ՀՅԴ շահը ապահովելու համար վնաս է հասցվում Հայ Եկեղեցու, ՀՀ պետականության և իրանահայ համայնքի հեղինակությանը
Ի ուրախություն իրանահայ համայնքի կրկին անգամ Թեհրան այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառը, որը համընկնում էր նաև նրա գահակալության 20-ամյակին:
Մենք ևս ուրախ էինք նորեն Վեհափառին մեր համայնքում տեսնելու համար և, ընդառաջելով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի նամակ հրավերներին, պատրաստվում էինք մեր մասնակցությունը բերել այդ առիթով կազմակերպված միջոցառումներին: Սակայն ցավոք, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի անպատասխանատու և մոլորյալ քայլը այդ ուրախ առիթը դառնացրին և մենք հրաժարվեցինք կազմակերպվող ծրագրերում ներկա գտնվելուց:
ԹՀԹ Թեմական խորհուրդը, ըստ էության, ենթարկվելով ՀՅԴ կուսակցության, Արամ Վեհափառի անվանը կցեց «համայն աշխարհի հայոց կրոնապետ» տիտղոսը, մեկ անգամ նորից կրկնելով նախորդ տարիների իր «սխալը»: Արարք, որը մեծ վնաս է հասցնում Հայ Եկեղեցու հեղինակությանը, վարկաբեկում ՀՀ պետականությունը և իրանահայ համայնքը, մոլորեցնելով իրանական հանրությանը: Այս քայլը, շեշտադրելովՀայ Եկեղեցու երկփեղկվածության վրա, վնասում է նաև Իրան-Հայաստան հարաբերություներին և հեղինակազրկում նույնինքն Կիլիկիո Աթոռին և նրա գահակալ Արամ կաթողիկոսին:
ՀՀ իշխանությունների անընդունելի լռության և Ս. Էջմիածնի կրավորական հակազդեցության հետևանքով, ՀՅԴ-ն համառորեն կրկնում է իր սխալը, երբ նախկին տարիներին նույն սխալի համար ևս զգուշացրելենք հեղինակներին:
Չգիտենք թե արդյոք Արամ Վեհափառը գիտի թե չգիտի ՀՅԴ-ի կողմից, պարսկերենով լեզվով, իրեն տրված տիտղոսի մասին, բայց որ օտար պետությունների և ժողովուրդների մոտ հերթական անգամ իրեն որպես «ամենայն հայոց կաթողիկոս» ներկայացնելը հեղինակազրկում է Հայ եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքը, Ս. Էջմիածնի Գերակայությունը և Հայ Եկեղեցու միասնականությունը, դա խայտառակություն է:
21 տարի առաջ՝ երբ 1995 թ. ապրիլի 4-ին, ամենայն հայոց հավատքի կենտրոն՝ Ս. Էջմիածնի Մայր տաճարում, Մեծի Տանն Կիլիկիո գահակալ Գարեգին Բ կաթողիկոսն ընտրվեց որպես Ամենայն Հայոց ընդհանրական Հայրապետ, ողջ հայությունը ցնծության մեջ էր, հավատալով, որ մոտ ապագայում ականատեսն է լինելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միության, մանավանդ որ նորընտիր Վեհափառը իր առաջին իսկ քարոզով դա էր պահանջում.
«Մեր Եկեղեցին է՛ նաև շաղախ ազգային միութեան և սնուցիչ ու ամրապնդիչ ոյժ՝ զօրութենականութեան: Եթէ արթուն ենք և խորահայեաց՝ չենք կրնար չտեսնել, որ «ժամանակի նշանները» միութեան և միասնականութեան, համեղբայրութեան և համերաշխ ու ներդաշնակ համագործակցութեան հրամայականին առջև կը դնեն մեզ բոլորս անխտիր: Մեր Եկեղեցին կը դառնայ ներքնապէս աւելի կենսալից և իր գործունեութեամբ աւելի բարերար երբ կը գործէ որպէս մէկ Եկեղեցի, ընդ գլխաւորութեամբ և հովանաւորութեամբ Ամենայն Հայոց Ընդհանրական Կաթողիկոսութեան, զոր ողջ հայ ժողովուրդը կը դաւանի որպէս Մայր Աթոռ: Ներկայ աշխարհի նոր դրուածքը և հայութեան կեանքի այժմեան կացութիւնը ուրիշ բան չեն թելադրեր մեզի բայց միայն ամրապնդում Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ միութեան: Նոր էջ բացուած է մարդկութեան կեանքին մէջ: Նոր էջ բացուած է հայութեան կեանքին մէջ: Նոր էջ չի կրնար չբացուիլ Հայաստանեայց Եկեղեցւոյ կեանքին մէջ: Հակադրութեանց և հակամարտութեանց էջը փակված պէտք է նկատել: Միութեան էջն է այժմ բացուած և մեր բոլորի հասարակաց պարտաւորութիւնն է այդ էջը լեցնել Խորենացիի բացատրութեամբ՝ «գործովք արութեան», այսինքն՝ այնպիսի միասնական և մեծագործական արարքներով որոնց մէջէն Հայց. Եկեղեցւոյ միութիւնը և զօրութիւնը շողան անստուէր, արևուն լոյսին պէս պայծառ»:
Նույն՝ 1995, թվականի հունիսի 28-ին կայացավ նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական ընտրությունը, ուր, պատմության մեջ առաջին անգամը լինելով, ներկա էին Հայ Եկեղեցու չորս նվիրապետական աթոռների ներկայացուցիչները, գահակալ ընտրվեց Արամ Ա Վեհափառը:
Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նաև անդրանիկ իր քարոզում խոսեց միության ու միասնականության կարևորության ու անհրաժեշտության մասին: Սակայն կարճ ժամանակ անց փաստերը այլ բան ի ցույց դրին. Հովվապետական այցելությունների ժամանակ Արամ Կաթողիկոսի անվանը հանիրավի կցվեց «ամենայն հայոց» տիտղոսը, ինչը բողոքի ալիք բարձրացրեց ամենուրեք, մանավանդ իրանահայ համայնքում, ընդորում նաև ողջամիտ դաշնակցականների մոտ:
Սխալը սրբագրելու փոխարեն, ընդհակառակը «գլուխգործոց» փորձեր կատարվեցին՝ հայոց լեզվի մեջ նոր ընկալումներ մտցնելու հաշվին, ասելով թե՝ «Մեծի Տանն Կիլիկիո սահմաններում ապրող հայությանն նկատի ունեն»: Իսկ խայտառակության աստիճանն ավելի բարձրացավ, երբ դրանից էլ առաջ անցնելով, Արամ Վեհափառին «համայն աշխարհի հայության կրոնապետ» անվանեց Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը:
Այդ իրականությանն ի տես, մենք հերթական անգամ մեր բողոքը հայտնեցինք համայնքի այսպես կոչված «ազգային իշխանություններին», որին ավելի ուշ ամբողջացնելու եկավ Սուրբ Էջմիածնի խոսնակի բողոքը: Սակայն շուտով պարզվեց որ արճճով լցած ականջների հետ գործ ունենք, նաև որ նրանք ոչ թե «սխալվել» են, այլ այդպես է իրենց ձեռք տալիս: Ու մենք անարձագանք մնալուց հետո, պարտավորված պաշտոնապես դիմեցինք Իրանի պետական կառույցներին և մամուլին, որպեսզի ճիշտ տիտղոս օգտագործեն Արամ Վեհափառի համար: Բարեբախտաբար, պարսկական կողմը հասկանալով հարցի նրբությունը սրբագրեց իր ակամա սխալը, բայց մեր հատվածապաշտները դեռ նոր բացատրություններ են փնտրում պարզ հասարակությանը խաբելու համար ու պատրաստ չեն հետ կանգնել իրենց կործանարար արարքներից:
Ուստի մեզ մնում է Տանն Կիլիկիո Գահակալին, հիշեցնելով իր իսկ բառերը՝ «...լաւ ղեկավարը դա այն մարդն է, ով կարող է ճիշդ ձեւով «կարդալ ժամանակի նշանները», դրանք ճիշդ հասկանալ, ընկալել եւդրանից յետոյ ընդունել համապատասխան, տեղին որոշումներ, մօտեցումներ», հավելել, որ.
Վեհափառ Տեր,
Արդարև, արևի հզոր լույսի ներքո, հեռու բնական ու արհեստական ստվերներից, Ձերդ Վեհության և ողջ Հայության դիմաց փռված է մեր իրականությունը, իսկ «ժամանակի նշանները» գրեթե անպակաս են, որոնց կարդալու, ճիշտ հասկանալու, ընկալելու և ապա որոշումներ ընդունելու համար աչքից առաջ կամք է հարկավոր:
Հեղինակ՝ Մովսես Քեշիշյան, Թեհրան, «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր
20/12/16