Լուսանկարը` ՀԺՇ \ Սպարտակ Ավետիսյան
ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվա առիթով իմ՝ Վազգեն Սիսիլյանիս, հայտարարությունը ըստ էության երեկ՝ օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին «Արմենպրես»-ի կողմից հրապարակված լրատվությամբ խեղաթյուրվել և հետևյալ մեկնաբանությունն է կատարվել, որ․ «ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսիլյանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-ն կատարել է իր առջև դրված առաքելությունը և այժմ այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը չկա»։
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հայտարարություն չեմ կատարել և դա «Արմենպրես»-ի ապատեղեկատվությունն է, որը բազմաթիվ այլ լրատվամիջոցներ ևս նույն վերնագրով և տեքստով տարածել են, հիմք ունենալով «Արմենպրես»-ը։
Իմ հայտարարածը հետևյալն է՝ «ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկների 1975-ից սկսած գործունեության հետևանքով բազմաթիվ միջազգային կառույցներ, պետություններ և ատյաններ որդեգրել են հայանպաստ՝ հայ ժողովրդի իրավունքների ճանաչման, Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ որոշումներ և դա հետևանքն է այդ նվիրյալների գործունեության»։
Հետևաբար, իմ նշած արդյունավետության մասին այլ մեկնաբանություններ կատարելը համարում եմ մամուլին և ընդհանրապես լրատվական գործակալություններին անհարիր գործելաոճ և բոլոր լրատվամիջոցներից և առաջին հերթին «Արմենպրես»-ից պահանջում եմ կատարել շուտափույթ սրբագրում։
Վազգեն Սիսիլյան
8 օգոստոսի 2019 թ.»
zham.ru