Պատանի հայ երաժիշտները Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկի ուշադրության կենտրոնում
Հայ պղնձափողային երաժիշտների հանդիպում – համերգ
Փետրվարի 22-ին, ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ՀԱՖՆ-ի տուբահար Արայիկ Ռուբինյանի (Գերմանիա), տրոմբոնահար Խուան Պարդո Խիլի (Իսպանիա) և Երևանի մի շարք երաժշտական դպրոցների ու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների համատեղ հանդիպում-համերգը:
Համերգին կնախորդեն անվճար անհատական և խմբակային դասընթացները, որոնք վարում են ՀԱՖՆ-ի տուբահար Արայիկ Ռուբինյանը և տրոմբոնահար Խուան Պարդո Խիլը:
Դասընթացները կանցնեն փետրվարի 20, 21, 22-ին ժամը 15:00-ից մինչև 19:45-ը, Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճում և փորձասենյակում: Դասավանդման ընթացքն անցնում է ընդմիջումներով և համատեղ ընթրիքով, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին ավելի մոտիկից ծանոթանալ միմյանց, լինել անկաշկանդ շփման մեջ և ուսուցման ընթացքում: Դասընթացներին և համերգին մասնակցում են հետևյալ երաժշտական հաստատությունների 14 սաներ՝ թիվ 13 հատուկ երաժշտական դպրոց, Նուբարաշենի երաժշտական դպրոց, Չայկովսկու ՄՄԵԴ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Մասնակիցների տարիքը՝ 9 – 21 տարեկան:
Երևանի բոլոր երաժշտական դպրոցները և պետական երաժշտական քոլեջները տեղեկացված են վերը նշված միջոցառման մասին, բոլորին տրամադրվել է փետրվարի 22-ի հանդիպում-համերգի անվճար հրավիրատոմսեր: Ցանկացողները, որպես ունկնդիր, կարող են ներկա լինել դասընթացներին. մուտքն ազատ է:
ՀԱՖՆ-ը, ԵրազԱրտ ծրագրի աջակցությամբ, արդեն երկու տարի անընդմեջ անց է կացնում «Ամառային դպրոց» փողային գործիքներ նվագող պատանի երաժիշտների համար: Իսկ «Աշնանային դպրոց»-ը, որը անցնում է ՀԱՖՆ-ի Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, տարբեր դասական երաժշտական գործիքների տիրապետող երաժիշտների համար է:
Այս տարի առաջին անգամ կկայանան վերը նշված դասընթացները պզնձափողայինների համար՝ տուբա, էուֆոնիում և տրոմբոն: Բոլոր դպրոցների դասընթացները վարում են ՀԱՖՆ-ի առաջատար երաժիշտները և ՀԱՖՆ-ի կողմից հրավիրված արտերկրյա մենակատերները: Դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար: