Թալիշներ. պատմություն և արդիականություն
Загрузка
X


Թալիշներ. պատմություն և արդիականություն

События / 29.12.2016

Թալիշները Հարավային Կովկասի տեղական ազգերից են։ Պատմության ընթացքում ձևավորվել և այժմ ապրում են դեպի Կասպից ծով ելք ունեցող մի լեռնային (ինչպես նաև նախալեռնային) մարզում, որը կոչվում է Թալիշ․ այժմ այն զբաղեցնում է Ադրբեջանի հարավ–արևելյան և Իրանի հյուսիս–արևմտյան հատվածները։ Թալիշների քանակը ամբողջ աշխարհում հասնում է 256հազարի։ Թալիշների խնդիրների ու պատմության  վերաբերյալ խոսվել է բազմիցս ինչպես մեր երկրում,այնպես էլ մի շարք ԱՊՀ երկրներում`կազմակերպվելով տարրաբնույթ կլոր-սեղան քննարկումներ ու գիտժողովներ: Ահա այսպիսի հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ մայր բուհի իրանագիտության ամբիոնում դեկտեմբերի 27-ին:

Այսպիսով`«Թալիշներ. պատմություն և արդիականություն» կլոր սեղանը՝ մասնակցությամբ հայ և թալիշ փորձագետների ու հասարակական-քաղաքական գործիչների, կազմակերպվեց  ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի և Թալիշական Ազգային Շարժման համատեղ ջանքերով՝ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տեղեկատվական աջակցությամբ:Միջոցառման բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ  ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Չափազանց կարևոր է, որ մեր ամբիոնը և ընդհանրապես հայկական իրանագիտական դպրոցը զբաղվում է այս կարևոր խնդրով, և ինչպես նկատեցիք,մեր թալիշ գործընկերները, որոնք հասարակական, քաղաքական և այլ տարբեր ոլորտներ են ներկայացնում և զբաղվում են գիտությամբ, գնահատում են մեր աշխատանքը»: Նա ներկայացրեց թալիշ ժողովրդի քաղաքական  շարժմանն ուղղված վերջին զարգացումները: «Ակնհայտ է, որ թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր, և դա շատ բնական է: Գործընթացն ընթանում է քաղաքական մի դիապազոնում, երբ կան ինքնավարության կողմնակիցներից մինչև Թալիշստանի կատարյալ անկախության կողմնակիցներ։ Այս փուլի համար չափազանց կարևոր է, որ թալիշները, նրանց քաղաքական վերնախավը, հարգում են հայկական ներդրումը թե՛ թալիշցիների քաղաքական շարժուներում,  թե՛ գիտական զարգացումներում»,- ասաց իրանագետը:

Նա նաև նկատեց, որ Երևանն այն կենտրոնն է, որտեղ զարգանում է թալիշների լեզվի, պատմության, մշակույթի ուսումնասիրությունը: «Նաև կարևոր գործ է արվում թալիշների քաղաքական շարժման համախմբման ուղղությամբ, մեր թալիշ գործընկերների ակտիվ մասնակցությամբ և ակտիվ ներկայությամբ այդ գործընթացներում: Այս իմաստով կարող եմ ասել, որ Հայաստանը կարողանում է իրեն ի ցույց դնել որպես տարածաշրջանային գերտերություն, և դա ամենևին չափազանցություն չէ, որովհետև կարողանում է որոշակի  գործընթացներ կառավարել մեզ համար թշնամի համարվող Ադրբեջանում»,- նշեց Վարդան Ոսկանյանը:

Նա ներկայացրեց հայ և թալիշ ժողովրդների ընդհանրությունները, նշեց, որ երկուսն էլ այս տարածաշրջանի հնագույն ժողովրդներից են: «Որևէ կասկած չկա, որ երկու ժողովուրդները շփվել են մինչև տարածաշրջանում թյուրքալեզու տարրի  հայտնվելը: Այս իմաստով երկու հինավուրց ժողովուրդները, որոնք այսօր Հարավային Կովկասում կիսում են նույն ճակատագիրը, կարիք ունեն գործակցության, կարիք ունեն երկխոսության, կարիք ունեն իրար հասկանալու, առանց զգացական մոտեցումների»,- ասաց իրանագետը:
Վարդան Ոսկանյանը նաև նշեց, որ այս համատեքստում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ունեն կարևոր առաքելություն․ պետք է օգտագործեն իրենց ունեցած հնարավորություններն այստեղ զարգացնելու թալիշագիտության տարբեր խնդիրների ուսումնասիրությունը:
Ելույթներով հանդես եկան նաև  ինչպես հայ,այնպես էլ  թալիշ փորձագետներն ու մտավորականներն,ովքեր բարձրաձայնեցին թալիշական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծման ուղիները: Մասնավորապես ելույթ ունեցան Հայաստանում «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գևորգյանը,Հակոբ Ավչյանն ԵՊՀ մագիստրանտ, ԵՊՀ-ից Արտյոմ Տոնոյանն,իսկ թալիշ փորձագետներից ներգրավված էին  Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան, ՌԴ նախագահի կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը, «Մոսկվայի թալիշական ազգային մշակութային ինքնավարության» ղեկավար  Ադիլ Բասիրովը և այլք: Վերջում ամփոփելով կլոր սեղանը Վարդան Ոսկանյանը նշեց,որ նմանատիպ քննարկումները լինելու են շարունակելի,նպաստելու թալիշական խնդրի կարգավորմանն ու հայ թալիշական հարաբերությունների սերտացմանը: Նա ավելացրեց,որ հաջորդ տարի ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ու համալսարանի ջանքերով հրատարակվելու է թալիշերեն լեզվի դասագիրք,որով կշարունակվի նշված լեզվի դասավանդումն ու ծանուցումը բոլոր իրանագետներին ու թալիշների խնդիրներն ուսումնասիրողներին:

Այս առիթով զրուցեցինք կլոր սեղանի կազմակերպիչներից, Հայաստանում «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրեն` Գառնիկ Գևորգյանի հետ:

— Խնդրում եմ ներկայացրեք ովքեր են թալիշները, ինչ կպատմեք նրանց ներկայիս կարգավիճակի մասին:
 

 Թալիշներն իրանական ժողովուրդ են, որ ապրում են Կասպից ծովի հարավարևմտյան ծովեզրյա հատվածում: 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմներից հետո Թալիշստանի տարածքը կիսվում և Ռուսական կայսրության և Իրանի միջև: Ռուսական կայսրության փլուզումից հետո՝1919 թ. հյուսիսային թալիշները կազմավորում են Թալիշ-Մուղանյան առաջին հանրապետությունը, որը սակայն երեքամսյա կյանք է ունենում և նվաճվում Մուսավաթական Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական ԽՍՀ կազմում մինչև 1936 թ. թալիշները հնարավորություն են ունենում զարգացնել ազգային կյանքը, որից հետո թալիշ մտավորականները Զ. Ահմադզոդայի գլխավորությամբ աքսորվում են Սիբիր, իսկ թալիշ անունն  իսպառ արգելվում է Ադրբեջանում: ԽՍՀՄ փլուզումից հետո թալիշները փորձում են վերագտնել սեփական ինքնությունը, սակայն բախվում են Բաքվի վարչակարգի կոշտ հակազդեցությանը: Դրա վառ ապացույցն է 1993թ. Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության ճնշումը Բաքվի վարժակարգի կողմից ռազմական բիրտ ուժի կիրառմամբ: Անկախ Ադրբեջանի 25-ամյա գոյությունը ցույց տվեց, որ թալիշներին սպառնում է թյուրքացման և պատմության թատերաբեմից հեռանալու լուրջ վտանգ: Այս ժողովուրդն Ադրբեջանում զրկված է ինքնության պահպանման բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական հանրապետության տարածքում բնակվող 1,5 մլն թալիշներից շուրջ 300000 արտագաղթել է հայրենիքից տնտեսական ծանր վիճակի պատճառով: Արտագաղթածները հիմնականում բնակություն են հաստատել ՌԴ-ում՝ ստեղծելով ազգային-մշակութային և հասարակական կառույցներ:

— Ինչ կպատմեք կլոր սեղանի մասին,ովքեր են նրա կազմակերպիչներն, որն է դրա նպատակն ու հեռանկարները:
 

— Դեկտեմբերի 27-ի կլոր սեղանը կազմակերպվել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի, Թալիշական Ազգային Շարժման կողմից, որ ինֆորմացիոն հովանավորն էր «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը: Կլոր սեղանին մասնակցում էր թալիշական քաղաքական էլիտայի ընտրանին՝ Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթզոդան, ՌԴ թալիշական համայնքի նախագահ Իսմայիլ Շաբանովը, Մոսկվայի թալիշական մշակութային ինքնավրության նախագահ Ադիլ Նասիրովը, Էկատերինբուրգի թալիշական մշակութային ինքնավարության նախագահ Էլշան Հասանովը և թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրեդդին Իբրահիմին: Միջոցառումը նպատակ ուներ ամրապնդելու հայ-թալիշական համագործակցությունը, հնարավորություն տալ թալիշ հասարակական-քաղաքական գործիչներին բարձրաձայնելու թալիշ ժողովրդին հուզող խնդիրները: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ-թալիշական համագործակցությունը զարգացման լուրջ հեռանկարներ ունի՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության զսպման և ընդհանրապես տարածաշրջանին սպառնացող պանթյուրքիզմի նկրտումների դեմ պայքարում:

— Ձեր կարծիքով ինչպիսի հեռանկար է ունենալու կլոր-սեղանն,անցկացվելու է արդյոք նմանատիպ քննարկում թալիշական կողմում:
 

— Հայ-թալիշական համագործակցության շուրջ քննարկումները ապագայում շարունակական են լինելու: Այս ասպարեզում հսկայական է «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի ավանդը: Ռադիոկայանն իսկապես դարձել է թալիշ հասարական-քաղաքական կյանքի և թալիշական ազգային շարժման խոսափողը: Եթեր է հեռարձակվել ավելի քան 900 ռադիոհաղորդում, որոնց բովանդակությունը թալիշ ժողովրդի պատմությունն է, մշակույթը, ինքնության պահպանման շուրջ ազգային գործիչների հարցազրույց-քննարկումներ և այլն: 

Զրուցեց՝ Գարիկ Ավետիսյանը

Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի