ՀՀ սփյուռքի նախարարի կոչը Հայոց բանակի 25-ամյակի կապակցությամբ
Загрузка
X


ՀՀ սփյուռքի նախարարի կոչը Հայոց բանակի 25-ամյակի կապակցությամբ

Ежедневник / 18.01.2017

 

Հարգելի գորընկերներ,

Հայաստանի տոնացույցում հունվարի 28-ը նշվում է որպես Հայոց բանակի տոն։ Այս տարին հոբելյանական է և մենք ազգովի նշելու ենք բանակի կազմավորման 25-ամյակը։ Այս 25 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել հզոր, կուռ և մարտունակ բանակ, որն, անկասկած, համայն հայության հպարտությունն է, մեր հաղթանակների ու վերածննդի մարմնավորումը, մեր անվտանգության և անկախության երաշխավորը, մեր հաջողությունների անառարկելի գրավականը։  Հայ զինվորն ու սպան, իրենց անմնացորդ նվիրումով, անձնուրաց գործողություններով ու սխրագործություններով, բարձր պատրաստվածությամբ ու պատասխանատվությամբ, անցած հերոսական ճանապարհով դարձել են մեր խաղաղ ու ապահով կյանքի առհավատչյան, մեր ուժն ու հենարանը։

Այս հրաշալի հոբելյանի առիթով, Հայաստանում և Արցախում անցկացվելու են բազմաթիվ միջոցառումներ։ Վստահ եմ, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, նույնպես, անմասն չեն մնա այս իրադարձությունը մեծ շուքով նշելու պատրաստակամությունից։

Դիմելով Ձեզ՝ խնդրում և հորդորում եմ կազմակերպել Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված համայնքային միջոցառումներ և հավաքներ՝ ներգրավելով հատկապես երիտասարդական կազմակերպություններին և միություններին։ Համոզված եմ, որ նման քայլը մեծապես կգոտեպնդի և է՛լ ավելի կոգեշնչի հայոց սահմաններն անառիկ պահող մեր զինվորներին և սպաներին, կնպաստի հայ ինքնության ամրապնդմանը Սփյուռքում։

Տեղեկացնում եմ նաև, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի, նույնպես, փետրվարի 21-ին թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում նշվելու է Մայրենիի օրը, որը և՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի, և՛ Հայոց պետության կողմից սահմանված տոն է։ Չեմ կասկածում, որ համայնքի կրթօջախներում այդ առիթով կկազմակերպվեն «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթ, իսկ Ձեր կողմից ներկայացված լավագույն աշխատանքները կխրախուսվեն ՀՀ սփյուռքի նախարարության կողմից (էլեկտրոնային հասցե՝ allarmenian@mindiaspora.am)։ Հայոց լեզվին նվիրված ձեռնարկները, միջոցառումները, ուսուցիչների մեծարման երեկոները կարող են մեծապես օգնել հայապահպանության անչափ կարևոր գործին։ 

Հարգանքով՝

ՀՐԱՆՈւՇ ՀԱԿՈԲՅԱՆ