ՏԵՐՅԱՆՆԵՐԸ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ․ Գրիգոր Էմին-Տերյան
Загрузка
X


ՏԵՐՅԱՆՆԵՐԸ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ․ Գրիգոր Էմին-Տերյան

Наследие / Архив / Ежедневник / 17.06.2019

Գևորգ Էմինը, 1950-ականների առաջին կես: Լուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի անձնական արխիվից

Գևորգ Էմինի ամուսնությունը Վահան Տերյանի դստեր՝ Նվարդ Տերյանի հետ բանաստեղծի համար դարձան տրամպլին՝  պարգևելով նրան սեր, բարեկեցություն, պոետիկական ներշնչանք, հանրահայտություն, Ստալինյան մրցանակ: Նույնիսկ  փրկեցին  Էմինի կյանքը՝ զերծ պահելով  ռազմաճակատում զոհվելու վտանգից:

ՆՎԱՐԴ ԵՎ ԱՆԱՀԻՏ  ՏԵՐՅԱՆՆԵՐԸ

Մայրս՝  Նվարդ Տերյանը, Վահան Տերյանի դուստրն  է, նրա միակ երեխան: Նա ծնվել և մեծացել է Մոսկվայում: Նրա մոր՝ Անահիտ Տերյանի տանը հյուրընկալվում էին  գրողներ, երաժիշտներ, նկարիչներ  և կազմակերպվում էին գրական-երաժշտական երեկոներ: Անահիտն ավարտել էր Մոսկվայի Կոնսերվատորիան և իր դաշնամուրային նվագով ծաղկեցնում էր այդ հավաքները : Իսկ Նվարդն ավարտել է Մոսկվայի Իրավաբանական ինստիտուտը, որն այն տարիներին ԽՍՀՄ գլխավոր և լավագույն իրավաբանական բարձրագույն հաստատությունն էր:

Անահիտ Տերյանը դստեր` Նվարդի հետ, Մոսկվա, 1921 թ․: Լուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի անձնական արխիվից

Երբ գերմանական ֆաշիստների զորքերը մոտեցել են Մոսկվային, այդ բուհը էվակուացվել է Ալմա-Աթա, որտեղ էլ 1942-ին մայրս ավարտել էր այն, բայց  Մոսկվա չէր վերադարձել, այլ իր մոր՝ Անահիտ Տերյանի խորհրդով  եկել էր Երևան: Այստեղ նրան նշանակել էին Իրավաբանական դպրոցի տնօրեն: Նա նաև դիմել էր Պետհրատ, պահանջելով վերականգնել  իր հոր՝ Վահան Տերյանի ստեղծագործությունների տպագրությունների հանդեպ ունեցած իր հեղինակային իրավունքը: Բանն այն է, որ Տերյանի դասընկեր և ընկեր Պողոս Մակինցյանը, որն առաջին տերյանագետն էր, թաքցրել էր այն փաստը, որ Վահան Տերյանն ունի ժառանգ: Եվ նրա հրատարակած Տերյանի ստեղծագործությունների քառահատորյակի հոնորարը, ինչպես մայրս էր ասում, հայտնի չէ, թե ով էր ստացել:

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ՍԻՐՈ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ ՆՎԱՐԴ ԵՎ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆՆԵՐԻՆ

Հենց Պետհրատում էլ Նվարդին տեսել է իմ հորաքույր Հեղինե Մուրադյանը, որը Վահան Տերյանի պոեզիայի սիրահար էր, ծանոթացել է նրա հետ և հյուր կանչել: Նրա տանն էլ ծանոթացել են Նվարդ Տերյանը և Հեղինեի եղբայրը,  այն ժամանակ ինժեներ և սկսնակ բանաստեղծ Կառլեն Մուրադյանը, որի գրական ծածկանունը՝  Գևորգ Էմին, հետագայում դարձավ նրա անուն-ազգանունը: Հորաքույրս պատմում էր, որ շուտով նկատել է, որ Նվարդն ու Գևորգը կլանված զրույցի են բռնվել…  Այդպես է ծագել նրանց սերը, որի մասին «Նվարդին» բանաստեղծության մեջ Էմինն այսպես է արտահայտվել.

«Թո՛ղ, Տերյա՛ն Նվարդ, ու հավատա՛,

Բարձր է գրքերից համբույրը քո,

Դու մոռացե՞լ ես, թե ով ասաց

–Ափսոս չէ՞, Մարգո՛, այս երեկոն»:

Իսկ  «Վահան Տերյանին» բանաստեղծության մեջ դիմելով  աներոջը՝  իր երախտագիտությունն այսպես է արտահայտել․

«Ի՜նչ իմանայի ես այն ժամանակ,

Որ սերն ինձ մի օր ձեր տու՛ն կտաներ,

Եվ դու սիրե՜րգը քո ամենալավ,

Գևորգ Էմինիս համար ես պահել»:

Նվարդ Տերյանը, 1950-ականների առաջին կես: Լուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի անձնական արխիվից

Հեղինե հորաքույրս ապրում էր Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բարվոք բնակարանում, որովհետև նրա ամուսինը  «Կաուչուկի» գործարանի հիմնադիրներից և ղեկավարներից  էր՝ Հայկ Շավոյանը: Իսկ հայրս, նրա եղբայր Վարդգեսը և նրանց ծնողները  բնակվում էին Կոնդում գտնվող հողե հատակ ունեցող մի հյուղակում, որտեղ, ինչպես մայրս էր պատմում, ձմռանը դույլի մեջ գտնվող ջուրն առավոտյան սառչում էր: Նրանք շատ աղքատ էին: Ահա այսպիսի տուն է հարս գնացել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարաններում  ծնված-մեծացած Վահան Տերյանի անձնվեր դուստրը, որն այնքան հայկական ավանդական հարս է դարձել, որ, ինչպես ինքն էր պատմում,  նույնիսկ լվացել է սկեսրայրի՝  Գրիգոր պապիս ոտքերը…

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ ՓՐԿՈՒՄ Է ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՓԵՍԱՅԻՆ՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԶՈՀՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՑ

1942-ին հորս կանչել են բանակային կարճատև կուրսերի, որոնց շրջանավարտներին շնորհել են լեյտենանտի կոչում և ուղարկել  ռազմաճակատ, որն այն օրերին Սուխումի մերձակայքում էր: Հորս հաջողվում է խուսափել ռազմաճակատ գնալուց և այդ հարցում նրան օգնում է Վահան Տերյանի ընկեր Ավետիք Իսահակյանը: Որպեսզի Տերյանի նորապսակ դուստրը չդառնա այրի, Վարպետն  անձամբ ներկայանում է ռազմական հոսպիտալ, որն այն օրերին գտնվում էր երկաթուղային կայարանի մոտ, և բարեխոսում է հոսպիտալի գլխավոր բժշկին: Վահան Տերյանի փեսային՝ շնորհալի, սկսնակ բանաստեղծ Գևորգ Էմինին, ազատում են բանակից՝ 12-մատնյա աղիքի խոց ախտորոշմամբ:

Ավետիք Իսահակյանը, Գևորգ էմինը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Սիլվա Կապուտիկյանը, Կոստան Զարյանը, Գուրգեն Բարոյանը և Նաիռի Զարյանը: 1950-ականների կես: Լուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի անձնական արխիվից 

ՏԵՐՅԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԴՍՏԵՐԸ ՏՐՎԱԾ ՍԵՆՅԱԿՆ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Շուտով Տերյանի դստերը հաջողվում է վերականգնել  հոր՝ Վահան Տերյանի գրական ժառանգության հանդեպ ունեցած իր իրավունքը, որն այն ժամանակ տրվում էր 15 տարի ժամկետով, և նա սկսում է ստանալ Պետհրատի հրատարակած գրքերի հոնորարները: Մասնավորապես, 1940-ին տպագրված Վահան Տերյանի «Լիակատար ժողովածուի» հոնորարը, որի խմբագիրն Ավետիք Իսահակյանն է: Այդ գումարների մի մասը նա տրամադրել է ամուսնուն, նաև նրա ազգականներին: Մասնավորապես, կատարվել է Վարդգես հորեղբորս երազանքը՝ կյանքում առաջին անգամ նա ունեցել է կոստյում, ինչն այն օրերին շքեղություն էր:

Վահան Տերյանի դստերը  տրամադրում են նաև սենյակ՝ Տերյան փողոցի վրա գտնվող «Զոովետ» ինստիտուտի հանրակացարանում, որտեղ նա սկսում է բնակվել ամուսնու հետ: 1943-ին   այնտեղ է ծնվում իմ ավագ եղբայր Վահանը: Այդ սենյակում են նրանք պահում՝ մեծացնում որբանոցից վերցրած և իրենց կողմից որդեգրված  Չարենցի դստերը՝ Արփենիկին, որն ամբողջ կյանքում մորս անվանում էր  «մամա»  և իր կյանքի դժվարին պահերին՝ երկու որդիների ձեռքը բռնած գալիս էր Նվարդի մոտ, որ օգնի իրենց…

Գևորգ Էմինը և Նվարդ Տերյանը իրենց որդու՝ Վահանի հետ, 1940-ականների երկրորդ կես: Lուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի անձնական արխիվից

Մայրս նույնիսկ չի երկյուղել և դիմել է ԽՍՀՄ գլխավոր դատախազին՝ խնդրելով ազատ արձակել «ժողովրդի թշնամի» հռչակված Եղիշե Չարենցի կնոջը՝ Իզաբելային: Բայց, ինչպես ինքն էր պատմում, պատասխան է ստացել, որ վերջինս աքսորավայրում ամուսնացել է և ունի հինգ երեխա...

1947-ին մորս հատկացնում են առանձին բնակարան՝ Ստալինի (Մաշտոցի) պողոտայում: Դա մեծ շքեղություն էր, քանի որ այն օրերին համարյա բոլորն ապրում էին կոմունալ՝ այսինքն,  այլ հարևաններ ունեցող բնակարաններում: Իսկ այդ շենքը՝ պատերազմից հետո Երևանում կառուցված առաջին շենքն էր և բնակեցված էր ԽՄԿԿ Կոմկուսի և Կառավարության   պաշտոնյաներով, դասախոսներով, օպերային երգիչներով…

ՆՎԱՐԴ ՏԵՐՅԱՆԸ՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ, ՀԱՆՐԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, ՍՏԱԼԻՆՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԱԾ ՄՈՒՍԱ

Այդ տարիներին գրված բանաստեղծությունները հայրս ամփոփել է «Նորք» և «Նոր ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուներում:  1949-ին գրված «Նոր ճանապարհ» գրքի համար 1951-ին նա արժանացել է Ստալինյան (հետագայում վերանվանվեց՝ Պետական) մրցանակի , իսկ  «Նորք» բանաստեղծությունների ժողովածուն  նրան դարձրեց  հանրահայտ:  Պատմեմ «Նորքի»  իրական պատմությունը:

Նվարդ Տերյանը և նրա հոր կիսանդրին, 1960-ականների առաջին կես: Lուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի անձնական արխիվից

1946-ին հրատարակված այդ գրքում ամփոփված են Գևորգ Էմինին հռչակ պարգևած բազմաթիվ բանաստեղծություններ՝  «Երգ երգոց», «Երգ կռունկի մասին», «Հայ պանդուխտի երգը» և այլն: Նաև բանաստեղծություններ, որոնք  դարձան   երգեր՝ «Գազել Երևանին» (Հայկ Մանարյան), «Մահվան տեսիլ (հետագա հրատարակչություններում այդ բանաստեղծությունը վերանվանվեց  «Նախազգացում»)»  (Արթուր Մեսչյան)...  Այդ գիրքը, սակայն, ժամանակավրեպ էր ստալինյան ժամանակների համար, քանի որ  ժողովածուի մեջ ամփոփված բանաստեղծությունները գրված են տերյանական ոճով և չունեն պրոպագանդիստական բովանդակություն: Ավելին, բազմաթիվ են հայրենասիրական բանաստեղծությունները, մասնավորապես, «Երգ երգոցը»՝  «Ես հա՛յ եմ, հին՝ ինչպես լյա՜ռն այս Արարատյան… », որոնք այն տարիներին և հետագայում էլ Սովետական Միությունում գնահատվում էին որպես նացիոնալիստական: Չկա նույնիսկ բանաստեղծություն՝ նվիրված ժողովուրդների հայր Ստալինին, ինչն այն ժամանակ պարտադիր էր, և դրա բացակայությունը որպես մեծ հանդգնություն էր գնահատվում: Եվ զարմանալի չէր, որ հայաստանյան թերթերը գրեթե միաժամանակ քննադատեցին այդ ժողովածուն:  Մայրս, Նվարդ Տերյանը, պատմում էր, որ վախեցած վազել եկել և ասել է «Ժորժիկ, — այդպես էր նա այն օրերին  կոչում հորս, — քեզ բոլոր թերթերը քննադատել են»: Ինչին ի պատասխան հայրս, որը մերօրյա խոսքով ասած շատ «դուխով», նաև, հանդուգն մարդ էր, պատասխանել է. «Մի վախենա, դա ինձ կբերի հանրահայտություն: Այսօրվանից ես հայտնի բանաստեղծ եմ դարձել»: Եվ իրոք, հենց նույն օրերին «Նորք» ժողովածուի բոլոր օրինակները վաճառվել  են…

Գևորգ Էմինի բանաստեղծությունների այդ ժողովածուն, որը  նրա լավագույն գրքերից է, ոչ միայն տերյանական ոգով էր գրված, այլև  նվիրված էր Նվարդ Տերյանին: Բացի այդ,  երկու բանաստեղծություն՝  նույնպես  նվիրված են նրան:  Իսկ  «Տերյանի մահը» պոեմը նվիրված է Նվարդ Տերյանին և նրա մորը՝ Անահիտ Տերյանին…

Գևորգ Էմինն իր մայրիկի՝ Արուսյակ Մուրադյանի հետ, 1955 թ․: Lուսանկարը՝ Անդրանիկ Քոչարի

ԱՆԱՀԻՏ  ՏԵՐՅԱՆԻ  ԴԵՐԸ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ

Իր բանաստեղծական վարպետությունը հայրս  1949-50 թվականներին կատարելագործել է Մոսկվայում՝ այնտեղի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում: Ուսման տարիներին ապրել է տատիկիս՝ Անահիտ Տերյանի տանը, որտեղ ինչպես նշեցի, Մոսկվայի գրական-գեղարվեստական էլիտայի հավաքատեղին էր: Այնտեղ էլ նա ծանոթացել  է Վերա Զվյագինցևայի, իր բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունների ապագա մյուս հիանալի թարգմանիչների հետ, որոնց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է նաև դարձել  հանրահայտ՝  ռուսալեզու ընթերցողի համար: Այդտեղ ձեռք բերված կապերի և ռուսալեզուների շրջանում ստացած հանրահայտության շնորհիվ է նաև 1951-ին նա արժանացել  Ստալինյան մրցանակի: Այդ ամենը նպաստել է, որ 1951-54 թվականներին նա դառնա սովետական գլխավոր գրական թերթի՝ «Литературная газета»-ի հայաստանյան թղթակիցը: Հայաստանի մասին այդ թերթում տպագրված հոդվածաշարը  դարձել է Գևորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» հանրահայտ  գրքի հիմքը:

ԱՊԱՀԱՐԶԱՆԸ

Ցավոք սրտի, տատիկս՝ Անահիտ Տերյանը, 1951-ի աշնանը  մահացել է, ինչից  հետո, քիչ ժամանակ անց, ծնողներս բաժանվել են: Բանն այն է, որ թե՜ մայրս՝ Նվարդ Տերյանը, թե՜ հայրս՝ Գևորգ Էմինը, չափազանց վառ անհատականություններ էին, ինչի մասին կվկայեն բոլոր նրանք, ովքեր ճանաչել են նրանց: Այդ պատճառով էլ նրանց  համար դժվար էր ապրել մեկ տանիքի տակ: Դժբախտաբար, նրանց ամուսնալուծությունը կատարվել է ամենևին ոչ խաղաղ ու արժանապատիվ, այլ՝ տգեղ ձևով, ինչպես որ այն տարիներին հաճախ է տեղի ունեցել...

Նվարդը որդիների հետ, 1950-ականների առաջին կես: Լուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի անձնական արխիվից

Բարեբախտաբար, ես տարիքով փոքր էի և իմ հիշողության մեջ չեն տպավորվել այդ տգեղ պատկերները: Դրանց մասին ինձ հետագայում պատմել է եղբայրս՝ Վահանը: Նաև, հայտնի գրականագետ Ռաֆայել Իշխանյանը, որը ցավով էր հիշում ու չէր կարողանում մոռանալ, թե ինչպես և ինչ հանգամանքներում է առաջին անգամ տեսել իր պաշտելի բանաստեղծ Վահան Տերյանի դստերը՝ Նվարդին: Դա եղել է Երևանի կենտրոնում գտնվող դատարանի շենքում: Իշխանյանի պատմելով, նա այնտեղ տեսել է մի ուշաթափված կնոջ և նրա 2 շփոթված ու լացող փոքրահասակ որդիներին: Ներկաները բացատրել են, որ դա Վահան Տերյանի դուստրն է՝ ապահարզանի դատից հետո: Այդ դատավարության արդյունքում, սուտ վկայություններով վարկաբեկված կնոջը զրկել են նույնիսկ ալիմենտ ստանալու իրավունքից… Հետևանքն այն էր եղել, որ մորս մոտ առաջացել էր տուբերկուլոզ, և նա նույնիսկ ստացել էր հաշմանդամության կարգ...

Գևորգ Էմինը և Գրիգոր Էմին-Տերյանը, 1997թ․: Լուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի անձնական արխիվից

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԸ՝ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՓԵՍԱՑՈՒ

Ստալինյան մրցանակի դափնեկիր Գևորգ Էմինը բաժանվելուց հետո սկզբից ստացավ երկու սենյակ՝ Ստալինի  (Մաշտոցի) պողոտայի «ձկան խանութի» շենքում գտնվող երեք սենյականոց կոմունալ բնակարանում, իսկ մի քանի տարի անց՝ նույնպիսի մի բնակարան «Կոմպոզիտորների միության» էլիտար շենքում: Շուտով, երրորդ սենյակն էլ տրամադրվեց նրա ընտանիքին՝ ծնողներին և երկու որդիներին: Քանի որ հայրս բավական գեղեցկադեմ, նաև չափազանց սրամիտ ու հմայիչ տղամարդ էր, հայտնի և սիրված բանաստեղծ, նա դարձավ Երևանի, նաև Մոսկվայի ամենացանկալի փեսացուներից մեկը: Նրա բազմաթիվ սիրուհիների մեջ կային թե հանրահայտ կանայք, թե հայտնի գեղեցկուհիներ, թե լավ տնային տնտեսուհիներ… Բայց նա 8 թե 9 տարի չամուսնացավ: Կարծում եմ այն պատճառով, որ չէր ցանկանում ամուսնանալ ֆինանսական և այլ մեծ պահանջներ, կամ վառ անհատականություն ունեցող կանանց հետ:

Գրիգոր Էմին-Տերյան, Երևան, 2019 թ․ 

ZHAM magazine | www.zham.ru