Արաքս Մանսուրյանը բնակվում է Ավստրալիայում․ Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհին է եղել։ Այժմ նա դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստին։
Արաքս Մանսուրյանը ծնվել է Բեյրութում, 1946 թվականին։ 1947 թվականին ընտանիքի հետ հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում և ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում՝ ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, Մանսուրյան հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ։
«Ինձ ողջ կյանքում թվացել է, թե հոգուս բազում կարոտներից կա մեկը` ժառանգականորեն հարազատ, արյունս տակնուվրա անող և հավիտենականորեն անհասանելի... Դժվարանում էի գտնել դրա ստույգ անվանումը, սակայն երբ Արաքս Մանսուրյանի կատարմամբ լսեցի հայ հոգևոր երգերը, հասկացա, որ ինձ հենց այդ էր պակասում՝ դարերից եկած հայ ոգեղենության ազնվական ու լուսավոր մարմնավորում», – Արաքս Մանսուրյանի մասին մի առիթով ասել է Սերգեյ Փարաջանովը։
—Այդ աշխարհն ինձ հետ է եղել ի ծնե: Հիշում եմ, դեռևս մանկապարտեզում, երբ դաստիարակչուհին քնելուց առաջ մեզ տանում էր զբոսանքի, անհամաբեր սպասում էի, թե երբ պիտի ասեր. «Արաքսիկ, մի բան երգիր»։ Եթե չասեր, լաց էի լինում։ Երգելու համարձակություն և սեր ունեի դեռ այդ տարիքում։ Հինգ-վեց տարեկանում երգում էի ժողովրդական երգեր։ Իսկ հետո, երբ արդեն դպրոցական էի, դպրոցից տուն էի գալիս ձայնասկավառակներս էի միացնում ու սկսում ժամերով երգել, չէի հոգնում։ Ըստ երևույթին սա իմ ներքին պահանջն է եղել, երգչուհի դառնալու երազանքը և սերը ինձ հետ էր, իմ ներսում:
Ես շատ նման եմ հայրիկիս, եղբայրս՝ Տիգրանը նույնպես։ Տասներեք տարեկան էի, մի օր համարձակություն ունեցա երգելու հորս մոտ։ Հայրս երգում էր, շա՜տ գեղեցիկ ձայն ուներ, երգեցի... Հորս սուր հայացքը մինչ այսօր աչքիս առջև է։ Նայեցի հայրիկիս․ «Պապ, ուզում եմ երգչուհի դառնալ», – ասացի: Սա իմ բացահայտ առաջին խոստովանությունն էր ըստ երևույթին, ասաց․ «Կդառնաս աղջիկս»։ Այդ օրվա իր խոսքն իրականություն դարձավ։
Հիմա հայրս ինձ լսում է վերևից, ես հավատում եմ։ Դպրոցում վերջին տարին մաթեմատիկայի քննությանը պատրաստ չէի, ուսուցչիս համար երգեցի և բարձր թվանշան ստացա: Դպրոցական տարիներիս նաև երաժշտական փառատոնների էի մասնակցում։ Ու զում էի դպրոցը շուտ վերջացնել և երգչուհի դառնալու երազանքս վերջապես իրականանար։ Գնացի ընդունվելու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, քննություններից բարձր գնահատականներ ստացա:
Սրտատրոփ սպասում էի․ ընդունվե՞լ եմ, թե ոչ, հայտարարեցին, որ ընդունվել եմ, ի՜նչ երջանիկ էի։ Եկա տուն ասացի, որ ընդունվել եմ, մայրս էլ ուրախացավ․ «Ու՞ր, երաժշտական ուսումնարա՞ն, ապրես աղջիկս»։
Հայրս Արթիկից մեզ բերեց Երևան, որովհետև իր երազանքն էր իր երեխաներին տեսնել արվեստի մեջ։ Տիգրանն արդեն Լենինականում երաժշտական ուսումնարանի ուսանող էր: Չգիտեմ, ինձ համար ծրագիր ունեցել է հայրս, թե ոչ, բայց կարծում եմ իր երազանքների մի փոքր մասը իրականացրել եմ։ Ես դաշնամուրային կրթություն չեմ ունեցել։ Ուսումնարանում գործիքի առջև նստած ժամերով պարապում էի ,ուսուցչուհիս՝ Վալենտինա Դմիտրիևվնան, նկատելով ծարավս և թերևս շնորհս, սկսեց ինձ հետ պարապել դասերից դուրս, ուզում էր կոնսերվատորիա ընդունվեի նաև որպես դաշնակահար, ցավում եմ որ չեմ շարունակել: Անցյալ օրը եղբորս հետ խոսում էի, ասացի․ «Տիգրան, այնքան ցավում եմ շատ բաների համար, կարող էի դաշնակահարուհի լինել, կարող էի ջութակահարուհի լինել», ասաց․ «Խենթ ե՞ս դու գործիքներից ամենագեղեցիկ գործիքը ունես»։
— Այո ու երբ գնացի քննության, այնտեղ էին Տաթևիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը, էլի մի քանի դասախոսներ… Երբ երգեցի` Գոհար Գասպարյանը մոտեցավ եղբորս և ասաց․ «Տիգրան, այս ինչ աղվոր ձայն ունի քույրիկդ, կուզեմ քովս գա»։
Ես իհարկե գնացի, բայց քանի որ Գոհար Գասպարյանն այդ ժամանակ շատ հաճախ բացակայում էր համերգային հյուրախաղերի պատճառով, ես հասկացա, որ ինքը չի կարող ինձ շատ բան տալ, սովորեցնել, ուրեմն վերադարձա իմ նախկին ուսուցչուհու՝ Ռ. Գուլաբյանի մոտ:
Կոնսերվատորիան ավարտելուց հետո չէի ուզում գնալ Օպերային թատրոն, 27 տարեկան էի, ուզում էի կամերային երգչուհի լինել, մտածում էի գնալ ռադիո, ռադիոյի մենակատար լինել, հրաշալի պատկերացնում էի, թե ինչ ձայնագրություններ կարող էի անել և այլն, բայց այնուամենայնիվ Օպերային թատրոն ընդունվեցի…
«Աիդա» օպերայից ամենադժվար տեսարանը պատրաստեցի՝ ունկնդրեցին և անմիջապես ընդունվեցի որպես թատրոնի մեներգչուհի: Ասեմ, որ կոնսերվատորիայում սովորելու տարիներին, երկրորդ կուրսից, ես արդեն երգում էի իմ ձայնի համար գրված երիտասարդ երգահանների ատոնալ ոկալ գործերը :
Ատոնալ երաժշտություն երգելը դժվար է, մոտեցումը ավելի գործիքային է,ես սիրում էի այդ գույների աշխարհը, ինձ համար այդ երաժշտությունը Պիկասոյի նկարչության պես մի բան էր։
Մի անգամ մեր հանրաճանաչ երգչուհիներից՝ մեկն ինձ ասաց․ «Արաքս ջան, դու ինչու՞ ես ուզում օպերայի բաժինն ընդունվել, ախր դու փոքր ձայն ունես»։ Ես շատ հուզվեցի, քանի որ շատ էի հարգում այդ երգչուհուն և այդ ժամանակ կոմիտասյան շատ երգերի առաջին կատարողն էի և շատերին թվում էր, որ եթե դու պիանո ես երգում, և երգում ես մեղեդային, այլ ոչ թե ուղղակի ձայնդ ես ցուցադրում, ուրեմն չես կարող օպերային երգչուհի լինել։ Հետագայում երգել եմ՝ «Աիդա», «Տրուբադուր», «Կատյա Կաբանովա», «Օթելլո», «Տոսկա», «Տրիստան և Իզոլդա», իհարկե, իմ սիրելի «Անուշ»-ը և այլն․․․
Իմ կարծիքով, եթե դու կատարում ես հոգևոր երգ, կատարում ես կամերային երաժշտություն՝ Շուբերտ, Շուման, Մալեր Կոմիտաս…և, եթե դու կարող ես նաև օպերայում երգել, քո արվեստը շատ ավելի բարձր է քան միայն ձայնարտաբերումը: Տոսկանինին ասում Է. «Ուղեղը ղեկավարում է ամեն իրավիճակ, իսկ երգեցողությունը առանց ուղեղի ոչինչ չարժե»:
Հետևաբար, եթե երաժշտության և բառի հետ չես, այլ ձայնարտաբերման չափի և ուժի հետ ես, ուրեմն էմոցիան առաջ է ընկել առանց ուղեղի...
Շատ կարևոր է տեքստը, ինչպես կարող ես երգել առանց հասկանալու և զգալու բառի գույնը, իմաստը, չէ՞ որ տեքստից պիտի ծնվի ձայնի երանգը։ Այսօր ժպիտը դեմքին մերօրյա երգիչներից ոմանք երգում են․ «Սիրտս նման է էն փլած տներ…», ինչպե՞ս, հասկանում ես արդեո՞ք ինչի մասին ես երգում, հիմա հուզվում եմ, երբ խոսում եմ այս մասին։
— 1992-ին Ավստրալիայի հայ համայքն ինձ համերգային ծրագրով հրավիրեց Սիդնեյ: Շատ բարձր ընդունելության արժանացա, 1994-ին հրավիրվեցի ավստրալիական եկեղեցում Հենդելի «Մեսայան» երգելու: Այդ ժամանակ Սիդնեյի Օպերային թատրոնն ինձ առաջարկեց աշխատանքային պայմանագիր կնքել, ես ընդունեցի այն։ Այդ ժամանակ էլ փոքր աղջկաս` Մարիամիս հետ Երևանից տեղափոխվեցինք Սիդնեյ, Շուշանս մնաց Հայաստանում, այն հույսով, որ ես կվերադառնամ կամ իրեն կբերեմ ինձ մոտ։ Ինձ համար դժվար ժամանակներ էին: Ամուսնուս՝ Հակոբի կողմից ամուսնության առաջարկ ստացա և Սիդնեյում սկսվեց բուռն աշխատանքային շրջան։ 1995-ից մինչև 2007-ը աշխատել եմ Օպերային թատրոնում, միաժամանակ հյուրախաղեր եմ ունեցել Մելբուրն, Բրիզբեն, Ադելաիդ, Սինգապուր, Նոր Զելանդիա, Չինաստան, Կանադա, Եգիպտոս, Ճապոնիա... 2007-ից հետո արդեն սկսեցի դասավանդել տեղի կոնսերվատորիայում, սակայն նշեմ, որ ծանր էր հայրենիքից բաժանվելը։ Շուշանին այստեղ թողեցի, մտածելով, որ շուտ ետ կվերադառնամ, ես բոլորովին մտադիր չէի երկար մնալ Սիդնեյում։ Նույիսկ, երբ ամուսնացա Հակոբի հետ, ասում էի, որ եթե երջանիկ չլինեմ, պետք է վերադառնամ։ «Եթե երջանիկ չլինես այստեղ, գնա Հայաստան, ես աղոթելու եմ, որ քո տաղանդը փայլի, և դու միշտ երգես մեծ բեմերում», – ասում էր նա։
— Այո, Հակոբը, իսկապես հրաշալի մարդ է, արվեստի սիրահար, բնականաբար, եթե սիրահարվել է ինձ, ուրեմն չի կարող արվեստ չսիրել: Նա զբաղվել է գեղանկարչությամբ, ծնունդով Եգիպտոսից է, ես միշտ իրեն ասում եմ, եթե Հայաստանում ապրեիր, վստահ եմ, որ մեծ նկարիչ կդառնայիր։
— Օպերան ինձ փրկեց, սկզբնական շրջանում, շատ ծանրաբեռնված էի ներկայցումներով։ Առավոտյան ժամը չորսին արթնանում էի, որ դերերգերս անգիր սովորեի:
Հետո արդեն ինձ «փրկում» էին ուսանողներս, դասավանդման տարիներին ու մինչև այժմ…Մի անգամ, երբ դեռ Հայաստանում էի, կոմիտասագետ, պրոֆեսոր Ռոբերտ Աթայանի հետ միասին հեռուստատեսության ստուդիայում պատրաստվում էինք ձայնագրել Կոմիտասի անավարտ «Անուշը», ես այդ ժամանակ Փարիզից հրավեր ունեի՝ այնտեղ ապրելու, բայց չէի ուզում գնալ, շատ անտրամադիր էի ու երբ Աթայանն իմացավ, ասաց. «Արաքս, եթե դու գնաս Հայաստանից, դու Կոմիտաս ես տանելու քեզ հետ»։ Ես միշտ սա հիշում եմ։ Հիմա Հայաստանում չեմ և ինչ որ չափով «մեղքս» քավում եմ նրանով, որ ուսանողներս երգում են Կոմիտաս, Մանսուրյան, Կանաչյան…
— Որովհետև «Կռունկը» ինձ համար ամենա-ամենան է միշտ եղել։ Եվ տարիներ շարունակ ձեռք չեմ տվել, ինչպես նաև Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերային, որը հետագայում երգել եմ 1982-1993 թվերին, և եղել է իմ ամենասիրած կերպարը։Առաջին անգամ «Կռունկ»-ը կատարեցի մեծ համերգասրահում՝ Ապրիլ 24-ին նվիրված երեկոյին, որը մեծ ջերմությամբ ընդունվեց։ Հետո արդեն բոլոր համերգներս եզրափակել եմ «Կռունկ»-ով։ Մեծանում ես, տարիքիդ հետ ձայնիդ որակը փոխվում է, և, երբ ձայնդ արդեն այն չէ ինչպես առաջ էր՝ չպետք է դիպչես այդպիսի գլուխգործոցներին։ Այդ օրվա համերգային ծրագիրն էլ, այո, մի փոքր կրճատեցի, ընտրեցի կոմիտասյան փոքրիկ փունջ, որպեսզի ավելի մատչելի լինի ինձ համար:
Աշխարհի շատ երկրներում ես «Կռունկ»-ով ավարտել եմ համերգը, իսկ երբ ժողովուրդը հոտնկայս ծափահարել է և շարունակություն պահանջել, Կանաչյանի «Օրոր»-ն եմ երգել, սա միշտ եղել է իմ բոլոր համեգային ծրագրերի ավարտը։
— Միշտ եմ մտածում: Հատկապես, երբ Մարիամը երկու տարի առաջ վերջնականորեն հաստատվեց Երևանում, հիմա ես էլ եմ մտածում այդ ուղղությամբ: Շատ մեծ ուրախություն էր, երբ Մարիամս կայացրեց Հայաստան տեղափոխվելու որոշումը։ Նա ապրեց Սիդնեյում, Նյու Յորքում, և որոշեց վերադառնալ տուն, լինել նաև քրոջ կողքին: Հիմա սովորում է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, ուրարտագետ-հնագետ է դառնալու։ Մտածում եմ, ոչ թե մի քանի շաբաթով Երևանում լինեմ, այլ, գոնե մի քանի ամսով՝ ամուսնուս հետ միասին ... Ա՜խ, Մարիամս ողբը կապում է, երբ պատրաստվում եմ գնալ, Շուշանը լաց է լինում խոշոր ու տաք արցունքներով:
— Բավական պարզ բան է: Երբ բեմի վրա եմ եղել, ունեցել եմ հոտնկայս ծափարություններ, ջերմ ընդունելություններ, երջանիկ պահեր են եղել։ Անցյալ օրն, օրինակ, շատ երջանիկ օր եմ ունեցել, առավոտյան արթնացա ու տեսա բոլորը շուրջս են՝ աղջիկներս, թոռներս… Սա երջանկություն էր, որ չգիտեմ, էլ ե՞րբ կարող է կրկնվել: Հոգիս լցնում եմ այսպիսի պահերով…
— Այն էլ ինչպիսի՜… Հաճախ եմ հիշում ծնողներիս, հայրս ձեռքս միշտ իր ձեռքի մեջ էր պահում, իր գրպանի մեջ, քայլում էինք Արթիկում, Տիգրանը մյուս կողմից էր քայլում…
Մեր տունը շատ ջերմ էր, աղքատ էր, բայց շատ ջերմ, սեր ու հոգատարություն կար միմյանց նկատմամբ։ Շատ դժվար ենք ապրել։ Մեկ սենյակում էինք ապրում, չորս երեխաներ էինք՝ Տիգրանը, Մհերը, Սոնան և ես։ Ես ամենափոքրն եմ։ Հայրս, մայրս և Տիգրանը մի գեղեցիկ լուսանկար ունեն, այն միշտ դաշնամուրիս վրա է։ Կարոտում եմ շատ, ինչքան մեծանում ես կարոտը խորանում է։
— Այո, իրոք որ շատ-շատ մեծանուն արվեստագտենրի և մեր մեծերի հետ առիթներ եմ ունեցել հանդիպելու, զրուցելու, օրինակ՝ Հովհանես Շիրազի, Սոս Սարգսյանի, Հենրիկ Մալյանի, Երվանդ Քոչարի, Լևոն Ներսիսյանի, Մարտիրոս Սարյանի, Ղազարոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Վազգեն կաթողիկոսի՝ ում ձայնը դեռ ականջիս է․ «Այցելե՛ք մեր եկեղեցին, երգե՛ք նաև մեզ համար, ձեր ձայնը միայն հեռադեսիլեն գվայելինք»... և մեր ուրիշ շատ Մեծերի հետ… Ի՜նչ երանելի տարիներ էին: Նրանց հետ շփումը, հանդիպումները անկասկած ավելի են հարստացրել իմ հոգևոր և մտավոր աշխարհը… Մի անգամ, Փարաջանովի ցուցահանդեսի ժամանակ պետք է երգեի, իսկ նա վատառողջ էր արդեն, ջերմում էր։ Մոտեցա հարցրեցի, թե ի՞նչ կուզեր, որ երգեմ, ասաց․ «Ինքներդ որոշեք»։ Ես հոգևոր երգ երգեցի։ Շատ հուզվեց։
Իսկ մի անգամ էլ, դեռ շատ երիտասարդ էի, քայլում էի երևանյան փողոցներից մեկում, մեկ էլ հանկարծ Շիրազը դիմացս դուրս եկավ, ձեռքերը ետևը դրած։ «Սիրուն աղջիկ, անունդ ի՞նչ է», – հարցրեց ինձ, երբ իմացավ, խրոխտ ձայնով ասաց․ «Աբրին ծնողներդ»։ Իսկ Սոս Սարգսյանն, իհարկե, իր խոսքն ունի իմ մասին. «Արաքսը կամուրջ է` Սփյուռքի ու Հայաստանի միջև», հենց այս խոսքերն էլ միշտ ապրեցրել են ինձ…
Զրույցը` Գայանե Դավթյանի
Լուսանկարները երգչուհու անձնական արխիվից