Մովսես Քեշիշյան. «Պետք է արմատավորել վերադարձի գաղափարը»
Загрузка
X


Մովսես Քեշիշյան. «Պետք է արմատավորել վերադարձի գաղափարը»

Точка координат / 06.03.2017

Իրանի հայ համայնքը Մերձավոր ու Միջին Արևելքի հնագույն և ամենախոշոր համայնքներից է։ Իրանահայ համայնքը բացառիկ է նրանով, որ եթե Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում հայ համայնքները հիմնականում ձևավորվել կամ վերակազմավորվել են նոր և նորագույն ժամանակներում, հատկապես Հայոց ցեղասպանությունից և Արևմտյան Հայաստանի հայաթափումից հետո, ապա Իրանի հայ համայնքը գոյություն է ունեցել հնուց ի վեր՝ աչքի ընկնելով որպես կատարելապես ձևավորված ու հաստատուն համայնք։

Իրանահայ համայնքի արդի խնդիրների, հեռանկարների, ինչպես նաև համայնքի առջև կանգնած կարևորագույն մարտահրավերների մասին «Ժամ» ամսագրին պատմում է «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը: 

— Սկսենք «Արաքս» թերթից, ո՞ր թվականից է այն լույս տեսնում Իրանում և ո՞վ է հիմնադիրը:
 

— 1987 թվականի մարտին հրատարակվել է «Արաքս» թերթի անդրանիկ համարը՝ որպես ամսաթերթ: Հիշատակեմ, որ թերթի առաջին երեք համարները հրապարակվել են «Արազ» անունուվ, իսկ չորրորդ համարից  սկսած, քանի որ նույն անունով մի թերթ էր գրանցվել Թավրիզում, մենք, օրենքի պահանջին հետևելով, թերթի անունը փոխեցինք՝ դարձնելով «Արաքս»:

Թերթը հիմնադրվել է մի խումբ երիտասարդների կողմից, որոնք զորակցում էին հիմնականում Սփյուռքում մղվող հայկական նորագույն ազատագրական պայքարին ու այդ պայքարի միջոցներից մեկն էլ համարում էին մամուլը: Թերթը կառավարվում է խմբագրական կազմի կողմից, որն ի սկզբանե գլխավորում եմ ես: 

— Ի՞նչ հիմնական նպատակ է հետապնդում թերթը։
 

— Հիմնական նպատակը հայ ժողովուրդի ոտնահարված իրավունքների հարցի բարձրացումն է և այդ ուղղությամբ հայկական ներուժի կազմակերպումը, ինչը ներառում է մի շարք խնդիրներ. հայապահպանթյուն, հայոց իրավունքների հետապնդում, Հայաստան-Սփյուռք տրամաբանական հարաբերությունների կայացում և զարգացում, հայության հետ ուղղակի կամ անուղղակիորեն առնչվող տարածաշրջանային և միջազգային անցուդարձերի վերլուծություն,  օտարներին հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին և պահանջներին ծանոթացում։ Այս խնդիրների շարքում մեզ համար յուրահատուկ տեղ է գրավում առողջ հիմքերի վրա ՀՀ պետականության կայացումն ու զարգացումը: 

— Ուրիշ ի՞նչ հայկական լրատվամիջոցներ կան Իրանում։
 

—Իրանում «Արաքս» շաբաթաթերթից բացի տպագրվում են բարերար Լևոն Ահարոնյանի «Յոյս» անկախ երկշաբաթաթերթը, ՀՅԴ օրգան «Ալիք» օրաթերթը, «Պայման» եռամսյան։ Վերջին երեքն ունեն նաև իրենց կայքէջերը, որոնք, իհարկե, լրատվության առումով աշխույժ չեն: Բացի սրանցից, գործում են նաև Թեհրանի և Սպահանի հայոց առաջնորդարանների ու նաև «Իրանահայեր», «Հայելի» և «Արաքս» կայքէջերը՝ հայերեն և պարսկերեն լեզուներով: Կա նաև պետական հայերեն ռադիո ժամ որ ամենօրյա մեկժամյա հաղորդում է սփռում:

Կուսակցական մամուլը, այս դեպքում՝ «Ալիք»-ը և «Պայման»-ը, սնվում են համայնքի բյուջեի հաշվին, իսկ ոչ կուսակցական մամուլը, ինչպես երևի աշխարհի տարբեր կողմերում հրատարակվող հայ մամուլը, նյութական ահռելի դժվարությունների է դիմակայում: Փաստորեն, համայնքի հաստությունը ամբողջ համայնքին ծառայելու փոխարեն, օգտագործվում է ի շահ հատվածական նպատակների, համերաշխության փոխարեն՝ տարաձայնությունների խորացման: 

— Իսկ ի՞նչ խնդիրներ ունեն տեղի հայկական լրատվամիջոցները։
 

— Սփյուռքահայ մամուլի համար մնայուն մտահոգիչ հանգամանքներ են պրոֆեսիոնալիզմի պակասը ու դրանից ավելի կարևոր՝ ընթերցողի պակասը: 

— Ինչպիսի՞ն է Ձեր տեսանկյունից իրանահայ համայնքը և ի՞նչ արդի խնդիրներ ունի։
 

 — Իրանահայ համայնքը, որպես սփյուռքահայ ամենահին համայնք, ունի իր յուրահատկությունները: Հայ արհեստավորները, ճարտարապետներն ու վաճառականներն առանցքային դեր են ունեցել Իրանի նախկին մայրաքաղաք Սպահանի կառուցման, նաև Հնդկաստանից ու Չինաստանից Մետաքսի ճանապարհով դեպի Եվրոպա հասնող առևտրական եզակի գործունեության մեջ: Իրանահայ համայնքն իր զարգացման ճանապարհն անցել է Իրանի ժողովրդի հետ միասին՝ ապրելով գյուղական կյանքով, ապա տեղափոխվելով քաղաք։ Մայրաքաղաք Թեհրանի հիմնադրման ժամանակից ի վեր համայնքը հաստատվել է այստեղ, կառուցել է իր առաջին եկեղեցին ու դպրոցը, մեծ դեր է ունեցել երկրի զարգացման տարբեր բնագավառներում՝ վայելելով պարսիկ ժողովրդի հարգանքը:

Ինչ վերաբերում է համայնքի խնդիրներին, դրանք կարելի է բաժանել երկու մասի՝ արտաքին և ներհամայնքային: Արտաքինի առումով կարելի է նշել երկրում տիրող տնտեսական և հասարակական հարցերը, որոնք ինչ-որ չափով ազդում են արտագաղթի վրա, ինչի հետևանքով  համայնքը նոսրանում է, աշակերտության թիվը՝ պակասում, դպրոցները՝ փակվում։ Իսկ ներհամայնքային առումով ամենակարևորը  համայնքի կառավարման համակարգի հարցն է: 

— Ինչպիսի՞ք են համայնքի հեռանկարները և համայնք-պետություն հարաբերությունները։
 

— Ցավոք պիտի նշել, որ իրանահայ համայնքի մեծ մասը վերջին երեք տասնամյակների ընթացքում արտագաղթել է։ Պատճառը նախ և առաջ պատերազմն ու տնտեսական ճգնաժամն են, ինչպես նաև, իհարկե մեր գնահատմամբ, Թուրքիա-Իսրայել համաձայնած ընդհանուր ծրագիրը, որի շրջանակներում «Հայազ» հրեական կազմակերպության միջոցով, Ավստրիայի իշխանությունների հանցավոր համագործակցությամբ և հայ համայնքի ղեկավարության լուռ մեղսակցությամբ շատերը արտագաղթել են, և իրանահայ համայնքը կորցրել իր նախկին թվաքանակը: Թեև չեմ կարծում, որ համայնքը իսպառ վերանա, բայց բնական է, որ քանակի կտրուկ նվազումը իր անհերքելի ազդեցությունն է թողնում համայնք- պետություն հարաբերությունների վրա:

Մյուս կողմից, ցավով պիտի հիշատակել, որ համայնք-պետություն հարաբերությունները, 1956 թվականի Հայ եկեղեցու պառակտումից ի վեր, վերածվել են Դաշնակցություն- պետություն հարաբերության, ինչի հետևանքով անդառնալիորեն վնասվել է առաջին հերթին համայնքը, ապա՝ հայ-իրանական հարաբերությունները, իսկ  ժամանակ առ ժամանակ նաև Հայաստանը: 

— Որո՞նք են իրանահայ համայնքի առջև կանգնած կարևորագույն մարտահրավերները։
 

— Կարծում եմ՝ ամենաառաջին մարտահրավերը հենց արտագաղթն է, որից ոչ միայն վնասվում է համայնքը, այլ նաև Իրանը և մանավանդ Հայաստանը, որին լքում, միայնակ է թողնում նրա անմիջական հարևանության սփյուռքահայ համայնքը:

Իսկ երկրորդը՝ համայնքի անարդար ղեկավարության հարցն է, որը բնորոշվում է համայնքի ունեցվածքի թալանով, ունեցվածքի կուսակցականացմամբ և ազգային շահերը կուսակցականին ստորադասելով։ 

— Իսկ մի՞թե համայնքում հիմնական գործող ուժեր չկան։
 

— Համայնքում պաշտոնապես գրանցված որևէ հայ քաղաքական խմբավորում գոյություն չունի: Ոչ պաշտոնական կերպով աշխատում են Հայկական ժողովրդային շարժումը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Հայկական եկեղեցիներից հիմնական տեղ է գրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին ու Հայ Ավետարանչական եկեղեցին, իսկ աղանդավորական եկեղեցիներից որոշակի աշխույժ գործունեություն է ծավալում Աստծո ժողովուրդ խումբը: 

— Այս ամենը փաստում են, որ բավականին շատ ներհամայնքային մտահոգություններ կան։
 

— Հիմնական մտահոգությունը Համայնքի՝ աստղաբաաշխական թվերի հասնող հարստության թալանն է ՀՅԴ-ի կողմից, և համայնքի ղեկավարման հետամնացությունը: Առկա են մանկավարժական և կրթադաստիարակչական լուրջ խնդիրներ, որոնց պատճառով իջել է հայկական դպրոցների մակարդակը, ինչի հետևանքով բազմաթիվ հայ աշակերտներ հաճախում են ոչ հայկական դպրոցներ:

Համայնքի ղեկավար կազմում տեղ չունեն այլախոհները, որի արդյունքում համայնքում հանգանակված օգնությունները փոխարեն ուղորդվեն Հայաստանին, Արցախին, Ջավախքին կամ այլուր, վերջիններիս անունով հանձնվում են այդ հասցեներում հաստատված դաշնակցական կուսակցական կառույցներին: Ի միջի այլոց, նման ճակատագրի արժանացան նաև 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժածների օգնության համար հանգանակված հսկայական գումարները: 

— Հայտնի է, որ ինչպես քաղաքական, այնպես էլ ներհամայնքային խնդիրներին առնչվող հարցերում առկա են եղել տարաձայնություններ։ Իրանի հայ համայնքը միատարր չի եղել, ինչպիսի՞ն է ներկայումս վիճակը։ Ո՞ր հարցերի շուրջ է իրանահայությունը դրսևորում միասնականություն և ո՞ր հարցերի շուրջ են տարաձայնությունները:
 

— Մինչ 1956 թվականը, երբ իրանահայ երեք թեմերը ենթարկվում էին Ս. Էջմիածնին, եկեղեցին պահպանում էր իր անկախությունը, և համայնքն ուներ հնարավորություն՝ բնական տարակարծություններով հանդերձ, ընդհանուր հարցերի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու։ Սակայն հիշյալ թվականից հետո համայնքը միաբևեռ վիճակ է ստացել, և հակառակ ժողովրդի մեծամասնության ցանկության՝ միասնական կերպով հանդես գալու առիթներ հազվադեպ են ստեղծվում... 

— Ներկայումս ինչպիսի՞ն է հարաբերությունների մակարդակը Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների և հայ համայնքի կառույցների միջև։
 

— Պարսիկ ժողովուրդը միշտ էլ հարգալից է վերաբերվել իր հայ հարևաններին, իշխանությունները՝ նույնպես: Եթե հաշվի չառնենք Իսլամական հեղափոխության առաջին տարիները, երբ իշխանությունները դեռ չէին գտել իրենց տեղը և երբ երկրում հաստատվեցին թյուր օրենքներ, ընդ որում նաև մեր հայ պատգամավորի մեղսակցությամբ, օրինակ՝ սպանությունների դեպքում «արյան գնի», կտակի, ժառանգության և այլն։ Այս ամենի հետևանքով կրոնական փոքրամասնությունները դատական ատյաններում հայտնվեցին խտրական վերաբերմունքի առաջ, և հայկական դպրոցները որոշ դժվարությունների դիմաց կանգնեցին։ Սակայն ավելի ուշ մի շարք հարցեր կարգավորվեցին, որոշներն էլ կարգավորման ընթացքի մեջ են: 

— Իրանի Իսլամական Հանրապետության պետական ապարատում հայեր կա՞ն։ Արդյոք օրենքը թույլատրո՞ւմ է, որ հայերը պետական կառույցներում պաշտոններ զբաղեցնեն։
 

— Դժբախտաբար՝ ոչ, որևէ հայ չկա պետական, գործադիր և դատական կառույցներում: Թեև չկա նաև արգելող օրենք այս հարցում: Իրանահայությունը երկրի Ազգային ժողովում՝ Իսլամական մեջլիսում, ունի երկու պատգամավոր: Երկրում աշխատում են հայ փաստաբաններ: Վերջին տարիներին օրակարգ է բերվել նաև պետական ապարատում փոքրամասնությունների ներկայության հարցը, և չեն բացառվում հավանական փոփոխությունները: 

— Իսկ ինչպե՞ս են ընթանում ազգային կառույցներում ընտրությունները։
 

— Թեմի բարձրագույն մարմինը, ինչպես արձանագրված է կանոնագրքում, Պատգամավորական ժողովն (ՊԺ) է, որի աշխարհական անդամներն ընտրվում են ժողովրդի ուղղակի, փակ քվեով, իսկ հոգևոր անդամները, որոնք կազմում են ՊԺ-ի մեկ յոթերորդը, ինքնընտրությամբ (ՊԺ 54 անդամներից  8-ը հոգևորականներ են. յոթը քահանա, գումարած թեմի առաջնորդը, որն ի պաշտոնե նախագահն է նաև բոլոր ազգային կառույցների): Իսկ թեմի գործադիր մարմինը՝ Թեմական խորհուրդը, ընտրվում է ՊԺ-ի կողմից: Այդ ընտրությունն իրականանում է համայնքային ամբողջական վերահսկողությունից հեռու: 

— Որքանո՞վ է արդյունավետ ազգային կառույցների գործունեությունն Իրանում, այդ կառույցները արդիականացնելու խնդիր չկա՞։
 

— Արդյունավետությունն այստեղ հարաբերական խնդիր է, վատ աշխատող մեքենային էլ հնարավոր է մեքենա կոչել: Չի կարելի ասել, թե ազգային կառույցների գործունեությունն Իրանում ապարդյուն է, բայց համայնքի և հայության պահանջներին անհաղորդ կառույց է: Կառույցների արդյունավետությունը պայմանավորված է, դրանց անաչառ ձևավորումով և թափանցիկ գործունեությամբ: Հակառակ դեպքում ժամանակի անիվն իր տակ կփշրի իրականություն թվացող պատրանքը:

— Ապագայի նկատմամբ ի՞նչ մտահոգություններ ունի իրանահայ համայնքը։ Պատմեք երիտասարդ սերնդի մասին։ Արդյոք իրանահայ երիտասարդները կապու՞մ են իրենց ապագան Հայաստանի հետ։
 

— Ցավ ի սիրտ, նոր սերունդը խարխափումների մեջ է ու հաճախ ավելի առաջնային է համարում անձնականը, քան հավաքականը, հայրենասիրությունը։ Այստեղ, իհարկե, պետք է խոստովանել, որ մեղքի և պատասխանատվության մեծ բաժինը հասցեագրվում է նախորդ սերնդի՝ համայնքի ղեկավար մարմնի անհոգատարությանն ու սիրո կենարար ուժի նկատմամբ թերահավատությանը, ՀՀ մերօրյա իշխանությունների և այլ քաղաքական դերակատարների մեծամասնության դրսևորած վարքագծին ու անհասունությանը: Մյուս կողմից՝ Արցախում տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ թվով երիտասարդներ մեզ հետ կապվելով ցանկություն էին հայտնում ռազմաճակատ մեկնելու, ինչին նաև ականատես եղանք մի շարք հայկական այլ համայնքներում և մանավանդ Հայաստանում: Այս իրողությունը կրկին փաստում է, որ երիտասարդությանը մեղադրելը սեփական մեղքն ու անհոգատարությունը քողարկելու միջոց է միայն: 

— Խոսենք համայնք -Հայաստան կապերի մասին...
 

— Կապերը նախնական չոր հաշվարկներով հիանալի են: Օրական երեք ավտոբուս է Թեհրանից Երևան մեկնում և շաբաթական միջին հաշվով իրականացվում է ութ չվերթ, իսկ տուրիստական եղանակներին՝ էլ ավելի: Մեծ թվով իրանահայեր բնակարան ունեն Հայաստանում: Սակայն այս բոլորը դեռ չի նշանակում որ համայնք-ՀՀ հարաբերությունները լավ կամ գոհացուցիչ են: Թեև պատասխանատվությունը երկուստեք է, սակայն ՀՀ պետական կառույցներում տիրող ծանոթ անառողջ և խնդրահարույց մթնոլորտը չի կարող խրախուսող գործոն լինել  համայնք-Հայաստան հարաբերությունների խորացման և ծավալման համար, այնինչ՝ պետք է արմատավորել վերադարձի գաղափարը։ Սիրիայի և Իրաքի ահռելի պատերազմից հետո Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցների նկատմամբ վերաբերմունքը նշվածի լավագույն ապացույցն է:

Սփյուռքահայության նկատմամբ ՀՀ իշխանությունների առողջ վերաբերմունքի սկիզբը կարելի է համարել այն, երբ Հայաստանից զանգվածային արտագաղթի նկատմաբ ՀՀ  իշխանությունները պարկեշտ վարքագիծ և քաղաքական կամք դրսևորեն:

ՀՀ  իշխանությունները և Սփյուռքի նախարարությունը պետք է դադարեն սփյուռքահայերին դիտարկել որպես տուրիստներ: Նույն կերպ նաև սփյուռքահայերը: 

— Մեծ թափ ստացած արտագաղթի պայմաններում, ինչպիսի՞ն է թեհրանահայ համայնքի ազգային հեռանկարը։
 

— Թեև իրանահայությունը մեծավ մասամբ ինտեգրված է երկրի տնտեսական և հասարակական կյանքում, սակայն կրոնի տարբերության գործոնը պատճառ է դառնում, որ հայությունը պահպանի իր ազգային ինքնությունը, մինչդեռ արևմտյան երկրներ արտագաղթող հայերի դեպքում կրոնի համանմանությունը ճիշտ հակառակ դերն է կատարում՝ կարճ միջոցում խաթարելով և՛ հայկական մշակույթը, և՛ ազգային ինքնագիտակցությունը: 

— Ասացիք, որ բազմաթիվ իրանահայեր բնակություն են հաստատել Հայաստանում, ինչպիսի՞ հաջողություններ ու դժվարություններ ունեն նրանք։
 

— Բարեբախտաբար դա այդպես է: Սակայն կան և՛ հաջողություններ, և՛ դժվարություններ: Դժվարությունների մեծ մասը, կարծում եմ, ինչպես ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար, առաջանում է մենաշնորհյալների ապօրինի գործունեության հետևանքով՝ հարուցելով հարկային, մաքսային և դատական խոչընդոտներ: 

— Ինչ ազդակներ կարող են աշխուժացնել ազգային կյանքը համայնքում։
 

— Թափանցիկությունը, որը նեխածությունը վերացնելու հիմնական միջոցն է: Ժողովրդավարական պայմանների ստեղծումը համայնքի կառույցներում, եկեղեցու և եկեղեցականների փրկումը կուսակցության ճիրաններից... 

— Ներկայումս քանի՞ հոգուց են բաղկացած Թեհրանի թեմական խորհուրդը և Պատգամավորական ժողովը։
 

— Թեմական խորհուրդը կազմված է 11 հոգուց, ընդ որում՝ հիմնականում դաշնակցական կամ այդ կուսակցության ենթակա անձինք: Իսկ Պատգամավորական ժողովը կազմված է 54 հոգուց՝ հետևյալ բաժանումով. 8-ը՝ հոգևորականներ, 41-ը՝ Թեհրանի պատգամավորներ, 5-ը՝ թեմին ենթակա Սարի, Ռեշտ, Էնզելի, Գորգան, Արաք քաղաքների պատգամավորներ:

Հավելեմ՝ հարանվանությունները (հայ Կաթողիկե և Ավետարանական համայնքները) ՊԺ-ում և ԹԽ-ում ներկայություն չունեն: 

— Իսկ Իրանի հասարակական-քաղաքական կյանքում կա՞ն արդյոք հանգուցային դեր ունեցող հայեր։
 

— Հանգուցային դեր ունեցողներ չկան։ Կան հասարակական, գիտական համալսարանական ասպարեզներում աշխույժ դերակատարություն ունեցող անձինք։ 

— Արդյոք Իրանի Իսլամական Հանրապետությունում հայերին արգելվա՞ծ է քաղաքականությամբ զբաղվել։
 

— Երկրի Սահմանադրական օրենքը որևէ մեկին չի արգելում քաղաքականությամբ զբաղվել, սակայն այդ ասպարեզ մուտք գործելու համար պետք է փնտրել այնպիսի խմբավորում, կուսակցություն, որում կրոնը առաջնային տեղում չլինի, ինչը փաստորեն գոյություն չունի: Այդուհանդերձ կան հայ մարդիկ, որոնք քաղաքական-հասարակական դաշտում աշխատելու ցանկությամբ՝ մոտենում են բարեփոխական լոզունգներով առաջնորդվող խմբերին: Հիշատակելու արժանի է, որ վերջին տարիներին որոշ հայ անհատներ քաղաքային խորհուրդներին մաս կազմելու ցանկությամբ՝ առաջադրում են իրենց թեկնածությունը, որն ինքնին դրական քայլ կարելի է համարել այդ առումով: 

— Այսօր իրանահայությունն արդյոք  որևէ լուրջ լծակ ունի՞ երկրում քաղաքական զարգացումների վրա ազդելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունները ԻԻՀ-ի հետ։
 

— Համայնքի գոյությունն ինքնին Իրանում աշխատող քաղաքական ուժերի համար ազդեցիկ գործոն է, որպեսզի նրան հաշվի առնեն։ Մյուս կողմից՝ համայնքի բարի համբավը թույլ է տալիս պետական կողմին ներկայացնել որոշակի պահանջներ... Իսկ քաղաքական զարգացումների վրա ազդեցությունը սահմանափակ է: 

— Ի՞նչ հարցերում Հայաստանը կարող է օգնել իրանահայությանը։
 

— Երևի միակ հարցն այստեղ կարող է լինել մշակութայինը: Բայց կասկածից վեր է, որ, եթե ՀՀ իշխանությունները նորմալ աշխատեն, ինքնաբերաբար, օգնած կլինեն ոչ միայն Հայաստանին, այլ նաև իրանահայությանը և սփյուռքահայ բոլոր համայնքներին... 

— Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ի՞նչ չափով են արձագանք գտնում Իրանի հայ համայնքում, ո՞ր իրողությունների նկատմամբ են բացասաբար վերաբերվում իրանահայերը։
 

— Կարելի է ասել բոլոր իրադարձություններն էլ արձագանք են գտնում մեզ մոտ: Իսկ համայքում, ինչպես երևի նաև Հայաստանում, բացասաբար են ընկալվում կամայականություններն ու անօրինությունները, քաղաքական լծակները սեփական շահերի համար չարաշահումը: 

— Աշխարհի հնագույն քարտեզներում Հայաստանն ու Իրանը մշտապես եղել են կողք-կողքի: Դարերի ընթացքում որոշ աշխարհագրական միավորներ ավելացել ու որոշներն իսպառ վերացել են, բայց Հայաստանն ու Իրանը հնուց անտի շարունակում են պահպանել իրենց դրացիական կապերը: Ինչպիսի՞ն է հայ-իրանական հարաբերությունների հեռանկարն այսօր։
 

— Ինչպես արդարացիորեն հիշատակեցիք, Հայաստանի ու Իրանի հարաբերությունները գալիս են պատմության խորքից, և այդ արմատները խրված են երկու ժողովուրդների քանի հազարամյա պատմության խորքերում: Տեսանելի ապագայում նույնպես, ռազմավարական նշանակությամբ հարցերը երկու պետություններին միացնում է միմյանց: Այդուհանդերձ, աներկբա կարելի է ասել, որ երկու երկրների հարաբերությունների մակարդակը տնտեսական առումով չի համապատասխանում քաղաքականին, և մանավանդ՝ բարեկամության խորությանը։ Դրական տեղաշարժի համար պատասխանատվությունը երկուստեք է: 

— Չե՞ք կարծում, որ հայ-իրանական հարաբերությունների զարգացման բնագավառում օգտակար ծառայություններ կարող է մատուցել նաև ժողովրդական դիվանագիտnւթյունը:
 

— Ճիշտ մատնանշում է: Կարող է և մասամբ կատարվում է: Մշակութային դարավոր  ընդհանրությունները, և իրանահայի բարի համբավն ու հարգված անունը՝ մեծ դերակատարություն կարող են ունենալ այդ գործում: 

— Իրանցի մտավորականներն արդյոք անդրադառնո՞ւմ են հայկական թեմաներին, թե՝ ոչ:
 

— Այո անդրադառնում են, բայց ոչ բավարար չափով, և այդ դաշտում մենք՝ հայերս, շատ անելիքներ ունենք: Բարեբախտաբար, վերջին տարիներին այս հարցում որոշակի աշխուժություն է նկատվում: Իրանահայ մշակութային գործիչների շնորհիվ հայ գրականությունը պարսկերենով մատուցվում է իրանցիներին, որն ի միջի այլոց ընդառաջվում է։ Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ ցայժմ 26 գիրք է շուկա դուրս եկել, որոնցից մի քանիսը, պատմության մեջ առաջին անգամը լինելով, նույնիսկ հասել են երկրորդ և երրորդ հրատարակության: Ավելացնեմ, հիշյալի վերջին երեք թարգմանությունները Երվանդ Օտյանի գործերից են եղել՝ «Ընկեր Բ. Փանջունին», «Անիծյալ տարիները» և վերջերս հրատարակված՝ «Թաղականին կինը», որոնցից առաջինը՝ երրորդ հրատարակության հասավ: 

— Ձեր պատգամը գալիք սերունդներին։
 

— Մենք դժվար ապրեցինք, որ դուք ավելի լավ ապրեք: Դուք էլ ապրե՛ք այնպես, որ ձեզանից հետո եկող սերունդն ապրի ավելի հպարտ, ավելի հանգիստ, ավելի մարդկային և ավելի հայ...

Զրուցեց Աննա Գիվարգիզյանը

Լուսանկարները՝ «Արաքս» թերթի արխիվից