Անի Չեքիջյանը լիբանանահայ գրող է, ծնվել է Բեյրութում, ինչպես ինքն է ասում՝ ծնվել է հենց այն ժամանակ, երբ Լիբանանը քաղաքացիական պատերազմի մեջ է եղել ու իր մանկությունն էլ անցել է վտանգների ու վախերի մեջ։ Բայց դա չի խանգարել, որ նա փայլուն կրթություն ստանա տեղի հայկական վարժարաններում և հետագայում ընտրի գրողի բարդ, բայց միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր ճանապարհը։
Անին մեկ ամսով Հայաստան էր եկել արձակուրդներն անցկացնելու և մեծ սիրով համաձայնեց հարցազրույց տալ մեր ամսագրին, վերջում անթաքույց հուզմունքով ու խանդավառությամբ ասաց. «Ես դեռ հայտնի գրող չեմ, բայց որքա՜ ն երջանիկ եմ, որ Ռուսաստանի հայերը նույնպես պիտի կարդան իմ մասին, պիտի ճանաչեն ինձ, աշխարհում սփռված բոլոր հայերս էլ պիտի լավ ճանաչենք իրար, էդպես մենք ավելի ուժեղ կլինենք»։
— Այո, ընդ որում, հենց այդ մասնագիտություններով էլ ստացել եմ, թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան բարձրագույն կրթություն, գերազանց առաջադիմությամբ ավարտել և որոշ ժամանակ նաև աշխատել եմ կենսաբանության ոլորտում, բայց եկավ մի պահ, որ հասկացա, թե ստեղծագործելու ի՜նչ մեծ «քաղց» ունեմ... Վերցրեցի գրիչն ու գրեցի իմ առաջին հումորային պատմվածքը, ուղղակի ինձ համար, առանց որևէ լուրջ սպասումների, հետո ծնվեց երկրորդը, երրորդը և այդպես շարունակ։
Սկսեցի իմ առաջին ընթերցողներն ունենալ։ Բայց եթե սկզբից գամ, պիտի ասեմ, որ հայկական վարժարաններում սովորելու ժամանակ ես տարված էի ընթերցանությամբ, շատ էի կարդում հատկապես հայ գրողների գործերը, պատմավեպերն ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել, հենց այդ ժամանակ էլ մտածում էի, թե ինչ արտասովոր աշխարհ է գրականության աշխարհը, բայց մտքովս չէր անցնում, որ մի օր էլ ես ինչ-որ բան կգրեմ։
— Այո, կարծում եմ, որ գրողի համար լեզուների իմացությունը շատ կարևոր է, ես հենց մեր վարժարանում եմ սովորել ֆրանսերենը, հայերենին և անգլերենին զուգահեռ, չգիտեմ ինչո՞ւ, բայց մի տեսակ հարազատ լեզու դարձավ ինձ համար ֆրանսերենը, հայերենից հետո, իհարկե։
Լիբանանում հաճախ էին տեղի ունենում ֆրանսիական մշակութային միջոցառումներ, ֆրանկաֆոնիայի օրերին շատ ակտիվ էի մասնակցում, ֆրանսիական գրական երեկոները բաց չէի թողնում, հենց այդտեղ էլ ծանոթացել եմ շատ տաղանդավոր ու հայտնի ֆրանսիացի արվեստագետների ու գրողների հետ։
Ֆրանսիական մի հայտնի հրատարակչության ուղարկեցի իմ գործերից մեկը, և, ի զարմանս ինձ, նրանք խրախուսեցին, ոգևորեցին ինձ, ասացին, որ կարող են այն հրատարակել էլեկտրոնային տարբերակով ու այդպես էլ եղավ, հիմա իմ ֆրանսերենով գրված «Թիթեռնիկ մոնարքների պահապանը» վեպը amazon.com կայքում առաջատարներից մեկն է, ինչի համար անչափ հպարտ եմ, այն ֆանտաստիկ ժանրի վեպ է։
— Այն էլ որքա՜ն է հնարավոր... Ես պաշտում եմ իմ երկիրը, Հայաստանն իմ դրախտն է։ Նույնիսկ եթե ասեն, որ քո դրախտը շատ թերի է ու ճերմակ չէ, հոգ չէ... Ես 15 տարեկանում եմ առաջին անգամ եկել Հայաստան, երբ ավարտեցի վարժարանը, ծնողներից նվեր խնդրեցի՝ այցելություն Հայաստան։
Հիմա արդեն շատ հաճախ եմ գալիս ու ամեն անգամ նորովի հայտնագործում իմ երկիրը, շատ հրաշալի փոփոխություններ եմ տեսնում, աշխույժ ու խելացի երիտասարդություն, մի տեսակ հանդարտություն ու խաղաղություն կա էստեղ, որը ոչ մի տեղ չես գտնի։
— Ես պարզապես ամբողջացա։ Գիտե՞ք, ի՜նչ հուզմունքով եմ սպասել այդ օրվան, ի՜նչ մեծ հպարտություն էր ինձ համար, երբ այս անգամ օդանավակայան մտա իմ հայկական անձնագրով, թվաց՝ բոլորը նկատեցին իմ ուրախությունը, ես այդ պահին աշխարհի ամենաերջանիկ մարդն էի։
— Անշուշտ, շնորհակալ եմ, ես էլ եմ գտնում, որ գեղեցիկ է։ Ծնողներս են կնքել այդ անվամբ, նույնքան գեղեցիկ է նաև քրոջս անունը՝ Կարին։ Իմ արմատները Կիլիկիայից են, ցավոք, մենք այսօր չունենք այդ հզոր թագավորությունը, բայց ունենք հիասքանչ մի երկիր, որին պիտի փայփայենք՝ դա Հայաստանն է։
Զրույցը՝ Գայանե Դավթյանի
Լուսանկարները՝ Anna Aqillé Avetisyan
«ԺԱՄ» ամսագիր, 2015 թ․