Լուսանկարը՝ «ժամ» ամսագրի արխիվ
Վահան Տերյանն իր ողջ կյանքում ոչ տուն է ունեցել, ոչ կահույք եւ միշտ ունեցել է դրամական միջոցների կարիք: Նրանից մեզ ժառանգություն են մնացել միայն նրա ձեռագրերը: Նա ուրիշ ունեցվածք չի ունեցել՝ միայն իրեն պատկանող գրքերը, որոնք, ինչպես ինքն է նշել, գնել է մեծագույն զոհողությունների գնով: Այն տարիներին, երբ նա ստեղծագործում էր, հայ խմբագիրներն ու հրատարակիչները, նաեւ մեր հասարակության մի մասը համարում էր, որ բանաստեղծությունների համար հոնորար ստանալը մոտավորապես նույնն է, թե քո մարմինը եւ հոգին վաճառես: Իսկ Տերյանը տխուր հակաճառել է՝ ասելով, որ հայ գրականությունն է իր մասնագիտությունը, դրան է ինքը նվիրել իր ողջ կյանքը:
Շատ ցայտուն է նրա կյանքի հետեւյալ դրվագը: Վահան Տերյանը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսը: Թարգմանությունը հանճարեղ է արված՝ այդ մասին են վկայում ֆրանսերենի մեր հայ մասնագետները: Տերյանը գրում է, որ շատ է չարչարվել այդ թարգմանությունն անելիս, շատ դժվար է եղել: Սակայն այդ պիեսը պոետի կյանքի օրոք չի հրատարակվել, Տերյանի մահից հետո է միայն հրատարակվել, որովհետեւ... հրատարակիչներն այնքան չնչին հոնորար են առաջարկել, որ բանաստեղծը հրաժարվել է տպագրել իր թարգմանությունը: Դեռ լավ է, որ այն չի կորել հեղափոխության ու քաղաքացիական պատերազմի կրակներում, եւ մեր ժողովուրդը չի կորցրել այդ արժեքավոր գործը:
Մինչդեռ Վահան Տերյանն ունեցել է ոչ միայն բարեկեցիկ կյանքով ապրելու, այլեւ միլիոնատեր դառնալու հնարավորություն:
Խոսենք օրինակներով:
Մաքսիմ Գորկին Տերյանին առաջարկել է ստեղծագործել ոչ թե հայերենով, այլ ռուսերենով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գորկին, որպես խմբագիր, սկսել է աշխատել Տերյանի հետ «Հայ գրականության ժողովածուի» վրա եւ համոզվել է, թե որքան կատարյալ է պոետը տիրապետում ռուսերենին: Եթե Վահան Տերյանը ոչ թե հայերեն, այլ ռուսերեն գրեր, ինչպես որ Վիլյամ Սարոյանն է անգլերեն եւ ոչ թե հայերեն գրել, նա ոչ միայն մեծ հոնորարներ կսկսեր ստանալ, այլեւ այսօր շատ ավելի հանրահայտ կլիներ աշխարհում: Չէ՞ որ հայերենի համեմատ՝ ռուսերենից այլ լեզուներ թարգմանողների եւ թարգմանությունների թիվն անհամեմատ մեծ է: Բայց Տերյանը հրաժարվել է, այդ առիթով գրելով. «Չեմ դավաճանի իմ Նվարդին, Որքան էլ դյութես, օ՜, Շամիրամ…»:
Մինչդեռ գոնե ռուսախոս աշխարհը դրանով կորցրել է Տերյանին, որովհետեւ նրան թեկուզ ռուսերեն թարգմանել այնպես, որ նրա բանաստեղծությունների հմայքն ու կախարդանքը չկորչի… երեւի թե դա միայն ինքը կկարողանար անել:
Տերյանը կարող էր նաեւ վարվել այնպես, ինչպես այն օրերին վարվում էին մեր մյուս մեծերը, եւ ապրել բարեկեցիկ կյանքով: Դրա համար անհրաժեշտ էր ունենալ հովանավորներ կամ էլ ամուսնանալ որեւէ հարուստի աղջկա հետ: Այցելեք մեր մեծերի տուն-թանգարանները եւ կհամոզվեք, որ նրանք ամենեւին էլ աղքատ չեն եղել: Թե՛ տուն են ունեցել, թե՛ կահույք, թե՛ այլ ունեցվածք: Բայց Տերյանը չափից դուրս սկզբունքային, չափից դուրս համեստ, չափից դուրս ճշտախոս, չափից դուրս հայրենասեր եւ չափից դուրս հպարտ մարդ էր:
Վերջապես, Վահան Տերյանն ընդհանրապես կարող էր դառնալ միլիոնատեր, երբ ստանձնեց Ռուսաստանի հայության ղեկավարի՝ Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարի պաշտոնը: Մասնավորապես, նրան էր վստահվել 6 միլիոն ռուբլի գումար՝ Հյուսիսային Կովկասում հայտնված հայ գաղթականներին օգնելու համար, որը նա պահում էր իր պորտֆելում եւ տնօրինում էր ըստ իր հայեցողության: Լենինի դեկրետով, նրա ղեկավարած կոմիսարիատին էին հանձնված նաեւ Ռուսաստանում գտնվող բոլոր հայկական կազմակերպությունների շենք-շինություններն ու նրանց ունեցվածքը, այդ թվում՝ նաեւ Մոսկվայի հայկական եկեղեցում պահվող Սբ. Էջմիածնի գանձերը: Նա իրավասու էր բանտերից ազատել հայ բանտարկյալների, փաստաթղթեր տալ, լուծել կեցության հարցեր:
Եթե այսօրվա մեր իրականության չափանիշներով դիտարկենք, Վահան Տերյանը միլիոնատեր դառնալու բոլոր հնարավորություններն ուներ: Բայց նա գերադասեց 6 միլիոն ռուբլին եւ 2 վագոն ապրանքը տրամադրել հայ գաղթականներին՝ մերժելով մեկ ռուբլի անգամ տալ հյուսիսկովկասյան կոմունիստներին: Գերադասեց պահպանել եւ փրկել Էջմիածնի հարստությունները, որ դրանք վերադարձվեն տիրոջը:
Գերադասեց փաստաթղթեր տրամադրել ոչ թե կաշառքի դիմաց, այլ հայ շնորհալի երիտասարդ արվեստագետներին, մասնավորապես, քանդակագործ Երվանդ Քոչարին եւ ճարտարապետ Կարո Հալաբյանին:
Գերադասեց բանտերից ազատել դաշնակցական հայտնի առաջնորդներին, այլ ոչ թե հանցագործներին՝ կաշառքի դիմաց: Գերադասեց ոչ թե քծնել ու սեղաններ կիսել իր անմիջական ղեկավար Ստալինի եւ կոմունիստական մյուս առաջնորդների հետ, այլ հանդգնեց հայտնել իր անհամաձայնությունը նրանց հակահայկական ծրագրերի վերաբերյալ ու պաշտպանել հայության եւ Հայաստանի շահերը: Եվ դրանով իսկ նա ստորագրեց իր մահվան դատավճիռը: Ինչից հետո հայ ժողովրդի շահն իր անձնական շահին գերադասած Վահան Տերյանի Անահիտ կինն ու այդքան երկար սպասված ու երազած նրա նորածին միակ զավակը՝ Նվարդը, հայտնվեցին աղքատ ու անելանելի վիճակում: Եվ կործանումից փրկվեցին Անահիտի զոհողության շնորհիվ միայն:
Բա այդպիսի մարդն արժանի՞ է մեր այսօրվա* ղեկավարության հարգանքին: Վախենամ, որ մերօրյա հայաստանցիներից ոմանք նույնպես տեղեկանալով այս ամենի մասին, Տերյանին կհամարեն «հարիֆ» եւ ծաղրի առարկա կդարձնեն նրան…
Մինչդեռ Վահան Տերյանը կարծում էր, թե. «Չունի եւ պարսից արքան, որքան պոետն անտուն …»: Իսկապես որ «հարիֆ»՝ այսօրվա մեր իրականության աչքերով:
Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ, Երեւան, 2017 թ․
*Հոդվածը գրվել է 2017-ին, հեղինակը խոսում է Սերժ Սարգսյանի ղեկավարության ժամանակների մասին: