ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը Շվեդիայում տեղի ունեցած հակահայկական դեպքերի մասին
Загрузка
X


ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը Շվեդիայում տեղի ունեցած հակահայկական դեպքերի մասին

Арцах / 12.04.2016

Գիտենք, որ Եվրոպական, ասենք՝ շվեդական մամուլում հայության վերաբերյալ հոդված տպելը դժվար է, գրեթե անհնարին կամ հազվադեպ: Բայց պատահում է նաեւ, որ չսպասված տեղից մի շատ սովորական երեւույթ կամ մի սովորական միջոցառման ընթացքում արտահայտած մի քանի «նախադասություն» պատճառ է դառնում, որ ողջ լրատվությունը ողողվի այդ դեպքի բացատրությամբ։ Այդպես եղավ  կիրակի՝ ապրիլի 10-ին: Նախօրեին, մի քանի տասնյակ թուրքերի եւ ադրբեջանցիների Ստոքհոլմի կենտրոնում կազմակերպած հակահայ ցույցի ընթացքում, թուրքական կենտրոնական կազմակերպության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին ցույցի ամբիոնից հնչեցնում է մի շարք սուր եւ կոպիտ ռասիստական հակահայ արտահայտություններ. «Հայ շներին պետք է սպանել, մահ հայերին: Մահ։ Մահ։ Թուրքն արթնանում է... եւ այլն», ինչը չէին սպասում, որ կարող էր ռումբի ազդեցություն ունենալ:

Շվեդական հեռուստատեսությունը անդրադարձ կատարեց՝ ցույց տալով, որ անընդունելի է եւ անթուլատրելի նման մարդատյաց գործունեություն՝ այն էլ Ստոքհոլմի կենտրոնում:

Միջադեպին անդրադարձան նաեւ գրեթե բոլոր «մեծ ու փոքր» լրատվամիջոցները: Պառլամենտի ներկայացուցիչներ հայտարարություններով ու հարցազրույցներով հանդես եկան: Որտեղ մասնավորապես ասվում էր. «Մենք պիտի Շվեդներին, սկանդինավցիներին եւ ողջ Եվրոպային ցույց տանք թուրքի ուժը...»:

Մի շարք կառույցներ արդեն դատական հայտ են ներկայացրել եւ մեղադրանքներ առաջադրել: Թրքական կազմակերպությունը ուժեղ հարվածի տակ է, բոլոր հրատարակություններում նշվում է հայոց ցեղասպանության մասին՝ ցեղասպանության նկարներով հանդերձ, եւ այն, որ թուրքերը կոպիտ թշնամական մոտեցում ունեն բոլոր այն երկրների նկատմամբ, որոնց պառլամենտները ճանաչել են հայոց դեմ կատարված ցեղասպանությունը: Խոսվում է նաեւ, որ հատկապես պետական բյուդջեով գործունեություն ծավալող ոչ մի կազմակերպություն իրավունք չունի ռասիստական պրոպագանդա տարածել, պահանջում են կասեցնել նրանց տրամադրվող նպաստը եւ խստացնել օրենքը:

Ավելացնեմ, որ, նույն օրը քրդական` newrooz.tv հեռուստատեսության պարսկերեն բաժնում  Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի եւ Ղարաբաղի հարցի շուրջ բանավեճի էին հրավիրել ինձ, սքայփով ադրբեջանից մի քաղաքական գործչի եւ Գերմանիայից մի քուրդ լրագրողի: Ծրագրի վերջում իհարկե վերը նշված թուրք-ադրբեջանական ցույցից կտորներ ցուցադրվեց եւ հարցադրում եղավ. «Արդյո՞ք ընդունելի են նման ռասիստական մոտեցումները...»:

 

Կարո Հակոբյան, Շվեդիա