Քարվաճառի «Միջնաբերդ» թատերախումբը հյուրախաղերով հանդես եկավ Լոռու մարզում
Загрузка
X


Քարվաճառի «Միջնաբերդ» թատերախումբը հյուրախաղերով հանդես եկավ Լոռու մարզում

Арцах / 26.09.2017

Սեպտեմբերի 21-ին, 23-ին և 24-ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի «Միջնաբերդ» թատերախումբը ներկայացրեց «44 աստիճանի վրա» դրաման: Սեպտեմբերի 21-ին թատերախումբը ներակայացումը խաղաց Քարվաճառում, Մշակույթի տան դահլիճում` ներկայացումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին: Ներկայացմանը ներկա էին շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը, տեղական ղեկավարության այլ ներկայացուցիչներ, Քարվաճառի N զորամասի հրամանատար Գևորգ Գրիգորյանը, զինվորականներ, քաղաքի բնակիչներ: Ներկայացումը, որ Քարվաճառում բեմադրվում էր երկորդ անգամ, ընդունվեց մեծ ջերմությամբ:

Քարվաճառյան խաղից հետո թատերախումբը սեպտեմբերի 23-ին և 24-ին  հյուղախաղերով եղավ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագյուղ և Դսեղ համայքներում:

Երկու համայքներում ներկայացմանը ներկա էին դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, բնակիչներ:

Ձորագյուղ համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանը ներկայացման ավարտին շնորհակալություն հայտնեց ներկայացման համար ու նշեց, որ թեման խիստ արդիական է: «Թեման բոլորիս է հուզում, և տա Աստված, որ մի օր մենք չունենանք արտագաղթի խնդիրը», նշեց նա իր խոսքում: Ձորագյուղի հիմնական դպրոցի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը բարեմաղթեց, որ պատանի դերասանների երազած գարունն իսկապես գա Հայաստանի համար, ու նրանք ապրեն ավելի բարեկեցիկ հայրենիքում:

«44 աստիճանի վրա» դրաման պատմում է սփյուռքահայ երիտասարդ ընտանիքի` Մգրոյի ու Սիրանույշի մասին, ովքեր թողել են ԱՄՆ-ն ու տեղափոխվել են հայկական գյուղ: Մգրոն մեղվապահ է և անսահման երջանիկ է իր հայրենիքում, իր մեղուների հետ: Ընտանիքը, որ հաղթահարում է գյուղական կյանքի բոլոր կենցաղային խնդիրները, անզոր է մեծագույն խնդրի` դատարկվող գյուղի դեմ: Արտագաղթն ընկճում է Սիրանույշին, ով խնդրում է ամուսնուն վերադառնալ ԱՄՆ: Մգրոն, սակայն, հավատում է, որ գարունը միայն հայրենիքում է բացվում ու հրաժարվում է հեռանալ գյուղից:

«Միջնաբերդ» թատերախմբի կողմից ներկայացվող բեմադրության ռեժիսորը թատերախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Բաբախանյանն է: Թատերախումբն ստեղծվել և գործում է Շահումյանի շրջանի վարչակազմի, Քարվաճառի քաղաքապետարանի և ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի օժանդակությամբ:

Հեղինակ՝ Թամարա Գրիգորյան