի որդին դարձավ փարիզեցի, սկզբում սկսեց հանդես գալ կինոյում, դժվարություններով, երբեմն կարճ երկխոսություններով, սակայն նա երբեք չէր հավակնում դառնալ դերասան:
Այնուհանդերձ, նա նկարահանվեց վաթսուն ֆիլմերում, որոնցում շատերը դարձան գլուխգործոցներ: Նա միշտ եղել է երիտասարդների կողքին, եղել բաց նոր երաժշտությունների, ձայների, գաղափարների հանդեպ: Նա երիտասարդ արվեստագետների համար գրեց մինչև վերջ, շարունակում էր օգնել, աջակցել նրանց՝ այդպիսով սերունդների միջև հաստատելով կամուրջներ: Այդպես էր նա պատկերացնում Ֆրանսիան, որովհետև գիտեր, թե որքան է Ֆրանսիան կապված ամբողջ աշխարհի հետ: Նա երգեց ութ լեզուներով, բայց հանրությանն ամենուրեք ֆրանսերեն լեզվով մատուցեց իր երգերը:
Բոլոր առաքելություններից նա նախընտրում էր հավատարմությունը. հավատարիմ էր ծնողներին, կնոջը, ընտանիքին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին և անծանոթներին, նա հավատարիմ էր նաև Հայաստանին: Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը, նաև այն առատաձեռն զավակը, որ օգնության ձեռք մեկնեց 1988 թվականի երկրաշարժից տուժածներին:
Նրա այդ հանձնառությունն այսօր շարունակում է «Ազնավուր» հինադրամը` ի նպաստ հայերի, Հայաստանի, ֆրանս-հայկական բարեկամության: Չնայած այն ցավին, որ թողեց ցեղասպանությունը` Ազնավուրը շարունակեց իր գործողությունները և ձևավորեց իր պայքարը: Ազնավուրը մշտապես երգել է Հայաստանի, հայ ժողովրդի մասին՝ ցանկանալով պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնց փորձել են լռեցնել:
Հավատարիմ մնալով իր արմատներին` նա մեզ ցույց տվեց իր ֆրանսիական հոգու մեջ օտարազգու փոքրիկ մասնիկը: Նրա շնորհիվ Հայաստանը շատ բան է տվել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպված լքեցին իրենց երկիրը և եկան ապաստան գտնելու մեզ մոտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր իմ մտքում դուք եք:
Հաջորդ շաբաթ Շառլ Ազնավուրը մեզ հետ պետք է լիներ Երևանում` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, և նրա տեղը բացակա կմնա: Թո՛ղ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունն արժանի լինի նրա տված դասերին:
Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ: Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, և մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլևս նա մեզ չի լքի, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»: