Հերբերտ Գրեգի վավերագրական աշխարհը
Загрузка
X


Հերբերտ Գրեգի վավերագրական աշխարհը

Одна сотая секунды / 11.06.2017

Գրեթե երկու դար առաջ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի շնորհիվ լուսանկարչությունը դարձավ իրականության արտացոլման միջոց: Նրա հեղինակած առաջին լուսանկարն այնքան էլ լավ որակ չուներ, սակայն հենց դրանով սկսվեց լուսանկարչության պատմությունը: Այսօր լուսանկարչությունն արվեստ է, որը փորձ է անում ազատվել լոկ կյանքն «ինչպես որ է» պատկերելու պարտականությունից և հետզհետե դառնալ ավելի փորձարար, բազմաժանր, անիրական ու խենթ:

Մեր զրուցակիցն իրանահայ լուսանկարիչ Հերբերտ Գրեգ Քարիմ Մասիհին է: 

Կա՞ մի բան, որ լուսանկարչությունից ավելի ես սիրում:

— Այո՛, հայրենիք և ընտանիք: 

Արածդ հազարավոր նկարներից որոնցո՞վ ես հպարտանում:

— Յուրաքանչյուրն իր տեղն ունի, բայց որոշ պատմական հուշակոթողների ու նաև Արցախի հերոս զինվորների նկարները շատ թանկ են բովանդակային առումով: 

Սիրո՞ւմ ես նկարել Հայաստանում, ընդհանրապես հաճա՞խ ես լինում այնտեղ:

— Համագործակցում եմ Իրանի հայկական «Արաքս» շաբաթաթերթի և մի շարք պարսկական թերթերի և ամսագրերի հետ, ուստի հաճախ եմ գործուղվում տարբեր երկրներ: Ընդհանրապես սիրում եմ նկարել ամենուրեք, իսկ Հայաստանում առանձնահատուկ սիրով ու կարոտով եմ աշխատում, տարին մեկ-երկու անգամ անպայման լինում եմ այնտեղ: 

Որտե՞ղ կուզենայիր ապրել:

— Պապիկս ասում էր՝ այնտեղ, ուր մարդ կարողանում է դրամ աշխատել, չի կարողանում ապրել, իսկ այնտեղ, ուր կարողանում է ապրել, չի կարողանում դրամ վաստակել: Ես ծնվել եմ Թեհրանում, սովորել եմ սկզբում հայկական կաթոլիկ, այնուհետև Սողոմոնյան դպրոցներում: Լուսանկարչություն եմ ուսումնասիրել Թեհրանի արվեստի դպրոցում։ Ապրում և ստեղծագործում եմ այս քաղաքում, այստեղ են ապրում ընկերներս ու մտերիմ ազգականներս, սա իմ ծննդավայրն է: Իհարկե, կուզենայի ապրել և ստեղծագործել Վանում, իմ իսկական հայրենիքում, նախնյացս հողերի վրա, որը գտնվում է պատմական Հայաստանի արևմտյան հատվածում: Հուսամ՝ մի օր իրականություն կդառնա ցանկությունս: 

Հայտնի լուսանկարիչներից ովքե՞ր են դուր գալիս քեզ, կա՞ մեկը, որին ուսուցիչ ես համարում:

— Ուսուցիչ եմ համարում Ջոն Ստեյնմեյերին, Ստիվ Մաք Քյուրրիին, Ալֆրեդ Յաղուբզադեին, պարսիկ լուսանկարիչ Քամրան Ադլին: Իսկ ցանկացած լավ նկարի հեղինակ ինձ համար արդեն ուսուցիչ է: 

Ասում են՝ լուսանկարչության մեջ արհեստավարժը սիրողականից տարբերվում է միայն նրանով, որ առաջինի համար դա դրամ վաստակելու աղբյուր է: Համաձա՞յն ես:

— Այո, այդպես է հավանաբար: Կան շատ տաղանդավոր լուսանկարիչներ, որոնց համար լուսանկարչությունը դրամ աշխատելու միջոց չէ, այլ կենսակերպ: 

Նկարահանումից առաջ նախապես որոշո՞ւմ ես՝ ինչպես ես աշխատելու, թե՞ հանպատրաստից է ամեն բան ստացվում:

— Արվեստում հաճախ ավելի հաջողակ են հանպատրաստից գործերը, քանի որ երբեք չես կարողանում լիիրավ հասնել որոշածիդ, պահեր կան, որ երբեմն քեզ շատ ավելին են տալիս, քան կարող էիր սպասել: 

Սիրում ես ավելի շատ գունավո՞ր, թե՞ սև-սպիտակ լուսանկարներ:

— Շատերի մոտ սև-սպիտակ նկարների նկատմամբ թաքուն կարոտի զգացում կա: Բայց, ըստ իս, նկարն ու նրա բովանդակությունն են ճշտում, թե այն գունավոր պիտի լինի, թե ոչ: Այսինքն՝ կախված է նրանից, թե որ տարբերակով միտքդ կամ զգացածդ ավելի ճիշտ կարող ես փոխանցել: 

Ի՞նչ ժանր ես նախընտրում լուսանկարչության մեջ:

—Ես լուսանկարիչ-վավերագրող եմ, նախնտրում եմ նկարել Ճարատարապետություն, բնություն, առօրյա կյանք և պատերազմ: 

Քանի՞ տարեկանից ես նկարում:

— Միշտ կատակում եմ, որ ծննդյանս պահից ի վեր աշխարհը լուսանկարում եմ աչքերով, իսկ տեսախցիկով լուսանկարել սկսել եմ 14 տարեկանից: Առաջին լուրջ գործս ֆոտոշարք էր՝ նվիրված մեր տան բակի խոնավ պատին կպած մի խխունջի: Ոչ ոքի ցույց չեմ տվել երբևէ: 

Ի՞նչ տեխնիկայով ես նկարում: Արդյոք լավ նկար ստեղծելու համար կարևո՞ր է թանկ տեխնիկան:

— Իհարկե` ոչ: Ես դրական եմ վերաբերվում նույնիսկ այֆոնով նկարելուն, որովհետև լուսանկարչության մեջ ամենակարևորը գաղափարն է: Հիմա նկարում եմ Canon 1DX, 6D և 70D տեսախցիկներով: 

Ինչի՞ց ես ոգեշնչվում:

— Գրականությունից, ֆիլմերից, երաժշտությունից: Շատ եմ սիրում երգել ու կիթառ նվագել: Ինձ Իրանում գիտեն ոչ միայն որպես լուսանկարիչ, այլ նաև որպես երաժիշտ: 

Հայտնի մարդկանցից ո՞ւմ կուզենայիր նկարել:

— Էռնեստո Չէ Գևարային: Կուզենայի ճանաչել ու նկարել հեղափոխական շարժումների խորհրդանիշ այդ մարդուն, որը գործում էր համաձայն իր հայացքների և անկասկած ապրում իր համոզմունքներով: Մարդ, որն ունակ էր խորապես զգալ ցանկացած անարդարություն՝ աշխարհի որ կետում էլ այն կատարվեր: Նա իր օրինակով դաստիարակել ու դեռ շարունակում է դաստիարակել սերունդներ` դառնալով շատերի ոգեշնչման աղբյուրը: 

Բացի լուսանկարչությունից՝ ուրիշ ինչո՞վ ես զբաղվում:

— Երաժշտությամբ, համակարգչային նորոգումներով ու Իրանի ժամանակակից պատմության ուսումնասիրությամբ: Եթե լուսանկարիչ չդառնայի, հաստատ երաժիշտ էի դառնալու: 

Լինո՞ւմ է, որ ամիսներով չնկարես:

— Ոչ, երբեք: Պատահում է, իհարկե, որ մի քանի ժամ չեմ նկարում: 

Եղե՞լ են հետաքրքիր հանդիպումներ, որոնք չես մոռանում։ Ի՞նչ հետաքրքիր պահեր ես ապրել, որոնց մասին կուզենայիր պատմել մեր ընթերցողներին:

— Յուրաքանչյուր հանդիպում կարող է հետաքրքիր լինել, եթե իմանաս, թե ինչ ես ուզում և պատրաստ լինես քաղել պահի ընձեռած պտուղը: Իրաքում, 2010-ի պատերազմի օրերին լուսանկարում էի կրակոցների ձայնի ուղեկցությամբ: Հնամաշ շորերով երկու փոքրիկ աղջիկ դիմացի փողոցից հանկարծ նկատեցին, որ իրենց եմ նկարում ու վազելով փախան: Քիչ անց նորից հայտնվեցին նույն տեղում, բայց այս անգամ ցնցոտիների փոխարեն իրենց ամենագեղեցիկ շորերը հագած: Վերադարձան, որ նկարվեն սիրուն շորերով: Այս դեպքը միշտ հիշում եմ: Կարևոր չէ՝ պատերազմ է, թե խաղաղություն, կինը կին է մնում: Ասես կյանքը մահվան սպառնալիքի վրա ծիծաղեր այդ պահին: 

Մոտակա ի՞նչ ծրագրեր ունես:

— «Հայկական եկեղեցիները Միջին Արևելքում» խորագրով ցուցահանդես պիտի կազմակերպեմ մոտ ապագայում: 

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ լուսանկարիչներին:

— Նկարել, նկարել, նկարել, շատ ու շատ ու շատ... 

Ի՞նչ հարցի կուզենայիր պատասխանել, բայց ես չտվեցի:

— Ամենակարևոր հարցը մոռացար: Առողջությանս մասին չհարցրեցիր: Շնորհակալություն, լա՛վ եմ:

Զրույցը՝ Աննա Գիվարգիզյանի