ARTIST.AM մշակութային կենտրոնը և Anna Pavlova Network (Իտալիա) մշակութային ասոցիացիան ներկայացնում են իրենց մշակութային նախագիծը, որը կոչվում է Inspired by Armenia ( Հայաստանով Ներշնչված):
Այս նախագծի նպատակն է գրավել արտաքին հասարակության ուշադրությունը Հայաստանի ազգային մշակույթի հարստությանը, և նոր կապեր հաստատել Հայաստանի և այլ երկրների գեղարվեստական և գործարարական բնագավառների միջև: Տաղանդավոր և ճանաչված արվեստագետներ , պարուսույցներ, երաժիշտներ, խոհարարներ և այլ մասնագետներ կհրավիրվեն Հայաստան, որպեսզի ձեռք բերեն Հայաստանի մշակույթով, պատմությամբ և բնությամբ ներշնչված յուրօրինակ հայկական փորձ: Այս փորձը կտա նրանց ոգեշնչում ստեղծել Հայաստանին նվիրված արվեստի մնայուն գործեր: Յուրաքանչյուր արվեստագետի յուրաքանչյուր այց կզուգորդվի մշակութային միջոցառումներով, հանդիպումներով, վարպետության դասերով:
Հյուրերի Հայաստան այցից հետո մեր երկրին նվիրված մշակութային միջոցառումներ տեղի կունենան արտասահմանում: Եվրոպական լսարանին Հայաստանի մշակութային հարստությունը ներկայացնելու նպատակով կանցկացվեն միջոցառումներ Հայաստանին բնորոշ արտադրանքի դեգուստացիայով, ազգային սովորույթների և մշակույթի ցուցադրությամբ:
Այս արթ-պրոեկտի շրջանակում սույն թվականի Հոկտեմբերի 23-29ը Երևան կայցելեն իտալացի լուսանկարիչ Ջովաննի Վեկկին / Մոդենա / և պարուսույց Իրմա Կարդանոն / Նեապոլ / :
Հոկտեմբերի 23-ին <<Էօն>> հակասրճարանում տեղի կունենա ստեղծագործական հանդիպում Ջովաննի Վեկկի հետ:/ ժ.19:00-ին /
Հոկտեմբերի 27-ին Ջովաննի Վեկկին վարպետության դասով հանդես կգա Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտում/ 11:00 -ին/ , իսկ 12:30ին նույն ինստիտուտում տեղի կունենա նրա պարային լուսանկարների անհատական ցուցահանդեսը:
Հոկտեմբերի 23-28ը Իրմա Կարդանոն վարպետության դասեր կունենա Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում պարարվեստի բաժնի ուսանողների համար : Բեմադրություն կկատարի Երևանի Պարարվեստի Պետական Քոլեջում նույն ընթացքում: Հոկտեմբերի 28-ին ժամը 17:00-ին քոլեջի բեմում տեղի կունենա քոլեջի ուսանողների ելույթը: