Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
Загрузка
X


Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր

Ежедневник / 03.07.2018

 

Ինչպես հաղորդում է «Արաքս» շաբաթաթերթը, երեկ Թեհրանի հանրահայտ օրաթերթերից՝ «Էթեմադ»-ը, հետաքրքիր մի հարցազրույց է ունեցել իրանահայ թարգմանիչ, ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասան՝ Անդրանիկ Խեչումյանի հետ, որն կարևոր է իր բովանդակությամբ որպես հայ-իրանական բարեկամության փաստաթուղթ:

«Թեև երկու ժողովուրդների բարեկումթյունը շատ խոր արմատներ ունի, բայցև, դժբախտաբար, քիչ է այն արտացոլված գրականության մեջ և այդ աշխատանքը իրականացնելը մեր պարտքն է» զրույցում ասել է պարոն Խեչումյանը և հավելել, որ «Արվեստն ու գրականությունն են կարող փրկել աշխարհը»:

Ակնարկելով հայ գրականության երևելիների անունները, Խեչումյանը նշում է, որ «Խորհրդային ժամանաշրջանում հայ գրականությունը մեծ վերեք է ապրել և ընդամենը երեք միլիոնանոց երկրում արժանի գրքերի տպաքանակը 50-70 հազարի է հասել»:

Խեչումյանը իր զրույցում հիշատակել է նաև նրանց անունները, ովքեր ցայժմ որոշակի ներդրում են ունեցել հայ-իրանական գրականությունը երկուստեք ծանոթացնելու գործում, ի մասնավորի հիշատակելով՝ Ահմադ Նուրիզադեի, Ազատ Մաթյանի, Էդվարդ Հախվերդյանի, Գևորգ Ասատրյանի և այլոց անունները:

Խեչումյանը հատուկ շնորհակալություն է հայտնում նաև նրանց ովքեր խորհուրդներով և գործունեությամբ զորակցել են իրեն, այդ շարքում հիշելով Անդրանիկ Սիմոնյանի և «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանի անունները ։

Հիշատակենք, որ Անդրանիկ Խեչումյանը ցայժմ հայերենից պարսկերենի է թարգմանել ու հրատարակության հանձնել 36 պիես, 13 վեպ և երկու երկեր, որոնք միատեղվել են 35 անուն գրքում, ընդորում՝ երեքը Երվանդ Օտյանից՝ «Ընկեր Փանջունի»-ն, «Թաղականին կնիկը» և «Անիծյալ Տարիներ»-ը, Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Աշոտ Աղաբաբյանի «Մենակը», Աբիգ Ավագյանի «Հարավային տենդ»-ը, Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», պատմվածքներ Գուրգեն Խանջյանից, երկեր՝ Էդվարդ Միլիտոնյանից և Լիբարիտ Սարգսյանից ու նաև մի շարք պիեսներ, վեպեր և պատմվածքներ, որոցից մի քանիսը, պարսիկ ընթեցողի կողմից ընդառաջվելու հետևանքով, երկրորդ և երրորդ տպագրության են արժանացել:

Խեչումյանը թարգմանություններ է կատարել նաև պարսկերենից հայերենի՝ Աբբաս Ջահանգիրիանից «Համունը և Ծովը» պատմավածքը և հինգ պիես Բահրամ Բեյզայիից, Էսմայիլ Շաֆիյիից, Ռահմաթ Ամինիից և ուրիշներից: