«Չհարցրեցիք, արդյո՞ք երջանիկ եմ…»
Загрузка
X


«Չհարցրեցիք, արդյո՞ք երջանիկ եմ…»

Лицей / 02.09.2017

Սփյուռքահայ  երեխաները  իրենց ամենօրյա կենսապայքարում  ունեն  մղելու մի կարևոր պայքար ևս` հայ մնալ:

Իսկ արդյոք հայ ինքնության պահպանումը գիտակցվու՞մ ու կարևորվու՞մ է, արդյոք այն այդքան պարտադի՞ր է: Հեշտ չէ պահպանել ազգային ինքնությունդ մի հասարակությունում, ուր իշխում են օտար բարքեր:

Այս խնդիրը դրված է Հայաստանից դուրս մեծացող շատ երիտասարդների առջև, որոնցից շատերն ընդունում են իրենց հայկական ծագումը անվերապահ՝  ֆրանսիացի, ավստրիացի, գերմանացի լինելուց առաջ` ասում են, որ հայ են:

Մեր զրուցակիցը 15-ամյա Սիրանույշն է, որը ծնվել և ապրում է Վիեննայում։ Նա աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի դուստրն է։

— Հայկական ի՞նչ երգեր ես սիրում, կամ ի՞նչ կոմպոզիտորներ ու երգիչներ գիտես հայ, որ լսում ես իրենց ստեղծագործությունները։

Կոմիտաս եմ սիրում լսել, նաև Արամ Խաչատրյանի «Տոկկատան» դաշնամուրի համար, որը նաև նվագում եմ:

— Իսկ օտա՞ր։

Oտարներից սիրում եմ Բեթհովենին:

— Հայաստանում եղե՞լ ես։

Ամեն տարի պարտադիր լինում եմ Հայաստանում և անհամբեր եմ միշտ:

— Ամենավառ հիշողությունդ Հայաստանից։

Բակային խաղերը երեխաների՝ հիմա արդեն, իմ տարեկիցների հետ:

— Կուզենայի՞ր ապրել Հայաստանում։

Չգիտեմ, չեմ կարող ասել... ես Հայաստանով եմ ապրում:

— Սիրածդ քաղաքը ո՞րն է։

Նիցցան:

— Ո՞վ է այն մարդը քո կյանքում, որի կարծիքն ամենակարևորն է։

Մայրիկս...

— Ի՞նչ գրքեր ես կարդում։ Ո՞վ է գրքի քո հերոսը։

Նոր եմ սկսել կարդալ «Աննա Կարենինան», բայց արդեն շատ տպավորված եմ Աննայի կերպարով, բացի այդ սիրածս հերոսը՝ Փիթեր Պենը, Ջեյմս Բարիի համանուն վեպից:

— Ի՞նչ ես սիրում անել ամենից շատ։

Նոր մարդկանց հետ ծանոթանալ, շփվել...

— Ամենասիրածդ ուտելիքը ո՞րն է։

Հայ տատիկիս պատրաստած յուրաքանչյուր ուտեստ:

— Երբ լսում ես «Հայաստան» բառը, ի՞նչ ես հիշում առաջինը։

Տատիկիս և ծիրան... ընդհանրապես Հայաստանի պտուղները:

— Մայրիկի հանրաճանաչ լինելը կյանքդ հեշտացնու՞մ է, թե՞ դժվարացնում։

Մայրիկի հանրաճանաչ լինելը միայն հարստացնում է իմ կյանքը:

— Իսկ քո ապագա մասնագիտությունը կապ ունի՞ երգի հետ։

Միգուցե, դեռ ապագա մասնագիտությունս չեմ ընտրել:

— Ի՞նչ ես սիրում անել հանգստյան օրերին կամ արձակուրդներին։

Երաժշտություն լսել, երկար խորհել...

— Սիրածդ ֆի՞լմը, մուլտֆի՞լմը։

Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» ֆիլմը՝  Լեոնարդո դի Կապրիոի մասնակցությամբ, նաև «Ալիսան հրաշքների աշխարհում»։

— Ի՞նչ է քեզ համար ընկերությունը։

Երբ դու ինքդ դու ես` խաղալու կարիք չունես...

— Գեղանկարչություն սիրու՞մ ես։

Առհասարակ՝ մոդեռն, մեկ գիծը, մեկ շարժումը ինձ շատ ավելին է ասում, քան բացառիկ կատարված նկարը։ Սիրում եմ նաև Սարյանի գույները:

— Ի՞նչ թանգարաններ կան քո քաղաքում, որ հաճախում ես։

Բելվեդերը Վիեննայում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Երևանում:

— Ունե՞ս արվեստի սիրած գործ։

Ավելի նախնտրում եմ անհայտ գործեր, դեռ չունեմ շա՜տ սիրված մի գործ, որը կառանձնացնեի:

— Ի՞նչ հարցի կուզենայիր պատասխանել, որ մենք չտվեցինք։

Չհարցրեցիք, արդյո՞ք երջանիկ եմ, կպատասխանեի՝ այո, որովհետև այսպիսի ընտանիքում եմ ծնվել:

 

Զրուցեց Աննա Ամատունին, «Ժամ» ամսագիր, 2016 թ.