Փետրվարի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ՀԱՖՆ-ի և տաղանդավոր ջութակահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դիաննա Ադամայանի համատեղ համերգը:
Համերգի ծրագրում կհնչեն Պ. Ի.Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան, Բրուխի ջութակի կոնցերտը ևԲրամսի թիվ 2 սիմֆոնիան:
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
ՀԱՖՆ-ը, մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ, հետևողականորեն հանրությանն է ներկայացնում հայ տաղանդավոր պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներին: Վերջիններս, չնայած իրենց երիտասարդ տարիքին, հասցրել են լավագույնս ներկայանալ երաժշտական միջազգային ասպարեզում՝ հնարավորություն տալով մեր երկրին հպարտությամբ կանգնել դասական հարուստ ավանդույթներ ունեցող ռուսական երաժշտական գերտերության և եվրոպական հզոր երկրների կողքին: ՀԱՖՆ-ի հետ պարբերաբար համատեղ համերգներով հանդես են գալիս տաղանդավոր պատանի երաժիշտներ՝ շեփորահար Դանիել Մելքոնյանը, ջութակահարուհիներ Սոֆյա Վարդանյանը և փետրվարի 16-ի համերգի մենակատար Դիանա Ադամյանը:
Դիանա Ադամյանը փետրվարի 16-ին ՀԱՖՆ-ի հետ կնվագի Բրուխի ջութակի կոնցերտը, որն անչափ գեղեցիկ և տեխնիկապես բավականին բարդ ստեղծագործություն է: Այս կոնցերտը պատանի ջութակահարուհին կներկայացնի նաև հեղինակավոր Եհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի երրորդ փուլում: Մեր հայրենակցուհին ընդգրկված է մրցույթի ավագ խմբում, որտեղ ամբողջ աշխարհից ընտրվել են մասնակցելու ընդամենը 21 երիտասարդ երաժիշտներ: Մրցույթը կանցկացվի 2018թ.-ի ապրիլի 12- 22-ը՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Դիանա Ադամյանը ավարտել է Երևանի Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ը՝ ՀՀվաստ. ուսուցիչ, պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանը: Այժմ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող է, սովորում է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի դասարաններում: Բազում հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր է՝ «Վերածնունդ» մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ, 2010թ, Գյումրի), «Շչելկունչիկ» հեռուստատեսային մրցույթ (2-րդ մրցանակ, 2014թ., Մոսկվա), Հ. Բոգդանյան միջազգային մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ, 2014թ., Երևան), Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթ (2-րդմրց. 2015թ., Նովոսիբիրսկ): Հայաստանյան «Նոր անուններ» ծրագրի անդամ է: 2014 և 2015 թթ.-ին երկու անգամ մասնակցել է Կանադայի Օտտավա քաղաքի Երաժշտական ինստիտուտի ամառային վարպետության դասերին՝ Պինկաս Ցուկերմանի ղեկավարությամբ և վերջինիս հրավերով: 2015 թ.-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Լոնդոնի Cadogan համերգասրահում հանդես է եկել Պինկաս Ցուկերմանի և Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: : 2017-ի հունիսին Դիանան «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում, Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի կատարմամբ ելույթ է ունեցել Ռուսաստանի Մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: ԵրազԱրտ հիմնադրամի աջակցությամբ 2016-2017թթ.-ին ամեն ամիս մասնակցել է Լեոնիդաս Կավակոսի վարպետության դասերին: Դիանան ստացել է Լիխտենշտեյնի երաժշտական միջազգային ակադմիայի կրթաթոշակ և տարին երկու անգամ ինտենսիվ կերպով մասնակցել ակադեմիայի երաժշտական շաբաթներին և միջոցառումներին: 2016թ.-ից երեք անգամ մասնակցել է հայտնի պրոֆեսոր Աննա Չումաչենկոյի ուսումնական շաբաթներին: