Եղեգնյա գրչով. գրական Երևան | Հովհաննես Թումանյան
Загрузка
X


Եղեգնյա գրչով. գրական Երևան | Հովհաննես Թումանյան

Наследие / 20.01.2018

Ժողովրդի պատմության շոշափելի վկայությունները միայն հուշարձանները չեն։ Մարդկանց մասին պատմող թերևս ամենահետաքրքիր «վկաները» տներն են, որտեղ ապրել ու ապրում են նրանք։ Հատկապես այն տները, որոնք իրենց նշանավոր տերերից հետո դարձել են թանգարաններ կամ տուն-թանգարաններ։

«Ժառանգություն» խորագրով այս անգամ ներկայացնում ենք «գրական Երևանը». կպատմենք հայ մեծանուն գրողների՝ Երևանում գործող տուն-թանգարանների մասին։

Իսկ դրանք սոսկ թանգարաններ չեն։ Այստեղ են ամփոփված այն մարդկանց կյանքի պատմությունները, ժառանգությունը, որոնք «եղեգնյա գրչով երգել» են աշխարհի չարն ու բարին, նրանց, ում միջոցով այսօր հավասարի իրավունքով խոսում ենք աշխարհի հետ ու միանում համաշխարհային մտքի պատմությանը։

Երևանում գործում են վեց գրողների տուն-թանգարաններ` Խաչատուր Աբովյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Դերենիկ Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան։

Կառուցվում է նաև Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը, որը, ըստ նախագծի, պետք է լինի կրթական, գիտական, մշակութային կենտրոն։ Բացի թանգարաններից` Երևանում քայլելիս տարբեր շենքերի պատերին կամ բակերում կարելի է տեսնել հուշաքարեր` այս տանն ապրել է Ակսել Բակունցը, Վահագն Դավթյանը, Կոստան Զարյանը, Մկրտիչ Արմենը, Լյուդվիգ Դուրյանը, Պարույր Սևակը և այլ գրողներ, և դա ավելի մտերմիկ ու հարազատ է դարձնում մեր քաղաքը։  

«Գրական Երևանը» սկսեցինք բացահայտել բարձունքից` Քանաքեռից, որտեղ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է։ Հիմա իջնենք կենտրոն:

Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանը Երևանում, ճարտարապետ` Գրիգոր Աղաբաբյան, 1953 թ.

Հովհաննես Թումանյան. «Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին» 

Քանաքեռի բարձունքից դեպի քաղաքի կենտրոն իջնելը «տևում» է ավելի քան կես դար. մայրաքաղաքի սրտում վեր է խոյանում հայ գրականության մեկ այլ նվիրյալի` Աբովյանից մոտ 60 տարով երիտասարդ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։ Նրանք կյանքում չեն հանդիպել, սակայն Թումանյանի հայտնի գրադարանում հայտնված առաջին գիրքը հենց Աբովյանի «Վերք Հայաստանին» էր։

Թումանյանի հայտնի գրադարանը

Թումանյանն այն եզակի գրողն է, որին կարդում են բոլոր տարիքի մարդիկ` սկսած վաղ մանկությունից մինչև խոր ծերություն։ Թանգարանում հասկանում ես նաև, որ ավելի հեշտ է նշել այն ոլորտները, որոնցով նա չի զբաղվել, քան հակառակը։

Թումանյանի լուսանկարը, 1914 թ.

Այս տուն-թանգարանում Թումանյանը թեև երբեք չի ապրել, սակայն այստեղ վերստեղծված է նրա թիֆլիսյան բնակարանների, այդ թվում` հայտնի Վերնատան մթնոլորտը` գրողի անձնական իրերով, կահույքով, գրադարանով, անգամ հենց իր` Թումանյանի «ներկայությամբ»։ Այո՛, հայ մտավորականների հավաքատեղի Վերնատանը քայլում, թերթ է կարդում ինքը` Հովհաննես Թումանյանը։ «Ժամի» հետ զրույցում թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանն ասաց, որ «Պատրանք վերնատանը» խորագիրը կրող 3D պատկերը շատ է ոգևորում երեխաներին: Տեսնելով սիրելի գրողին իրենց առջև կանգնած` նրանք խոսում են նրա հետ, ձեռքով անում։

Գրողի աշխատասենյակը

Թումանյանի տանն, անշուշտ, ամենաուշագրավը նրա պատկառազդու գրադարանն է. գրողը հավաքել է մոտ 10 հազար գիրք։ Այժմ թանգարանում ցուցադրվում է նրա գրքերից 8150-ը, որոնցից միայն մոտ 2,5 հազարն է հայերեն։ Ընտանիքի անդամները հնատիպ, բացառիկ մի շարք գրքեր նվիրել են Երևանի Մատենադարանին, մի մասն էլ գրողն է նվիրել կամ տվել ընկերներին կարդալու, և նրանք չեն վերադարձրել։ Մի օր էլ, երբ նկատել է, որ գրադարանից շատ գրքեր են պակասում, քողարկել է պահարանների ապակիները, որպեսզի հյուրերը չգայթակղվեն ու գիրք չխնդրեն։

Վերնատան անդամները՝ Ա. Իսահակյան, Ղ. Աղայան, Հ. Թումանյան, Լ. Շանթ և Դ. Դեմիրճյան, 1903 թ.

Մասնագետներն ասում են, որ Տոլստոյի, Գյոթեի և Թումանյանի գրադարաններն ամենահարուստը և բազմաբովանդակն են գրողների գրադարանների մեջ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ռուս և գերմանացի հանճարներն իրենց նախնիներից ժառանգել էին գրքեր, իսկ Թումանյանը բոլորն ինքն էր հավաքել։ Գրադարանում կան հազվագյուտ հրատարակություններ, գրքեր գրեթե ամեն ինչի մասին` բնական և հասարակական գիտություններ, արվեստ, կրոն, գեղարվեստական գրականություն։ Եվ գրեթե բոլոր գրքերի էջերում Թումանյանի նշումներն են։

Թումանյանը դուստրերի՝ Սեդայի, Անուշի, Նվարդի, կնոջ՝ Օլգայի, ինչպես նաև Ս. Լիսիցյանի և Ա. Առաքելյանի հետ

Թումանյանը նաև կոլեկցիոներ էր ու տեխնիկան նորույթների սիրահար։ Օրինակ` ուներ երեք լուսանկարչական ապարատ, և դրանց շնորհիվ պահպանվել են մտավորականների, նրա ընտանիքի անդամների բազմաթիվ լուսանկարներ։ Մասնագետները նշում են, որ Թումանյանը հիանալի լուսանկարիչ էր։ Նա նաև հավաքում էր բազմաթիվ առարկաներ, որոնք բոլորը միանգամից ցուցադրելը պարզապես անհնար է, ուստի դրանք այցելուներին ներկայացնելու նպատակով  թանգարանում հաճախ կազմակերպվում են թեմատիկ ցուցադրություններ։ Երբ մենք թանգարանում էինք, ցուցադրվում էր գրողի հանքաքարերի հավաքածուն. նա հետաքրքրված էր երկրաբանությամբ, ուզում էր, որ իր երեխաներից մեկը երկրաբան-գիտնական դառնա, որպեսզի Հայաստանի հանքերի ճակատագիրը հայ մասնագետների ձեռքում լինի։

Թումանյանի հանքաքարերի հավաքածուն

Թումանյանը նաև մեծ գեղագետ էր. տան կահավորանքը, հագուստը, ամեն ինչ չափազանց գեղեցիկ է։ Եվ այդ ամբողջ գեղեցկության վրա իշխում էր Թումանյանի կախարդական, իմաստուն խոսքը, որը վայելելու համար նրա տանն էին հավաքվում ժամանակի անվանի մտավորականները։ 

Թախտ, գորգ, բարձ, քառյակի թղթեր՝ տուփի մեջ. սա արդեն Թումանյանի արևելյան սենյակն է, որտեղ գրվել են նրա անկրկնելի քառյակները։ Նա համոզված էր, որ լուրջ բաներ դեռ չի գրել, դեռ նոր պիտի սկսի գրել։

Հյուրասենյակը. ռոյալը, սադափազարդ, ոսկենախշ աթոռները, որոնք Նապոլեոն Բոնապարտի ժամանակի կահույք են

 

Տիգրանուհի Ներսեսյան, Երևան, «ԺԱՄ», աշուն 2017 թ. Լուսանկարները՝ Իննա Շիմալյանի