Նկարիչ, ռեժիսոր Ալիկ Ասատրյանը «Ժամ»-ի վաղեմի բարեկամն է։ Ստեղծագործ, պրպտուն, անհանգիստ, մտահղացումներով ու եռանդով լեցուն, տաղանդավոր...
Բայց նրա հետաքրքրությունները միայն գեղարնկարներով ու կինոյով չեն սահմանափակվում։ Ճշմարիտ մտավորականի նման իր ժողովրդի, երկրի, մշակույթի ապագայով մտահոգ նա փորձում է այդ մտահոգության շուրջ հավաքել ոչ անտարբեր տարբեր մարդկանց, մտավորականների ու արվեստագետների...
Ալիկի առաջարկով սկզբում որպես խաղ սկսված «22 բառ» նախաձեռնությանը (առաջարկված հայերեն 22 բառով ստեղծագործություն գրել) արձագանքեցին շատերը՝ գրելով, բացահայտելով ու բացահայտվելով... շատ հետաքրքրական է, որ «խաղի մեջ մտան» նաև շատ օտարազգիներ։
Խաղը, սակայն դրանով չավարտվեց, շարունակվեց ու դարձավ մտավորականների հավաքատեղի՝ «22-ի միություն», մի յուրօրինակ մերօրյա «Վերնատուն», որը հավակնում է մեր գրականության նշանավոր «ՎԵՐՆԱՏԱՆ» հետ «ազգակցական կապ» հաստատել։
Ներկայացնում ենք Ալիկի կոչը, որը կարող է լինել նաև «22-ի միության» հիմնադրման յուրատեսակ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ։
44 : 2 = 22
Մենք՝ ես չեմ, մենք՝ ՄԵՆՔ ենք և ՄԵՐՈՆՔ: (Ալիկ Ասատրյան)
Սիրելի 22-ցիներ և մեզ կարդացողներ, սիրելի ժողովուրդ:
Այսօր 16.02.2018 թ. է, և այս օրվան ես շատ երկար եմ սպասել՝ ապրելով 25 տարի օտարության մեջ, փախչելով ինքս ինձնից, փախչելով իմ ազգից, գուցե, որ հոգուս ցավը չզգամ: Բայց, ինչպես ասում են, ինքդ քեզանից հեռու չես փախչի: Ասել եմ և նորից կասեմ՝ օտարության մեջ ապրեցի, բայց կարծես թե չապրեցի, մարմնիս փրկեցի իսկ հոգիս՝ ոչ:
Այս 25 տարիների թափառումներիս ընթացքում շատ բան արեցի օտար ազգերի համար, շատ տեղերում և երկրներում եղա, տեսա, սովորեցի, և եկավ մի օր (դա 2 տարի առաջ էր), որ 23 տարվա դադարից հետո սկսեցի գրել հայատառ, թեկուզ քերականական սխալներով: Եվ խոստովանեցի ինքս ինձ. «Մի՛ փախիր ինքդ քեզնից ու քո երկրից, քո ազգից, որի մասին մտածելուց սիրտդ միշտ մղկտացել է: Զգացի, որ կարոտս և սերս թաքցնել չեմ կարող, կարոտից քարն էլ կարող է ճաքել ու հիվանդանալ, ինչքան էլ որ քար լինեմ և ուժեղ լինեմ:
Եվ որոշումս կայացված է. միակ երկիրը, ուր ուզում եմ գնալ, Հայաստանն է, ու ինձ ոչինչ պետք չէ. կուզեմ գնալ Մեղրու սարերը, որտեղ ծնվել եմ, հովիվ լինեմ իմ Անդրանիկ պապի նման, ապրեմ այնպես, ինչպես մանկությանս տարիներին. սարերում, ոչխարների ու այծերի կողքին: Ես կատակ չեմ անում:
Ասեմ կարճ. ես վերադառնալու եմ իմ երկիր, դա որոշված է։ Եվ եթե մի բան ունեմ տալու որևէ մեկին, ուզում եմ տալ իմ ազգին:
Դպրոցում լավ չեմ սովորել, հաճախ այդ մասին գրել եմ ֆեյսբուքում, բայց միշտ սիրել եմ կարդալ։ Մանկուց շատ եմ կարդացելմ Հովհանես Թումանյան։ Թումանյանի հեքիաթները շատ էի սիրում, երբ երեխա էի, այնքան էի կարդում, որ 10-ից ավելի հեքիաթ նույնիսկ անգիր գիտեի՝ բառ առ բառ, կետով ու ստորակետով: Հիմա տարիքի հետ մոռացել եմ, բայց հաստատ 2-3-ը հիշում եմ անգիր գրքի բառերով և մի օր սիրով կպատմեմ դրանք ձեզ:
Բայց ինչո՞ւ եմ սա գրում: Ասեմ. երբ հետագայում երկար տարիներ կարդում էի բազմաթիվ ուսմունքներ, փիլիսոփայություներ, կարծես ինձ համար նոր չէին դրանք, այդ ամենը, ինչ ասում էին փիլիսոփաները և հոգևոր ուսուցիչները, վստահ ասեմ, այդ մասին գրել էր Թումանյանն իր հեքիաթներում: Թումանյանն ինձ համար սոսկ գրող չէ, նա մեծն փիլիսոփան է հայ ազգի, և հոգևոր ուսուցիչը, որն իր պարզ հեքիաթներում պատմել ու բացահայտել է մարդկային կյանքի խորհուրդը:
Իսկ ասելիքիս շարունակությունը Ձեզ համար պարզ կդարձնի, թե ինչու ծնվեց 22 միությունը:
Ես այն սկսեցի մենակ, բայց այսօր արդեն իմ կողքին կանգնած են մեկ տասնյակից ավելի մարդիկ, իմ ստեղծագործող ընկերները, որոնք հավատացին այդ գործին: Կարճ ժամանակում մենք ունեցանք մեր ստեղծագործական խաղի 80-ից ավելի մասնակիցներ և 200-ից ավելի ընթերցողներ, մեր հայրենակիցները՝ սփռված աշխարով մեկ:
22-ը շարունակում է Մեծն Թումանյանի կիսատ թողած գործը, որը մտահոգությունն էր իր ազգի, և մենք կանգ չենք առնելու: Այսօր մեր կողքին կանգնած է հայերի մի մեծ բանակ, որը ողջունում է մեզ, և մեր գնացքը, որի շարժիչ ուժը սերն է, ազնվությունն ու մաքրությունը, չի կանգնելու, գնալու է առանց կանգառի:
Շնորհակալություն 22-ի թիմի 10 անդամներին, որոնք կանգնեցին իմ կողքին, և ամեն օր նրանք ավելանում են։ Մենք հաղթելու ենք խավարին ու ստին արվեստի լույսի ուժով ու սիրով, ընդամենը խաղ խաղալով:
Մեր ոգեշնչման աղբյուրը «Վերնատուն» գրական ակումբն է, որը հայ գրողների առաջին միավորումներից մեկն էր, որ Հովհաննես Թումանյանի ջանքերով ստեղծվեց 1899 թվականին, Թիֆլիսում: «Վերնատան» անդամները հավաքվում էին Թումանյանի բնակարանում, որը այդ տան վերջին՝ չորրորդ հարկում էր գտնվում։ Այստեղից էլ ծնվել է միավորման անվանումը՝ «Վերնատուն»։ Գրական այդ յուրօրինակ ակումբի մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը` իրար տեսնելու , զրույց անելու: Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև ընդհանուր քննարկման ու քննադատատման էին ներկայացնում իրենց գործերը: Մշտական անդամներից բացի, որոնցից էր նաև Նիկոլ Աղբալյանը, «Վերնատան» հանդիպումներին մասնակցում էին Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլ անվանի գործիչներ։
«Վերնատունը» գործեց մինչև 1908 թիվը, ապրեց 7-8 տարի և դադարեցրեց իր գոյությունը` անդամների բացակայության և տարբեր վայրեր ցրված լինելու հետևանքով: Հետագայում, 1912-ին, հենց այդ միավորման հենքի վրա Թիֆլիսում հիմնադրվեց Հայ գրողների կովկասյան ընկերությունը՝ փաստացի հայ գրողների առաջին միությունը, որի նախագահը նույնպես Հովհաննես Թումանյանն էր:
Սա էլ բնակարանի հասցեն՝ Թիֆլիսի Բեհրության փողոց 44 տուն:
44 : 2 = 22 ՄԻՈՒԹՅՈՒՆ
Ի տարբերություն «ՎԵՐՆԱՏԱՆ», այսօրվա հնարավորություններն անհամեմատ մեծ են: Մեր հավաքման վայրը, այսինքն՝ մեր հասցեն է. Ֆեյսբուք «22 ՄԻՈՒԹՅՈՒՆ», որին կարող են մասնակցել ամենքը, ամեն պահ, անկախ գտնվելու վայրից, անկախ մասնագիտությունից, անկախ ազգությունից: Ստեղծագործում ենք ամենքս մեր հնարավորությունների չափով. ոչ մի սահմանափակում, ոչ մի «մասնագիտական» սպանիչ քննադատություն: Մեր նպատակն է մարդկանց մեջ ոչ թե հայտնաբերել, այլ արթնացնել քնած տաղանդն ու լիցք հաղորդել, սեր արթնացնել արարելու ու ստեղծելու գանձեր, որոնք անչափ կարևոր են և ուղղված են մարդկային խաթարված արժեհամակարգը մաքրագործելուն, բարձրացնելուն:
Եվ ի տարբերություն «ՎԵՐՆԱՏԱՆ», «22 ՄԻՈՒԹՅՈՒՆԸ», ոչ թե «մեծերի» հավաքման վայրն է, այլ մեր միջից նոր տաղանդների հայտնաբերման:
Մենք` ես չեմ, ՄԵՆՔ` մենք ենք:
Ահա Մեր Տապան-Վերնատնեցիք, որոնք հավատացին լույսին, (լույս ասելով ինձ նկատի չունեմ, խոսքս արևի լույսի մասին է, որը կյանքի աղբյուրն է) և գնում են իրենց լույսը սփռելու:
Կեցցե՛ք դուք, Բոլո՜րդ։
+ + + + + + + + + + + +
2. Աելիտա Հովսեփյան
3. Արմեն Արխե Խեչումյան
4. Գայանե Խաչատրյան
5. Գարրի Արզումանյան
6. Էմմա Գրիգորյան
7. Լյուդմիլա Խաչատրյան
8. Լուսինե Խաչատրյան
9. Մուշեղ Եսայան
10. Միքայել Ավագյան
11. Նատալի Դավիթավյան
12. Նարին Փայլակյան
13. Սոնա Քոլոզյան
14. Տիգրան Պալյան
15. Ջանետ Ասատրյան
16. Հայկ Մելքումյան
0. Ալիկ Ասատրյան