Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) 2018-19թթ համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմամբ: Գլխավոր դերերում հանդես կգան միջազգային մեծ համբավ ունեցող մեր հայրենակիցները՝ Արսեն Սողոմոնյանը (Օթելլո), Հրաչուհի Բասենցը (Դեզդեմոնա): Յագոյի դերերգով հանդես կգա Անտոն Զարաևը (Յագո, Ռուսաստան):
Հուլիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից «Օթելլո» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախմբի կատարմամբ: Օպերան կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Մյուս դերերգերում հանդես կգան Պերճ Քարազյանը (տենոր, Կասիո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո, Էմիլիա), Հայկ Թոնգուրյանը (տենոր, Ռոդերիգո), Հովհաննես Ներսեսյանը (բաս, Լոդովիկո), Աշոտ Ղանթարջյանը (բարիտոն, Մոնտանո):
«Օթելլո» օպերայում հանդիպել են երկու հանճար՝ Շեքսպիրը և Վերդին, ինչի արդյունքն է երաժշտական թանկարժեք այս գանձը՝ գրված Շեքսպիրի համանուն երկի հիման վրա: «Օթելլո» օպերան համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ համարվում է լավագույններից, իսկ Վերդիի ստեղծագործությունների մեջ՝ ամենակատարյալներից: Վերդիի «Օթելլո»-ն Հայաստանում վերջին անգամ հնչել է 19 տարի առաջ՝ ՀԱՖՆ-ի կատարմամբ և Է. Թոփչյանի ղեկավարությամբ: Մեր օպերային թատրոնի բեմում «Օթելլո»-ն ներկայացվել է 1990-ականներին՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ:
Օթելլոն տենորի համար անչափ դրամատիկ և մարտահրավերային դերերգ է: Արսեն Սողոմոնյանը վերջերս է այս դերի կատարմամբ փայլել Բեռլին ֆիլհարմոնիկի հետ՝ լեգենդար դիրիժոր Զուբին Մետայի ղեկավարությամբ և Ստանիսլավսկու և Նեմերովիչ Դանչենկոյի անվան օպերային թատրոնում՝ Անդրեյ Կոնչալովսկու շքեղ բեմադրության մեջ: Հայ հանդիսատեսը առիթ է ունեցել հիանալու Սողոմոնյանի հարուստ ձայնով և անչափ զգացմունքային կատարմամբ՝ անցյալ տարի Կանիոյի դերերգում (Լեոնկավալլո՝ «Պայացներ», դիրիժոր՝ Է. Թոփչյան): Գալիք թատերաշրջանում Սողոմոնյանը հանդես կգա ԱՄՆ-ում՝ Սիեթլի օպերայում՝ Կանիոյի դերերգով, Հռոմի օպերային թատրոնում՝ Կալաաֆի բարդագույն դերով, Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ՝ Օթելլոյով և Լոնդոնի ֆիլհարմոնիկի հետ՝ Վերդիի «Ռեքվիեմ»-ում:
Հրաչուհի Բասենցը նույնպես հաճախ է հանդես գալիս ՀԱՖՆ-ի և մաեստրո Թոփչյանի հետ: Վերջին տարիներին հանդես է եկել Միմիի դերերգով՝ «Բոհեմ» օպերայում, «Ամեն» էպիկական դրամայի մեջ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին նվիրված համերգում: Հուլիսի 29-ին «Օթելլո»-ում կմարմնավորի Դեզդեմոնայի կերպարը: Բասենցը իր երաժշտական և դերասանական վարպետությամբ գրավել է աշխարհի լավագույն բեմերը: Միայն վերջին տարիներին նա Լոնդոնի թագավորական օպերայում (Քովենթ Գարդեն) հանդես է եկել Ադրիանա Լեկուվրերի (դիրիժոր՝ Դանիել Օրեն), Ամելիա Գրիմալդիի (Սիմոն Բոկկանեգրայի դերում՝ Կարլոս Ալվարես) դերերգերով: Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ՝ նույն թատրոնում հանդես է եկել Գալա համերգով: Viener Staatsoper-ում մարմնավորել է Միմիի կերպարը: 2020-ին Բասենցը կվերադառնա Լոնդոնի Թագավորական թատրոն Վիոլետայի դերերգով, Վերդիի «Տրավիատա օպերայում» (դիրիժոր՝ Դանիել Օրեն):
Հուլիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում դուք կարող եք ներկա լինել «Օթելլո»-ի համերգային կատարմանը, որը հավակնում է լինել այս ամառվա կարևորագուն երաժշտական իրադարձությունը:
Հուլիսի 26-ին, ժամը 12:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Օթելլո»-ի գլխավոր փորձի ժամանակ լրագրողները հրավիրվում են ճեպազրույցի՝ մաեստրո Թոփչյանի և արտիստների հետ: Կարելի է նկարահանել նաև փորձից հատվածներ: