Արցախցի ընկերներիս
Загрузка
X


Արցախցի ընկերներիս

Аналитика / 27.04.2018

Լուսանկարը` zham.ru / Inna Shimalyan

Սիրելի ընկերներ,

այս օրերին բոլորս շատ հուզված ենք, շատ մտահոգ, «ի՞նչ կլինի հետո» հարցը ներծծվել է մեր մեջ, գրավել մեր միտքը, սիրտը: Իրադարձությունների հետեւից երբեմն չես հասցնում. այն ինչ կատարվել ու կատարվում է ընդունելը շատերի համար դժվար է: Մտահոգությունները բազմաթիվ են, ինչպես կարծիքներն ու գնահատականները: Սակայն վերջին երկու օրվա ընթացքում ինձ համար մտահոգվելու մեկ այլ հանգամանք եմ հայտնաբերել:

Ընկերներիցս շատերը Մայր Հայաստանում տեղի ունեցած ընդվզումը եւ նրա առաջնորդին պախարակող նյութերով են կիսվում: Հասկանում եմ, որ դրանով ձեր մտահոգությունն եք արտահայտում, բայց ակամա մոռանում եք, որ խոսքը տասնյակ հազարավոր ընդվզողների մասին է, ոչ միայն Նիկոլի: Երբեւէ չեք մտածել, թե ինչու են այդ մարդիկ գնացել «իրենից ոչինչ չներկայացնող Նիկոլի» հետեւից: Թե՞ մեծն Սորոսը 10 հազար դրամ է գցել յուրաքանչյուրի գրպանը: Հիմա փողոց թափված դժգոհությունից, որ սպառնում է տապալել իշխող կարգերը,դժգոհ եք: Սովորել ենք Ավոյի «Եթե մենք կորցնենք Արցախը» հայտնի արտահայտությունը կրկնել ամեն առիթով, իսկ վերջին տասը տարիներին Մայր Հայաստան գնալ-գալով չե՞ք նկատել, որ կորցնում ենք Հայաստանը, չե՞ք փորձել Երեւանի շենշող կենտրոնի փոխարեն մի գյուղ գնալ, որտեղ միայն կանայք ու երեխաներ են, մոլերից բացի նաեւ երթուղայինում մարդկանց հոգնատանջ դեմքից ու հագուկապով գուշակել ինչով են ապրում, միշտ պայծառ ու գեղեցիկ երիտադարդների մասին չեմ խոսում, այլ նրանց բարօրության մասին հոգացող ծնողների:

Ուզո՞ւմ եք տեսնել 93-ի Ստեփանակերտը: Գնացեք Գավառ. ուրվականների քաղաք է: Այդ դեպքում ամբոխների խելագարությունը կհասկանաք գոնե ու կհարգեք, գուցե: Նիկոլի մասին. երբեք կռապաշտ չեմ եղել, այնպես որ ընդունելով, որ նրան հաջողվեց արթնացնել հոգեվարքի մեջ գտնվող երկիրը, էն գլխից ասեմ, որ նիկոլապաշտների շարքից չեմ: Բայց ինձ համար անընդունելի է, որ շատերդ լծվել եք նրան սեւացնելու գործին:

2008-ին ազատագրված տարածքների մասին նրա ասածն են շրջանառության մեջ դրել, ու դուք դա տարածում եք: Ինչո՞ւ նույն եռանդով զուգահեռ չեք տարածում Մադրիդյան սկզբունքները, որ հռչակվեցին 2007 թվականի դեկտեմբերին, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, հիշեցնելու կարիք կա՞, որ դրանցով ընդամենը 10-15 կմ-անոց միջանցք է թողնվում մեզ, նունիսկ հրաշագեղ Ծիծեռնավանքը պիտի հանձնվի: Ինչո՞ւ շրջանառության մեջ չեք դնում Սերժ Սարգսյանի հանրահայտ արտահայտությունը`թե Աղդամը մեր հայրենիքը չէ, ինչո՞ւ եք մոռանում, որ բանակցությունները չնայած ԱՀ իշխանության բազմաթիվ մտահոգությունների ու վերապահումների, որ տարբեր մակարդակներով են արտահայտվել, հենց մադրիդյան սկզբունքների շուրջ են:

Դա ոչ ես եմ հնարել, ոչ էլ Նիկոլը: Տարածքների վերադարձի շուրջ բանակցությունների եւ երեք շրջան տալու պատրաստակամության մասին ինքը Սերժ Սարգսյանը հայտարարեց ապրիլյան պատերազմից հետո: Առ այսօր նա չի հերքել, որ այդպես չէ: Մեր` ղարաբաղցիների իշխանության օրոք ընդունված ՀՀ անվտանգության հայեցակարգում էլ ընդամենը Արցախի հետ ցամաքային կապի ապահովման մասին կա խոսք, տարածքները չկան:

Այնպես որ Նիկոլը 2008-ին չի խախտել այս պետական փաստաթղթի տրամաբանությունը: Չէր խանգարի, որ կարդաք նաեւ նրա հոդվածները, ելույթները 2016-ից հետո, երբ առաջնագիծ այցելեց ԱՀ իշխանությունների հրավերով: Այնպես որ, երբ հրապարակում եք նրա նկարները ԼՏՊ-ի հետ, հրապարակեք զուգահեռ նաեւ Արցախի իշխանավորների հետ ունեցած փոխհարաբերությունների մասին վկայությունները, հրապարակեք թե Նիկոլի, թե նոյն ԼՏՊ -ի ասածները:

Ինչքան էլ մենք մոտ լինենք շփման գծին, մի մոռացեք, որ առաջնադիրքում կանգնած տղաների ծնողներն ու հարազատներն են Երեւանի եւ Գյումրու փողոցներում: Տղաների անվտանգությունը նրանց համար մի՞թե կարեւոր չէ: Ու մի որոշեք խաբվել են նրանք, կխաբվեն թե ոչ:  Նրանք չեն ուզում ապրել այնպես, ինչպես երեկ: Եկեք հարգենք նրանց ընտրությունը:

Հեղինակ՝ Լուսինե Ավանեսյան, Ստեփանակերտ