ՀՀ-ի և ԼՂՀ-ի հիմնադրության 25-ամյակին նվիրված «Հայոց պետականությունը միասնության առանցք» խորագրով լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի աջակցությամբ։
Համաժողովը հանգամանորեն քննարկեց հետևյալ խնդիրները
-Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները` ճգնաժամային պայմաններում:
-ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիները:
-Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում:
-Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները:
-Հայկական սփյուռքի գործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում:
-Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ առնչվող խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում
Լրագրողների համաժողովը հաստատեց, որ համաժողովների հետևողական քննարկումները, ՀՀ-Արցախ-Սփյուռք համագործակցության խնդիրների շուրջ համահայկական լրատվամիջոցների համախմբումը հանգեցրին գործնական արդյունքների. Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դրսևորելով միասնական հզոր ուժ և պատասխանատու վարքագիծ՝ հայկական լրատվամիջոցները, մոտ 10 ժամ կաթվածահար անելով հակառակորդի լրատվամիջոցների գործունեությունը, աշխարհին մատուցեցին արցախյան իրադարձությունների վերաբերյալ ճշմարիտ տեղեկատվություն։
Համաժողովը առաջնային համարեց՝
Աշխատանքները նպատակաուղղել Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջազգային վարկի բարձրացման, Հայաստանի և հայության մասին համաշխարհային տեղեկատվական տարածքում դրական կարծիքի ու կերպարի ձևավորման ուղղությամբ։ Այդ նպատակով համագործակցել բազմազգ ընթերցողներ ունեցող երկրների օտարալեզու լրատվամիջոցների լրագրողների հետ և հնարավորինս հաճախակի դարձնել նրանց այցելությունները Հայաստան։
Համաժողովի մասնակիցները որոշեցին
-Համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դո՛ւ ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» խորագրով շարժում՝ ողջ աշխարհի հայությանը հանձնառու դարձնելու ԼՂՀ-ին օգնելու, ներդրումները խթանելու, ԼՂՀ-ի սոցայալ տնտեսական, գիտակրթական և մշակութային կյանքը առավել զարգացնելու առումով։
-Քարոզել, ներկայացնել և հետևողականորեն բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը
-Միջոցներ գտնել օտարալեզու մամուլի ներկայացուցիչներին գործուղելու Ղարաբաղ՝ ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու համար։
-Նպատակաուղղված աշխատանքներ տանել հայաստանակենտրոն Սփյուռքի մասնագիտական կազմակերպման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և Հայրենիքի հզորացման համար, Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի ջանքերը մեկտեղելու համար։
20-24 հոկտեմբերի 2016 թ․
Երևան–Ստեփանակերտ
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներ