Երիտասարդական ավյունն ու անհամբերությունը, նոր, ժամանակակից կինո ունենալու երիտասարդական ձգտումը, արդար խաղի կանոններով կինո ստեղծելու երիտասարդական երազանքը, մշակույթի նախարարի՝ կինոարտադրության պետական աջակցության 30 տոկոսը երիտասարդներին տրամադրելու հավաստիացումը, և պարզապես՝ անկախ ոլորտից, երիտասարդ ստեղծագործողներին իրենց նպատակների շուրջ համախմբելը, ավելի քան հազար ստեղծագործողների բերել էր դեպի այն ավերակները, որտեղ ապագայում լինելու է կինոթանգարանը, իսկ ժամանակին եղել է Երևանի սիրված անկյուններից մեկը՝ Կինոյի տունը:
«Ո՞վ կա…». հարցրեցին երիտասարդները և բացեցին Կինոյի տան Խանջյան փողոցի մուտքը: Անշուշտ, կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի թույլտվությամբ և խրախուսմամբ, բայց բացառապես երիտասարդների ջանքերով:
Ժամանակին Խանջյան փողոցից Կինոյի տան հրաշալի շենքի շքերթային մուտքն էր: Այսօր այդ շենքը միայն հիշողություն է, իսկ այդ շենքի տեղում վեր խոյացած երևանյան երկնաքերների տակ ընդամենը մնացել է մի կիսաավերակ տարածք, որը նաև փակ էր շուրջ 30 տարի:
Եվ ահա, երեսուն տարի անց, կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարության նախաձեռնությամբ, այդ տարածքում ստեղծվելու է ժամանակակից կինոթանգարան՝ միացած համաշխարհային կինոթանգարանների հանրահայտ ցանցերին, կինոթանգարանի հարկի տակ հավաքվելու է այն ամենը, ինչ պահպանվել է հայ կինոժառանգությունից, մեծարվելու են հայկական կինոյի վարպետները, հայկական կինոն մատուցվելու է աշխարհին, որպես մշակույթի բաղկացուցիչ մաս, որպես զբոսաշրջային ու մշակութային կենտրոն, ծառայելու է հայ մշակույթի տարածմանը…
Ու թեև այս ամենի հիմքերն արդեն ստեղծված են, բայց առաջին ազգային կինոթանգարանն ամբողջովին կհառնի առաջիկա տարիների ընթացքում, քանի որ այն բարդագույն գործ է…իսկ այսօր այդ տարածքը «գրավել» էին երիտասարդները, որպեսզի շտապեցնեն, որպեսզի ապացուցեն, որ իրենք ևս կարող են ստեղծել արժեքներ, որոնք հետագայում կծառայեն կինոյին, մշակույթին, որ իրենք ունեն իրենց ուրույն աշխարհը և Հայաստանն այդ աշխարհում շատ ավելի կարող է ներկայանալի լինել…
Եվ…Եվ նրանք ասացին «Ո՞վ կա…»: Նրանք գուցե ցանկացան մի հարկի տակ մեկտեղել բոլորին, բոլոր նրանց, ովքեր՝ «կան», հին ու նոր սերունդներին՝ Միկա Վաթինյան ու Գրիգոր Խաչատրյան, Վալենթինա Մազ ու Դավիթ Կարեյան, Լևոն Ֆլջյան ու Արթուր Սարգսյան, Միքայել Մարտիրոսյան ու Դիանա Հակոբյան, Տիգրան Խաչատրյան ու Արարատ Սարգսյան, Կարինե Մացակյան ու Սոնա Աբգարյան, Աննա Վահրամի, Սևակ Բաղդասարյան, Հոլլի Արմենակյան և շատերը…
Մեկտեղել նրանց, ովքեր պատրատ են նոր խոսք ասել, նոր մտածողություն թելադրել, ովքեր գիտեն, թե ինչ է կատարվում աշխարհում, ովքեր ուզում են իրենց երկիրը տեսնել աշխարհի հետ համաքայլ և պատրաստ են մնալ երկրում, ստեղծել, արարել, ստեղծագործել…
Երեք հարկերում, խորշերում, բետոնի ու քարի վրա, երկաթե ձողերի ու ավազե պարկերի հարևանությամբ, աստիճանահարթակներին ու հատակին նրանք ցուցադրեցին բազմաթիվ video art-եր, ինստալյացիաներ, պերֆորմանսեր, ցուցադրեցին այն, ինչ այսօր առկա է ժամանակակից արվեստում, ցուցադրեցին կինո. 35 մմ ժապավենով նկարահանված ֆիլմ. կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի տարիներ առաջ նկարահանծ «Խաղեր» ֆիլմը: Ցուցադրեցին նոր սերնդի կինո. ռեժիսոր Վահագն Խաչատրյանի «Լուսինը, Արևը, և Հրացանակիրները» ֆիլմը, որն առաջին անգամ էր ցուցադրվում Հայաստանում, թեև աշխարհի բազմաթիվ երկրներում ապրում է փառատոնային և պրեմիերային կյանքով:
Ավելի քան 5 ժամ կինոյի, արվեստի, երաժշտության հետ ու նաև…զրույցներ, գինի, բանավեճ, քննարկում, կարծիքների, մտքերի փոխանակություն…Ու նաև զրույց սերունդների միջև:
«Երիտասարդական կինոալիքը», որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ արդեն իսկ ջանքեր է գործադրում երիտասարդական կինոյում իրական աշխատանք անելու, երիտասարդ կինոգործիչներին համախմբելու, նրանց խնդիրները, մտահոգությունները վեր հանելու, կինոարտադրությունում նրանց ջանքերը համակարգելու ուղղությամբ, արդեն առաջին քայլերն հաջողությամբ արել է, իսկ «Ո՞վ կա»-ն այդ քայլերից մեկն էր, գուցե՝ ամենահզորը: