Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում
Загрузка
X


Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում

Ежедневник / 10.08.2017

 

Ծրագրի մասին պատմում է «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Տիրատուր քհն․ Սարդարյանը

 

Շտուտգարտ բազմամշակութային քաղաքում, ինչպես նաև ամբողջ Բադեն-Վյուրտեմբերգում, հայկական մշակույթի, հայ համայնքի մասին քչերը տեղեկություն ունեն, չնայած այն փաստին, որ հայ գիտնականները, արվեստագետները  ամեն օր իրենց լուման են ներդնում երկրի զարգացման գործում: 

Ցավոք, հայկական մշակույթի գոհարներից տեղեկություն չունեն նաև համայնքի անդամների մեծ մասը` հատկապես երիտասարդները: Պատճառները բազում են: Դրանցից ամենակարևորը, սակայն, ոչ թե ցանկության պակասն է, այլ այն, որ հայ մշակույթը տարածաշրջանում հաճախակի ներկայացնելու առիթներ չեն եղել: 

Ուստի, նկատի առնելով սփյուռքում հայապահպանության մեր գերագույն նպատակը, ինչպես նաև հայ մշակույթը տարածաշրջանում բնակչության լայն շերտերին ներկայացնելու ցանկությունը՝ 2011 թ.-ին ՀՀ Անկախության 20-ամյակի առթիվ կյանքի կոչեցինք «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» նախագիծը, որն աստիճանաբար ավանդույթ է դառնում: 

Նախագիծն իրականացվում է ամեն տարի, հոկտեմբեր ամսվա  վերջում: Մշակույթի օրերն ունեն իրենց տարեկան թեման: Ծրագրի շրջանակներում ներկայացվում է հայ ժողովրդական, եկեղեցական, դասական ինչպես նաև ջազային երաժշտություն, տեղի են ունենում միջեկեղեցական արարողություններ, գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, թատերական բեմադրություններ, ցուցադրվում են ֆիլմեր, մատուցվում է Սուրբ Պատարագ: 

Այս ամենը մատուցվում է հանրաճանաչ հայ և գերմանացի արվեստագետների, գիտնականների, եկեղեցական և հասարակական գործիչների աջակցությամբ:

Այսպիսով, վերոհիշյալ նախագիծը հնարավորություն է ընձեռում՝ ներկայացնել հայ մշակույթն ու արվեստը ոչ միայն սփյուռքահայ համայնքի ներկայացուցիչներին, այլև գերմանացիներին և տարածաշրջանում բնակվող այլ ազգությունների: 

2016 թ․ «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» նախագիծը ընդգրկվել է Շտուտգարտի աշնանային Highlight միջոցառումների ցանկում։ 

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ նման ծրագիրն անհնար է իրագործել առանց ֆինանսական օժանդակության և կամավորների օգնության: Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, հովանավորներին, օգնականներին ու բարեկամներին։ Մեր գործընկերների, հովանավորների համար մենք պատրաստել ենք համապատասխան մի փաթեթ, որը կարելի է բեռնել մեր կայքում՝ https://armenische-kulturtage-stuttgart.de/sponsoring/ 

Սիրով հրավիրում ենք այցելել Շտուտգարտ և մասնակցել Հայ Մշակույթի Օրերին: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ մեր կայքից՝  https://armenische-kulturtage-stuttgart.de/