Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Պրեմիերա» փառատոնի երկրորդ համերգը:
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված այս նախագծի հերթական համերգային երեկոյի ընթացքում հնչեցին կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի երեք ստեղծագործությունները՝ «Սասունցիներ» ռապսոդիայի , «Խոստովանություն» սիմֆոնիան և ջութակի ու ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտի կատարումներով: Մենակատարմամբ հանդես եկան Անի Աղաբեկյանն (Գերմանիա) ու Վաչե Հովեյանը (Հայաստան):
Մենակատար Վաչե Հովեյանն իր ելույթից առաջ ողջունելով հանդիսատեսին՝ նշեց, որ կատարումը նվիրվում է սահմանին կանգնած քաջ հայորդիներին:
Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները հնչել են աշխարհի մեծ բեմերում և արժանացել արտերկրի հանդիսատեսի գնահատանքին: Տվերի հանրահայտ ակադեմիական ֆիլհարմոնիայի բեմում հնչել է Վ.Մանուկյանի Կոնցերտը ջութակի, ալտի և լարայինների համար,որից հետո «Ռոսիյսկայա կամերատա» կամերային նվագախմբի և «Ռուսկի պարտես» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Անդրեյ Կրուժկովը հիացած հայ կոմպոզիտորի գործերով, առաջարկել է նրա ստեղծագործություններից «Խոստովանություն» սիմֆոնիան ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, թույլ տալ, որ հնչի նաև Տվերի համերգասրահում: Գրականությունը, երաժշտության հետ միասին համարվում է բարձրագույն արվեստ: Կոմպոզիտորի «Անուրջներ», «Ղողանջներ» երաժշտական ժողովածուները ստեղծվել են Մ. Մեծարենցի, Մ. Զարիֆյանի, Դ.Վարուժանի, Ե.Չարենցի և այլ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա: Իսկ բոլորովին վերջերս հեղինակը ավարտել է «Կատու գիշեր» խմբերգային ստեղծագործությունը,որը ստեղծել է ամուսնու`բանաստեղծ Հովիկ Հովեյանի ստեղծագործությունների հիման վրա:
Մեր այն դիտարկմանը, թե ակնհայտ է, որ այս փառատոները չեն կարող լրջորեն անդրադառնալ երիտասարդ կոմպոզիտորների ֆինանսական աճի վրա և որ շատերին մտահոգում է այսօր այն հարցը, որ շատ երիտասարդ կոմպոզիտորներ, ավարտելով կոնսերվատորիան, մեկնում են Հայաստանից, Վ.Մանուկյանը պատասխանեց, որ խնդիրները միայն այս ոլորտում չեն, իսկ փառատոները, առհասարակ, նման ռեսուրսներ չունեն և չեն կարող ֆինանսական հարցեր լուծել, սակայն նրանք հնարավորություն են ընձեռում, որպեսզի երիտասարդները ինքնադրսևորվեն. «Երիտասարդը լսում է, ընկալում է, վերցնում է, ցանկացած ազդեցություն իրենը թողնում է ստեղծագործողի վրա, որին գումարվում է նաև նրա տաղանդի բաժինը ու վերարտադրում է, ստեղծում է արդեն իր սեփականը», – նշեց նա:
Փառատոնում ընդգրկված են ինչպես երիտասարդ, այնպես էլ արդեն մեծ վաստակ ունեցող և տեղի, և արտերկրի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ծրագրում ներառված են Նուբար Ասլանյանի, Բելա Հովհաննիսյանի, Անահիտ Կոստանյանի, Վահրամ Բաբայանի, Ժիրայր Շահրիմանյանի, Նարինե Զարիֆյանի, Ստեփան Սուքիասյանի, Միխայիլ Կոկժաևի, Վարդ Մանուկյանի,Կոնստանտին Պետրոսյանի, Աշոտ Զոհրաբյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդան Աճեմյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Լևոն Չաուշյանի, Էդվարդ Միրզոյանի, Էմմա Միհրանյանի, Առնո Բաբաջանյանի, Աշոտ Սաթյանի, Աշոտ Բաբայանի, Արեգ Լուսինյանի, Իրինա Խաչատրյանի, Տիգրան Ասլանյանի, Գայանե Կեսոյանի, Գրիգոր Առաքելյանի, Մարտին Վարդազարյանի, Արփինե Կալինինայի, Արեգ Պանյանի, Գագիկ Հովունցի, Աշոտ Ղազարյանի, Արմենուհի Կարապետյանի, Աննա Հակոբջանյանի, Ջեննի Ասատրյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Սոֆյա Միքայելյանի, Էդուարդ Սադոյանի, Աննա Ազիզյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները:
Վ.Մանուկյանի խոսքով փառատոնը նաև կարևոր դեր ունի դասական երաժշտության պրոպագանդման հարցում, ինչպես նաև ճանապարհ է նոր գործերի բացահայտման համար. «Փառատոնը նրա համար է որ հնարավորություն տրվի նոր գործեր ի հայտ գան: Կարծում եմ, որ պետք է տեղաշարժ լինի, նոր հնչողություններ լսվեն, և ի վերջո դու ինքդ լսես քո ստեղծագործությունները»: Վերջում Տիկին Մանուկյանը խաղաղություն մաղթեց հայ ժողովրդին և նշեց, որ հայ ժողովուրդը տաղանդավոր է, պայքարող ու հաղթող,որովհետև այլ կերպ չի էլ կարող լինել. «Սպասում ենք մյուս փառատոներին, նոր գործերի: Հատկապես երիտասարդները թող ակտիվ լինեն: Թող չընկճվեն, պայքարեն, ստեղծեն: Երբ նպատակ ես դնում քո առջև, Աստված ուժ է տալիս այն իրագործելու համար: Երբ նպատակդ բարի է, կհաղթահարես յուրաքանչյուր խոչընդոտ ու արգելք»:
Հեղինակ՝ Սիրանուշ Նազլուխանյան