Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված երեկոյին ունեցած ելույթում Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խորհրդանշական անվանեց այն, որ « Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը» նոյեմբերի 15-ին մեկնարկելու են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի աշխատանքների մեծ ցուցադրանքի բացումով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում հրավիրված հոբելյանական երեկոյին երեկ ներկա էին նաև իրենց հավաքածուներում Սարյանի գործերից ունեցող օտարերկրյա թանգարանների ներկայացուցիչներ։
Տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը տեղեկացրեց, որ Մոսկվայի Բախրուշինի անվան թանգարանի տնօրենի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ջանքերով հրատարակելու թատերական և բալետային ներկայացումների համար Վարպետի արած գործերի պատկերագիրքը։
Երեկոյի հրավիրյալներին նախարար Ամիրյանը պատմեց, որ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և ապա՝ անմիջական վերահսկողությամբ, 2013-2016թթ. Սարյանի տուն-թանգարանը հիմնանորոգվել է, համապատասխանեցվել ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար:
Ավելացված 700 քառ. մ տարածքում ( նոր՝ չորրորդ հարկաբաժին) բացվել են նոր ցուցասրահներ, համերգային դահլիճը, մանկական սրահը։ Ամրացվել են շենքի հիմքերն ու պատերը։ Տուն-թանգարանը հագեցել է ժամանակակից նորագույն տեխնիկայով, այդ թվում՝ վիրտուալ աուդիովիզուալ համակարգերով։ Արդեն գործում է «աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածը։
Ծախսվել է 518 մլն դրամ, որից մոտ 460 մլն-ը հատկացրել է Կառավարությունը՝ ՀՀ պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
2016թ. նոյեմբերին վերաբացված Տուն-թանգարանը ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման նոր համակարգեր ունի և հենաշարժողական խնդիրներ ունեցող այցելուների տեղաշարժն ապահովելու հնարավորություն։
Եթե նախկինում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան էր այցելում տարեկան 4 հազար մարդ, ապա այս տարի այն արդեն 30 հազար այցելու է ունեցել։
ՀՀ մշակույթի նախարարություն