Եղեգնյա գրչով. գրական Երևան | Խաչատուր Աբովյան
Загрузка
X


Եղեգնյա գրչով. գրական Երևան | Խաչատուր Աբովյան

Наследие / 20.01.2018

Ժողովրդի պատմության շոշափելի վկայությունները միայն հուշարձանները չեն։ Մարդկանց մասին պատմող թերևս ամենահետաքրքիր «վկաները» տներն են, որտեղ ապրել ու ապրում են նրանք։ Հատկապես այն տները, որոնք իրենց նշանավոր տերերից հետո դարձել են թանգարաններ կամ տուն-թանգարաններ։

«Ժառանգություն» խորագրով այս անգամ ներկայացնում ենք «գրական Երևանը». կպատմենք հայ մեծանուն գրողների՝ Երևանում գործող տուն-թանգարանների մասին։

Իսկ դրանք սոսկ թանգարաններ չեն։ Այստեղ են ամփոփված այն մարդկանց կյանքի պատմությունները, ժառանգությունը, որոնք «եղեգնյա գրչով երգել» են աշխարհի չարն ու բարին, նրանց, ում միջոցով այսօր հավասարի իրավունքով խոսում ենք աշխարհի հետ ու միանում համաշխարհային մտքի պատմությանը։

Երևանում գործում են վեց գրողների տուն-թանգարաններ` Խաչատուր Աբովյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, և Սիլվա Կապուտիկյան։ Կառուցվում է նաև Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը, որը, ըստ նախագծի, պետք է լինի կրթական, գիտական, մշակութային կենտրոն։ Բացի թանգարաններից` Երևանում քայլելիս տարբեր շենքերի պատերին կամ բակերում կարելի է տեսնել հուշաքարեր` այս տանն ապրել է Ակսել Բակունցը, Վահագն Դավթյանը, Կոստան Զարյանը, Մկրտիչ Արմենը, Լյուդվիգ Դուրյանը, Պարույր Սևակը և այլ գրողներ, և դա ավելի մտերմիկ ու հարազատ է դարձնում մեր քաղաքը։  

Խաչատուր Աբովյանի տուն–թանգարանը Երևանում, ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան, 1979 թ., Աբովյանի արձանը, հեղինակ Անդրեաս Տեր–Մարուքյան, 1913 թ.

Խաչատուր Աբովյան. «Լեզուս բաց ա էլել» 

Խաչատուր Աբովյանի միակ դիմանկարը, հեղինակ` Լյուդվիգ ֆոն Մայդել

«Գրական Երևանը» սկսենք բացահայտել բարձունքից` Քանաքեռից, որտեղ ավելի քան երկու դար առաջ ծնվեց գրող, մանկավարժ, լուսավորիչ, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը։

Աբովյանների տոհմատունը, կառուցված 18-րդ դարում

Նրա մասին խոսելիս հաճախ ենք օգտագործում «առաջինը» բառը. առաջինը օգտագործեց աշխարհաբարը որպես գրական լեզու, եղավ հայ ազգագրության և բանագիտության սկզբնավորողներից մեկը, ավելին` ոչ միայն հավաքեց բանահյուսական տեքստերը, այլև թարգմանեց` դրանք հասանելի դարձնելով եվրոպացի ուսումնասիրողներին, ստեղծեց ռուս-հայերեն առաջին զուգադրական քերականությունը։ Իսկ նրա և Դորպատի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս, ճանապարհորդ և հետազոտող Ֆրիդրիխ Պարրոտի վերելքը Արարատ լեռը շրջադարձային եղավ, քանի որ դա առաջին դեպքն էր համաշխարհային լեռնագնացության պատմության մեջ, որ վերելքը հաջողությամբ պսակվեց։ Առաջին հայերեն գլոբուսը ևս կազմել է Աբովյանը։

Խաչատուր Աբովյանի գրասեղանը` բերված Դորպատից, վրան նրա կազմած առաջին հայերեն գլոբուսն է, 1832 թ.

Ի դեպ, Երևանում թանգարան ունեցող գրողներից Աբովյանը միակն է, ով այստեղ ունի պապական տուն։ Եվ թանգարանն էլ կառուցվել է հենց այդ` Աբովյանների տոհմատան վրա` ասես պաշտպանելով հին տունը։ Տոհմատունը, բաղկացած թոնրատնից, մառանից, հյուրասենյակից և պատշգամբից, ձևավորված է այնպես, ինչպես հեռավոր 1805 թվականին, երբ այստեղ ծնվեց Աբովյանը։ Տոհմատոանն է նաև այն օրորոցը, որի միջից աշխարհին է նայել մանուկ Խաչատուրը։

Մանուկ Խաչատուրի օրորոցը տոհմատանը։

Համալսարանական տարիների պատկերն են ստեղծում ուսանող Աբովյանի գրասեղանն ու աթոռները, որոնք հատուկ թանգարանի համար բերվել են Դորպատից։ Էստոնիայից է բերվել նաև արդեն հիշատակված հայերեն առաջին գլոբուսը։  Այստեղ հնարավոր է տեսնել անգամ Աբովյանին Դորպատում ուսանելիս, սակայն ոչ թե անզեն աչքով, այլ՝ մանրադիտակով. բրնձի հատիկի վրա նրան պատկերել է հայտնի մանրաքանդակագործ Էդվարդ Ղազարյանը։

Աբովյանների տոհմատունը, 18-րդ դ.

«Աբովյանից միայն մեկ նկար է պահպանվել. նրան նկարել է գերմանացի գեղանկարիչ Լյուդվիգ ֆոն Մայդելը։ Հետագայում Աբովյանի որդի Վարդանը խնդրել է անվանի գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանին` վերականգնել նկարը, քանի որ այն անխնամ վիճակում էր և հետագայում այդ գեղանկարից է արվել Աբովյանի լուսանկարը»,— «Ժամ»-ին  պատմեց թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը։

Տուն–թանգարանի ցուցասրահը

Ցուցադրված են նաև բազմաթիվ ձեռագրեր, Արարատ բարձրանալիս արված գրառումները, փաստաթղթեր, հնատիպ տպագրության գրքեր, մի խոսքով` այն ամենը, ինչ կապված է Աբովյանի և նրա ապրած ժամանակի հետ։

Տիգրանուհի Ներսեսյան, Երևան, «ԺԱՄ», աշուն 2017 թ. Լուսանկարները՝ Իննա Շիմալյանի