Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը, մինչ 2019թ.-ի առաջին համերգը, անգլիական հեղինակավոր Wright Music Management-ի նախաձեռնությամբ, ձայնագրեց Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկական» և Արամ Խաչատրյանի թիվ 2 մեծակտավ սիմֆոնիաները: Ձայնագրությունը կատարվել է հայտնի շվեդական BIS ընկերության հնչունային ռեժիսոր Յենս Բրաունի կողմից: Այս սիմֆոնիաները ՀԱՖՆ-ի կատարմամբ կարող եք ունկնդրել փետրվարի 11-ին և 14-ին ծրագրված համերգներին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի սկիզբը՝ 19:00-ին: Ինչպես ձայնագրությունների ժամանակ, այնպես էլ համերգներին դիրիժորական վահանակի մոտ է ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: Երկու համերգներն էլ կտեսագրվեն իսպանական DAKAPP ընկերության կողմից և խմբագրական աշխատանքներից հետո կցուցադրվեն հանրահայտ Medici երաժշտական հեռուստաալիքով:
Չայկովսկու և Խաչատրյանի վերը նշված սիմֆոնիաների ձայնագրությունը և տեսագրությունը մեծ իրադարձություն են ՀԱՖՆ-ի և ողջ հայկական ու համաշխարհային դասական կատարողական արվեստի համար: Ամբողջ աշխարհում Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի կատարողական վարպետությամբ դատում են նվագախմբի որակի մասին: Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի ձայնագրությունը հայկական և համաշխարհային երաժշտական պատմության համար այնքանով է կարևոր, որ երկար տարիների ընդմիջումից հետո այժմ ունենք այս սիմֆոնիայի որակյալ թվային ձայնագրությունը՝ կատարված Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից: Սա նաև կարևոր առիթ է հանրահռչակելու Արամ Խաչատրյանի երաժշտությունը և Հայաստանի դասական կատարողական արվեստը՝ ի դեմս ՀԱՖՆ-ի: Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան շատ կարևոր տեղ է զբաղեցնում կոմպոզիտորի երաժշտական ժառանգության մեջ: Այն գրվել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին և արտացոլում է այդ բարդ ժամանակաշրջանի մարդկանց խոհերը, ապրումներն ու հաղթանակի հանդեպ հավատը, այն ներծծված է իրական մարդասիրությամբ: Այս ստեղծագործությունը հերոսական և հայրենասիրական ժանրի վառ օրինակ է: Խաչատրյանը նվագախմբի կազմում ընդգրկել է նաև զանգեր, որի շնորհիվ երաժշտական գրականության մեջ այն անվանում են նաև «Ղողանջներով սիմֆոնիա»:
Փետրվարի 11-ին Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայից բացի կհնչեն նաև Չայկովսկու Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար: Համերգի մենակատարն է Անաստասիա Կոբեկինան, ով երիտասարդ սերնդի ամենախոստումնալից թավջութակահարուհիներից է:
Փետրվարի 14 –ին Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայի հետ կարող եք ունկնդրել նաև Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար: Մենակատարներն են ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և թավջութակահարուհի Անաստասիա Կոբեկինան: Անուշ Նիկողոսյանը մերoրյա հայ ջութակահարների ամենավառ ներկայացուցիչներից է: Բազմիցս հանդես է եկել համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի և դիրիժորների հետ: