Հայ ժողովրդի ազգային հերոս զորավար Անդրանիկի հուշարձանը Ուջան գյուղում կառուցվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սա Անդրանիկի առաջին կիսանդրին է Հայաստանում։ Հուշարձանը տեղադրվել է 1967 թ. հունիսի 3-ի գիշերը՝ գաղտնի, որովհետև այդ օրերին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը գտնվում էր Մոսկվայում։ Բացման արարողությանը ներկա էին նաև Անդրանիկի զինակիցները:
ԱՆԴՐԱՆԻԿԻ արձանը Ուջանում, քանդակագործ` Միքայել Ավետիսյան
Պատմում է ուջանցի Սարիբեկ Թովմասյանը, ով արձանի տեղադրման ժամանակ տասներեք տարեկան էր. «Մի գիշերվա մեջ, թաքուն, գյուղի ժողովուրդն Անդրանիկի արձանի տեղադրման վայրի պատը կառուցեց: Շատ լավ հիշում եմ, թե երբ բերեցին, ոնց բերեցին, ինչ մեքենայով բերեցին: Գիշերվա ժամը 1.30-2.00-ի մոտ արձանը բերեցին, տեղադրեցին:
Բոլորս՝ մեծ ու փոքր, օգնում էինք:
Գիշերը թաքուն էին տեղադրում: Պահակներ էին կանգնեցրել, որ չգան խանգարեն: Նույնիսկ 3-4 տարեկան երեխաներն էլ մեր գյուղում գիտեին, որ չեն թողնում, արգելված է: Մեր բոլորի ուղեղում նստած էր, որ դա հակասովետական արարք է: Հետո եկան, որ քանդեն, գյուղացիները չթողեցին: Մի քանի անգամ ոստիկաններ են եկել քանդելու համար, բայց մեր գյուղացիները բահերով, եղաններով դեմ են դուրս եկել: Համարյա տասը տարի միշտ գիշերները պահակ էինք կանգնում արձանի մոտ: Հետո հանգստացան, վարժվեցին երեւի»: