«Հովհ. Թումանյանի տան» Թբիլիսյան խճանկարը
Загрузка
X


«Հովհ. Թումանյանի տան» Թբիլիսյան խճանկարը

События / 05.11.2017

2017 թվականի նոյեմբերի 3-ին, ոչ միայն բազմամարդ, այլև բազմաբղետ էր Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը: Ուրախալի է, որ հանրության զգալի մասը երիտասարդներ էին, մեծավ մասամբ հայեր և վրացիներ: Երկու ազգի երիտասարդ ստեղծագործողները կենտրոնի դահլիճում և տանհիասքանչ պատշգամբում ցուցադրելով իրենց դինամիկ ու խոսուն կտավները, ստեղծել էին միջոցառման խորագրին հարիր թբիլիսյան խճանկար:

Երեկոն համատեղ կազմակերպել էին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնը և Վրաստանի գրողների ստեղծագործական միությունը: Այն նվիրված էր վրաց դասական, սիրված բանաստեղծ Նիկոլոզ Բարաթաշվիլիի ծննդյան 200-ամյակին:

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Արթուր Սարգսյանը, Արտակ Գրաբսկին, Էլինա Մկրտչյանը: Ներկա էին հայ և վրաց գրականության, արվեստի, մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

Ողջույնի խոսքով միջոցառումը բացեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Արձանագրելով «Հովհաննես Թումանյան տուն» կենտրոնի հայ-վրացական բարեկամության զարգացմանը նպատակամղված գործունեության ուղենիշը, նա խոսեց միջոցառման նպատակի՝ վրաց դասականի հոբելյանի մեծարումը թբիլիլիսյան ոգով գեղանկարչության և գեղարվեստական խոսքի միջոցով՝ հայ և վրացի երիտասարդ ստեղծագործողների գործերի համատեղմամբ:

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ողջունելով ներկաներին, փոխանցեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և ներկաներին ուղղված բարեմաղթանքը, կարևորեց տարբեր ազգի ժողովուրդների միմյանց նկատմամբ ավանդաբար հաստատված հարգանքն ու սերը, որը պետք է փոխանցվի սերունդներին, դառնա նրանց կյանքի ուղեկիցը:

Վրաստանի «Ոսկե ֆոնդ» հիմնադրամի նախագահ, ճանաչված գրող-թարգմանիչ Մաղվալա Գոնաշվիլին վեր հանեց հին Թիֆլիսին բնորոշ ժողովուրդների 4միջև այնպիսի հարաբերությունները, որտեղ չի եղել ազգային խտրականություն, հավատքի ճնշում, ավանդույթների ծաղրանք: Վրացի երեխան մեծացել է փոքրիկ Գիքորի նկատմամբ տածած սիրով, հայ երիտասարդը ոգևորվել է «Մերանիի» անվախ սլացքով: Այդպիսի գաղափարների ջատագովներ են եղել Նիկոլոզ Բարաթաշվիլին, Հովհաննես Թումանյանը և ուրիշներ, կարևորեց իր խոսքում տիկին Գոնաշվիլին:

Տոնական միջոցառումն ընդհանուր առմամբ և հայ-վրացական դարավոր բարեկամությունն ի մասնավորի իրենց ելույթներում արժևորեցին Վրաստանի մշակույթի նախկին նախարար Գուրամ Օդիշարիան, Վրաստանի գրողների միության նորընտիր նախագահ Գուրամ Ցերցվաձեն, «Ցիսկարի» ամսագրի խմբագիր, գրող Բաղաթեր Արաբուլին, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, «Վրաստան» թերթի խմբագիր 5Վան Բայբուրթյանը և ուրիշներ: Թերևս քննադատական խոսքեր ուղղվեցին վրացական լրատվամիջոցներին,ովքեր հետաքրքրություն չեն դրսևորում նման միջոցառումների լուսաբանման նկատմամբ: Բանախոսների ելույթներում միանշանակ կարևորվեց հայ-վրացական գրական և մշակութային կապերը արդիականացնելու, հուշագրերով ամրագրելու, համատեղ միջոցառումները, հանդիպումները շարունակական և հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը:

6Երիտասարդ նկարիչ Իվանե Կեզուան Գիվի Շահնազարին նվիրեց իր աշխատանքը բանաստեղծ-թարգմանչի դիմանկարով: Իսկ Հունաստանում գործող վրաց նկարիչ Էլգուջա Մաղուլարիան արժանացավ «Մշակույթի դեսպան» պատվոգրին:

Իրենց ստեղծագործությունների ընթերցմամբ ներկաներին ողջունեցին երիտասարդ բանաստեղծներ Քեթևան Նաթելաձեն, Մոնիկա Քուրքչյանը և Նիկա Քվրիվիշվիլին:

Միջոցառումը իսկական վերադարձ էր Թումանյանի տանը հատուկ հայ-վրացական բարեկամության ոգուն, սիրով ու ջերմությամբ լեցուն գեղեցիկ երեկոներին: