Օպերային պրիմադոննա, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանն իր արվեստով գրավեց լավագույն բեմերը, երգեց հանճարների հետ, օպերայի մոգական աշխարհ տարավ միլիոնավոր հանդիսատեսների ու վայելեց փառքի բերկրանքը… բայց մնաց համեստության, նրբագեղության ու կանացիության խորհրդանիշ: Նրա հետ զրուցելը չափազանց մեծ հաճույք է, նա անսահման անկեղծությամբ պատրաստ է կիսվել իր զգացմունքներով, իր ապրած կյանքի ամեն վայրկյանով…
Հասմիկ Պապյանը ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում, ինչպիսիք են` Մետրոպոլիտեն օպերան և Կարնեգի Հոլլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Վիեննայի պետական օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնը, Մյունխենի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները և այլն:
2004 թ-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը: 2005թ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, պարգևատրվել է Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանով` որպես հայ մշակույթի դեսպան աշխարհում:
Մանկություն
Ծնվել եմ Երևանում, մանկությունից հիշում եմ մեր բակի խաղերը, մանկական անմեղ կռիվները, մեր հարևաններին, որոնց հետ հարաբերությունները միայն անկեղծության, ազնվության վրա էին հիմնված, ես այն ժամանակ չէի պատկերացնում, որ կարելի է սուտ խոսել, վիրավորել… Մենք շատ լավ չենք ապրել, ամեն ինչը պետք էր խնայել, ջուրը փակել, լույսը անտեղի չվառել, հացը չթափել, մինչև հին կոշիկը չէինք մաշում, նորը չէինք կարող ունենալ: Այդ ամենը կարևոր բաներ էին և հենց դրանք էլ ձևավորել են ինձ որպես մարդ: Պապիս խորհուրդներն եմ լավ հիշում, դրանք ուղեկցում են ինձ մինչև այսօր, օրինակ ասում էր`համբերություն, համբերություն, դրանով ամեն ինչի կարելի է հասնել...
Դպրոցում շատ լավ եմ սովորել, առանց դաս սովորելու տնից դուրս չեմ եկել: Չեմ հիշում, որ ծնողներս ինձ «դաստիարակած» լինեն, ասեն, որ սա չի կարելի, այն չի կարելի, մենք իրենց օրինակով գիտեինք, ինչը կարելի է, ինչը՝ ոչ, իրենց համեստ կյանքը մեզ համար օրինակ է եղել:
Կրթություն
Սկզբում ընդունվել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ջութակի բաժինը, բայց հանկարծ վերջին կուրսում հասկացա, որ ուզում եմ երգել: Տաթևիկ Սազանդարյանն ինձ լսեց, հիացմունքի խոսքեր ասաց ու դրանով մի մեծ ճանապարհի սկիզբը դրվեց:
Ոչ ոք չէր սպասում, որ ես պետք է երաժիշտ դառնամ, որովհետև մեր ընտանիքում, ընդհանրապես մեր մեծ գերդաստանում երաժիշտներ չկային:
Այնուհետև, մոտ երեք տարի աշխատեցի Հայաստանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:
«Դու իմ մատանու քարն ես...»
Այդպես ինձ ասում էր իմ ամենամեծ ուսուցիչը` Տաթևիկ Սազանդարյանը: Երբ նոր էի սկսել երգել, ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, բայց նա միշտ ինձ վստահեցնում էր. «Դու մեծ երգչուհի ես դառնալու»: Կա մի գեղեցիկ ձայնավարժություն, որ նա է ինձ սովորեցրել և մինչ օրս այն կիրառում եմ: Նա շատ իմաստուն կին էր, ամենամեծ դասը, որ տվեց ինձ, ուղղակի թողեց, որ իմ բնական ճանապարհով երգեմ, ինչպես բնությունն էր ինձ տվել…
Առաջին հրավերներ
Արտասահմանյան առաջին հրավերը եկավ Բոննից, 1992 թ-ին աշխատեցի տեղի Օպերային թատրոնում: Հետո Համբուրգ, Վիեննա... Առաջին անգամ, երբ երգեցի Վիեննայի թատրոնում, մտածեցի, եթե Երևանում չպետք է ապրեմ, ավելի լավ է այս քաղաք տեղափոխվեմ։ Բախտ եմ ունեցել երգելու Պլաչիդո Դոմինգոյի, Ջուզեպպե Ջակոմինիի, Ջակոմո Արագալի, Ռոբերտո Ալանիայի, այլ հայտնի երգիչների հետ...
Վիեննա
Առաջ այդ քաղաքը ավելի շատ էի սիրում: Օրինակ, մի ժամանակ գեղեցիկ, փոքրիկ արհեստագործական խանութներ կային, որտեղ ձեռքի հրաշալի աշխատանքներ էին վաճառում`գլխարկներ, ձեռնոցներ, այդպիսի տեղերում միշտ Մոցարտի երաժշտությունն էր հնչում: Հիմա շատ է փոխվել, հիմա դրսից շատ եկվորներ կան, տարբեր ազգություններ խառնվել են իրար ու մի տեսակ այդ քաղաքը կորցրել է իր դեմքը: Չնայած այդ ամենին, միևնույն է այն շատ մշակութային է, 40-ից ավելի թատրոններ ունի, բազմաթիվ պատկերասրահներ, շատ գեղեցիկ այգիներ։
Հանդիսատես
Թատրոնը բացառիկ է իր ունկնդրով, եվրոպացիներն, օրինակ կարող են ժամերով հերթ կանգնել, անգամ մինչև լուսադեմ, որ կարողանան օպերային ներկայացման տոմս գնել, այն էլ` կանգնելու տեղի համար, որովհետև դրանք ավելի էժան են, հինգ եվրոյով կարող են գնել ու իրենց երջանիկ զգալ:
Իսկ կանգնելու տեղերը միշտ լեցուն են, նույնիսկ այն ներկայացումները, որոնք յոթ ժամ են տևում, նրանք կանգնած լսում են, հետո քննարկում։ Նաև շատ հավատարիմ հանդիսատեսներ կան, պատահել է, որ ես տասներկու անգամ «Նորմա» եմ երգել և մարդիկ են եղել, որ տասներկուսն էլ տեսել են:
Չնայած չի կարելի ներկայացումների ժամանակ լուսանկարել ու ձայնագրել, բայց երբեմն երկրպագուներն այնպիսի լուսանկարներ են ունենում ներկայացումներից, այնպիսի ձայնագրություններ, որ զարմանալ կարելի է:
Նոր ներկայացումներ
Հին-հնագույն գործերից մինչև ամենաժամանակակիցը, ամեն տարի մոտ 6-7 պրեմերիաներ են լինում: Իհարկե ինձ համար, որպես երգչուհի կրկնակի երջանություն է, որ մեզ նվագակցում է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, այդ նվագախմբի «լարվածքը» շատ բարձր է մյուս նվագախմբերի հետ համեմատ, արդյունքում կես տոն ավելի բարձր ես երգում, իսկ դա շատ կարևոր է երգչի համար, դա արված է նաև, որ նվագախումբը ավելի փայլուն հնչի:
Հանգստյան օրեր
Հանգստյան օրերին գրեթե ոչինչ չեմ անում, ընտանիքիս անդամների ջերմությունն ու ներկայությունն եմ վայելում, երբեմն ուղղակի պառկում եմ, նայում պատերին, այնքան քիչ եմ լինում տանը, որ նույնիսկ տան պատերին եմ կարոտում։
Սեր
Իմ կարծիքով, սիրուց բխած բոլոր ամուսնությունները երկնքում են կատարվում: Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ օտարերկրացու հանդեպ անձնական հետքարքրություն ունենալ: Ես այն տարիքում ամուսնացա, երբ բավականին կյանքի փորձ ունեի, երևի դրա համար էլ ամեն բան շատ հասուն ու գեղեցիկ ստացվեց: Հետո հասկացա, որ ամուսնանում է այն մարդը, ով իսկապես ուզում է ամուսնանալ: Շատ երիտասարդ տարիքում, չնայած թեկնածուների մեծ բանակին, չէի մտածում ամուսնանալու մասին, ես միայն ու միայն ուզում էի երգել ու երգում էի:
Արդեն 20 տարի է ամուսանցած ենք, սակայն ամուսնությունից 8 տարի հետո է ծնվել մեր աղջիկը, ես պարզապես դրանից առաջ ժամանակ չեմ ունեցել, իմ ամբողջ գրաֆիկը տարիներով զբաղված էր, այնպիսի խաղացանկեր կային, որ 7 տարի առաջ մեզ հետ պայմանագրեր էին կնքում, իսկ դրանցից հրաժարվել չէի կարող:
Մի օր մայրս ինձ ասաց, եթե դու մայր չլինես, ես կտխրեմ։ Ես այնպես ազդվեցի այդ խոսքերից, որ վերջապես կայացրի այդ որոշումը, առավել ևս, երբ նա պատրաստակամություն հայտնեց տեղափոխվել ինձ մոտ ու խնամել երեխային, այդպես էլ եղավ: Սա էլ սեր է, չէ՞, մայրական սեր: Ինչ վերաբերում է իմ և Կոնրադի հարաբերություներին, բացի այն, որ նա հայտնի գերմանցի թատերագիր է, բացի այն, որ գերազանց տիրապետում է հայերեն լեզվին, նա պարզապես հրաշալի մարդ է: Պատահել է, որ 2-3 ամիս իրար չենք տեսել, բայց անընդհատ խոսել ենք, մենք միշտ իրար պատմելու բան ունենք, դա շատ կարևոր է: Իրար խանդելու առիթներ չենք ստեղծել, երկուսս էլ վստահել ենք միմյանց, թողել ենք այդ տարածությունը իրար համար, երբեք մեկս մյուսին չենք հարցրել ու՞ր գնացիր, ինչո՞վ ես զբաղված, նույնիսկ մտքիս ծայրով չի անցել։ Պատահել է, որ գիշերը ժամը երկուսին, երբ պրեմիերաները ավարտվել են, զանգել է, հարցրել, ինչպե՞ս եմ, ասել եմ, որ ռեստորանում նշում ենք, նա միայն ուրախացել է, որ ես մենակ չեմ այդ պահին, որ վայելում եմ…
«Հայ-գերմանական բարեկամություն»
Երբ մտա իրենց ընտանիք, հասկացա, որ ես կարող եմ մնալ այնպիսին ինչպիսին կամ, «կերպարանափոխվելու», նրանց հարմարվելու խնդիրներ չունեի, նրանք չափազանց ազնվական, մտավորական մարդիկ էին ու ինձ համար շատ հեշտ եղավ «ձուլվել» գերմանական ավանդույթներին: Դյուսսելդորֆ, որտեղ ամուսնուս ընտանիքն էր ապրում, ես շատ եմ երգել և այդ ընթացքում ապրել եմ նրանց հետ: Կոնրադի ծնողները ճարտարապետներ են, առաջադեմ, ժամանակակից: Ես նրանցից շատ բան եմ սովորել, օրինակ`միշտ նայել դեպի վաղը, ապագան, երբեք խնդիրները չծանրացնել: Երբ Սիրանույշը ծնվեց, նրանք բացարձակապես չառարկեցին խիստ հայկական անվան համար, ճիշտ հակառակը, մինչև հիմա ասում են, ինչ գեղեցիկ անուն է, ինչ գեղեցիկ է հնչում։ Նրանց խոսակցության թեման գրականությունն է, արվեստը, քաղաքականությունը, նրանք շատ են կարդում, շատ-շատ: Եթե գնացել ես որևէ տեղ, գործուղման կամ պարզապես արձակուրդների ու գիրք չես տարել քեզ հետ` դա անընդունելի, անհասկանալի է իրենց համար: Կիրակի օրերը պատկերասրահների ու թատրոնների օրն է: Իսկ հագնվելն, օրինակ, երկրորդ տեղում է, եթե ամուսնուս չհիշեցնեմ, որ պետք նոր վերնաշապիկներ գնել, նա դա չի տեսնի, փոխարենը միշտ տեսնում է թանկարժեք գրքերը:
Երջանկություն
Երջանկությունը դա պահ է, օրինակ այսպիսի հաճելի զրույցն էլ երջանկություն է ինձ համար: Հաճելի հանդիպումները, ծաղիկի բացվելը, բնությունը։ Երջանկության բանալին`այդ ամենը գնահատելու մեջ է, պետք է ուղղակի գնահատենք մեր ունեցածը, բավարարվենք դրանով: Իմ երջանկությունն, իհարկե կրկնակի կլիներ, եթե Հայաստանը լիներ իրավական երկիր, դա իմ երազն է:
Հայկական օպերային արվեստ
Միայն մի բան է պակասում մեր հայաստանյան օպերային`պրոֆեսիոնալ մոտեցումը: Ինձ միշտ մի հարց է հետաքրքրում, ինչո՞ւ չեն լինում օպերային ներկայացումներ, ինչպե՞ս կարող է երգիչը տարին ընդամենը մեկ անգամ երգել: Ունեն խաղացանկ, ինչո՞ւ չի խաղացվում: Ասում են շենքը վարձով է տրվում, այդ դեպքում ինչո՞ւ երգիչներին այդ վարձավճարներից բաժին չի հասնում, չէ որ այն, ինչով այսօր աշխատում են մեր արտիսիտենրը, աշխատավարձ համարել չի կարելի, նրանք ինքազոհաբերությամբ են աշխատում, ուրեմն ինչո՞ւ նրանց նվիրումը գոնե այդպես չի խրախուսվում, որ նրանք էլ ավելի լավ երգեն: Պարզապես պրոֆեսիոնալ, սրտացավ մոտեցում է պետք, ֆանատիզմ է պետք, օպերային թատրոն ղեկավարելը դա գիշերուզօր տքնաջան աշխատանք է: Մեր ժողովուրդը գալիս է օպերա, գիտի դասական երաժշտություն լսել, ցանկություն ունի լսելու, հատկապես երիտասարդությունը, գիտե՞ք, ուրիշ ոչ մի երկրում այդքան երիտասարդ հանդիասատես չես գտնի, որքան Հայաստանում:
Կոմիտաս
Կոմիտասի երաժշտության մեջ ամեն ինչ կա: Երբեմն, երբ խնդրում են երգացանկից դուրս որևէ բան կատարել, ես մեծագույն հպարտությամբ միշտ Կոմիտաս եմ երգում: Կոմիտասյան ու միջնադարյան երաժշտությունը հենց մերն է, մենք օպերայով այլևս չենք կարող մրցել: Երբ մենք ունեինք հայ միջնադարյան երաժշտություն, մարդիկ դեռ շատ հեռու էին քաղաքակրթությունից: Մենք ազգովի պարտական ենք Կոմիտաս-երևույթին և դեռ լրիվ չենք բացահայտել ոչ իրեն ոչ էլ իր անմահ երաժշտական ժառանգությունը: Կոմիտասյան երգերի ձայնասկավառակ ունենալը մի տեսակ իմ հարգանքի տուրքն էր Կոմիտասի երաժշտությանը: Նախ ես ցանկություն ունեի ձայնագրել Կոմիտասի բոլոր երգերը գրված սոպրանոյի համար, ներառյալ այն 9 երգերը գերմաներեն տեքստերով, որոնք երբևիցե չէին կատարվել: Հետաքրքիր է, որ երկար փնտրելուց հետո այդ երգերի ձեռագրերը գտնվեցին Երևանի Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, որի տնօրեն Հենրիկ Բախչինյանը սիրով տրամադրեց ինձ: Ես այն տվեցի վերծանելու Վիեննայում, որովհետև գրեթե անընթեռնելի էին, հետո կատարեցի ու ձայնագրեցի: Ձայնասկավառակին կից` նաև փոքրիկ գրքույկ ստեղծեցինք, որոնց տեքստերը ևս թարգմանվեցին երեք լեզուներով` անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն:
Ես համերգների ժամանակ նկատել էի, որ ունկնդիրը առանց հասկանալու թե ինչի մասին է երգվում, անկախ իր տարիքից, ազգությունից, միշտ արցուքն աչքերին էր լսում, ուրեմն որքան ավելի մեծ պիտի լիներ ազդեցությունը, եթե նրան հասկանալի և հասանելի դառնար նաև տեքստային մասը: Թարգմանությունը կատարել է ամուսինս` Կոնրադը: Ընդգրկված է նաև ակապելլա տարբերակը /առանց նվագակցության/: Աշխատել եմ երգել շատ ակադեմիական ոճով, առանց ավելորդ «զարդարանքների» և ես չափազանց երջանիկ եմ, որ ձայնասկավառակը շատ դրական արձագանքներ ունեցավ տարբեր լսարանների, նաև մասնագետ-քննադատների կողմից:
Չգրված օրենքներ
Օպերային արվեստում քեզ «կվերցնեն», քանի դու իրենց պետք ես: Պետք է միշտ կարողանաս պահանջված լինել, բոլոր կետերով համապատասխանել, միշտ պատրաստ լինել նետվել կրակի մեջ, շատ արագ սովորել: Չգրված օրենքներ կան, ոչինչ չի կարող փոխել տարիներ առաջ արդեն հայտարարված ներկայացման օրը, փոխարինում են երգչին, երաժիշտին, ռեժիսորին, գալիս է օրը ու վարագույրը բացվում է, եթե դու չես կանգնում` ուրիշը կկանգնի քո փոխարեն: Ես, այսպես ասած, «քմահաճություններ» չունեմ, որը հատուկ է օպերային երգիչներին, իբր բաց պատուհաննները միշտ պետք է փակվեն, կոկորդը պահպանելու համար քիչ պետք է խոսեն և այլն։ Իմ միակ «քմահաճությունը», եթե կարելի է այդպես ասել, թերևս այն, է, որ ես համերգի օրը չեմ ուզում լսել լրատվական նորությունները, թերթեր չեմ կարդում, հեռուստացույց չեմ դիտում, որովհետև հիմա այնքան անխնա կարող են այպիսի բաներ ցույց տալ, այդ վթարները, սպանությունները, արյունը: Այդ ամենը ազդում է մարդկանց հոգեբանության վրա, ես էլ զգացական մարդ եմ, չեմ ուզում ինձ խարազանել այդ լուրերով: Ես նույնիսկ հեռախոսներիս չեմ պատասխանում, պարզապես ինձ պահպանում եմ այդ օրը երգելու համար:
«Իզոլդան» փոխեց իմ աշխարհը
Օպերան ինձ համար դեղուճար է, եթե հիվանդ եմ եղել, ապա բուժվել եմ նրանով, այդ արվեստն ինձ տվել է մեծ անկախություն, համարձակություն, որևէ բանից չեմ վախեցել: Օպերան իմ մեծ սերն է, որը երբեք ինձ չի դավաճանել, որովհետև, երբ նվիրվում ես իրեն` նա չի դավաճանում, երբ վարագույրը բացվում է, նվագախումբը սկսում է նվագել, «աշխարհիկ» ամեն բան շատ ավելի փոքր է թվում, բոլոր կենցաղային խնդիրները շատ աննշան են դառնում: Երբ տարիներ առաջ, պատրաստվում էի «Իզոլդան» երգել, այդ երաժշտությունն, ուղղակի աշխարհը փոխեց ինձ համար:
Երբ մի օր ներկայացումից առաջ, Սիրանույշին ասացի, կարո՞ղ ես հինգ ու կես ժամ նստել ու լսել, ասաց, եթե դու կարող ես այդքան ժամանակ կանգնած երգել, ես ինչպե՞ս չեմ կարող նստած լսել: Ու իսկապես լսել էր, վերջում ինձ ասաց, եթե հենց հիմա մի անգամ էլ երգեիր, էլի կլսեի:
Այդպիսին է Վագների երաժշտությունը, ուրիշ ուժ ունի, լրիվ թմրանույթի նման է, ժամանակ ու տարածություն չես զգում, հանճարեղ է, համամարդկային: Օպերան ինձ տվել է պայքարելու ու արարելու կամք: Բայց ինչ խոսք այն նաև վերցրել է ինձնից...
Տարիներս կողքովս անցել են, ես չեմ տեսել Սիրանույշի մեծանալը, բայց բախտավոր եմ, որ նա, թեև փոքրիկ աղջնակ է, բայց հասկացել է, որ չեմ կարող թատրոնները բերել մեր տուն, այդ ես պետք է գնամ, երբեմն նույնիսկ հեռավոր երկրներ ու երկար ժամանակով և այդ բաժանումները միշտ դժվար են եղել ինձ համար:
Հայաստան
Հայաստանը աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի: Ես գիտեմ, համոզված եմ, որ Հայաստանում իր տունը թողած մարդը, դրսում երբեք իրեն երջանիկ չի զգում, չկա այդպիսի մարդ, հավատացեք, իսկ, եթե, ասում են, որ երջանիկ են, ուրեմն դա ուղղակի իրենց ինքնապաշտպանությունն է, բողոքում են Հայաստանի վիճակից, որպեսզի կարողանան արդարացնել իրենց դրսում լինելը: Մեր` հայերիս հոգին շատ շռայլ է, աշխարհում չկա մի տեղ, երբ կոշկակարին հարցնես, որքան պետք է վճարեմ ու նա ասի` ինչ-որ կտաս: Մի դեպք պատմեմ, 90-ականների դժվար տարիներն էին, երբ Գերմանիայից գալիս էի Երևան, հաճախ ինձ ծանոթ-անծանոթ մարդիկ խնդրում էին, որ իրենց բարեկամների համար ինչ-որ իրեր բերեի Երևան, ես էլ չէի մերժում: Մի անգամ, երբ հերթական իրն էի հանձնում մի ծեր կնոջ, նա ծրարը ստացավ ու գնաց, բայց քիչ հետո վերադար
ձավ, թե` աղջիկ ջան, դու ինձ սխալ ծրար ես տվել, իմը ակնոցն էր: Իսկ այդ ծրարի մեջ մոտ երկու հազար դոլար էր...
Երկար կարող եմ խոսել այս տեսակ բաների մասին, սրանք միայն մեզ են հատուկ: Ես ուզում եմ, որ նման մարդկանց գլխից մի մազ չպակասի: Հրանտ Մաթևոսյանն ասում էր, էս հողը մեկ միլիոնից ավել չի պահի ու իրեն քարկոծում էին դրա համար, հիմա իսկապես ժամանակն է, որ այդ մեկ միլիոնը լավ ապրի, նրանք արժանի են լավ ապրելու:
Հասմիկ Պապյանիը հարցազրույցի էր եկել իր աղջկա` Սիրանույշի հետ, դա այն բացառիկ դեպքերից էր, երբ հնարավորություն ունեինք խոսելու նաև այդ խելացի ու լուսավոր փոքրիկի հետ:
Սիրանյուշ
Շատ եմ ուրախանում, երբ մայրս իր հանգստյան օրերին տանն է լինում, գիտե՞ք, մենք նայում ենք իրար և երկուսս ասում ենք` ինչ սիրուն ես: Ես սիրում, որ բեմի հետևից եմ նայում մայրիկիս ներկայացումները, մինչև 6 տարեկան նրա հետ բոլոր երկրներում եղել եմ, հետո, երբ որ արդեն դպրոց գնացի էլ չէի կարող մայրիկի հետ ճամփորդել: Միշտ բեմի հետևից ես ու հայրս նայում էինք ու նա իմ ականջին պատմում էր այդ ներկայացման պատմությունը… Ամենաշատը մայրիկիս «Նորման» եմ հավանում, կարծեմ հայրս էլ: Ես գերմանական դպրոց եմ գնում, բայց շատ եմ սիրում հայերենը, այն շատ գեղեցիկ է: Ամեն տարի օրերն եմ հաշվում, թե երբ պիտի Հայաստան գանք, ամառային արձակուրդներս հիմնականում այստեղ, իմ հայ տատիկի տանն եմ անցկացնում:
Մի ժամանակ անընդհատ կրկնում էի, որ ես ու մայրս հայ ենք, հայրս գերմանացի: Մի անգամ մեր դասարանում փոքրիկ մրցույթ էր, մենք պետք է գրեինք ու պատմեինք մեր սիրած երկրի մասին, դե, ես էլ իհարկե Հայաստանի մասին պատմեցի, նույնիսկ մայրիկիս խնդրեցի, որ այդ օրվա համար հայկական գաթաներ թխի, որ ապացուցեմ նաև, թե հայերն ինչքան հյուրասեր են: Ուսուցիչս ասաց, գիտես Սիրանույշ, ամենալավը դու պատմեցիր, մենք բոլորս հավատացինք, որ դու իսկապես սիրում ես այդ երկիրը: Որախացել էի: Գաթաներից բան չէր մնացել, դրանից հետո դասընկերներս ինձ անընդհատ հարցնում էին`գաթա չես բերե՞լ…
Զրույցը՝ Գայանե Դավթյանի