Որքան հասկանում ենք, դեռ ոչ ոք հստակ չի որոշել՝ գրողներին պե՞տք է թրի տակով անցկացնել և հատկապես ո՞ր գրողներին, ո՞ւմ թրի տակով, բայց մի բանում վստահ ենք, որ գրողների գլխին միշտ էլ կախված է եղել դամոկլյան սուրը: Բոլոր ժամանակներում լավագույն գրողները հիմնականում կռիվ են մղել խավարամիտների ու չարամիտների դեմ՝ սկսած Խորենացուց ու Փարպեցուց (գուցե և դեռ շատ ավելի վաղ շրջաններից) մինչև Չարենց և մեր օրերը: Հիմա հենց նրանց է պետք լռեցնել, ովքեր բանից անտեղյակ և միայն մի շատ կարևոր բան առաջինը ասած լինելու մարմաջով տարված կամ, որ շատ ավելի սոսկալի է, ինչ-որ օտար ուժերից վարձատրված, ուզում են ջլատել ժամանակակից գրողի առանց այն էլ դժվար կյանքը, ուզում են «դու ձենդ կտրի՛»-ի սկզբունքով առ ոչինչ համարել նրա տարիների վաստակը:
Վստահ ենք, որ նրանք գլուխ չունեն նստելու և ժամանակակից գրականություն կարդալու, էլ ուր մնաց փորձեն հասկանալ նրա նոր լեզուն, ուսումնասիրել նոր միտումները: Այսպես, կտրել-գցելու և անամոթաբար գրողների կուտակածը ուրանալու փոխարեն, լուրջ գրողներից ոչ մեկը դեմ չի լինի, եթե պետական աջակցություն և պետպատվեր իրականացնողները լինեն լուրջ գրականագետներ, բարձր, վեհ նկարագրի տեր մարդիկ, թացը չորից զանազանողներ, վարձատրվեն ինչպես հարկն է և ոչ թե խունվեյբիններ, կատաղախոսներ (Փավստոս Բուզանդի գործածած բառն է) որոնցից շատ է ճաշակել ու նրանց զազրախոսությունից տառապել մեր և ոչ միայն մեր գրականությունը: Սրանով կկասեցվի «աղբի»-ի և ապագա «մակուլատուրայի» մուտքը այս ոլորտ, կկրճատվեն ծախսերը ի շահ բարձր գրականության: Այսօր ոչ մի խելքը գլխին գրականագետ չի կարող ժխտել, որ ունենք բարձրարժեք, ինքնատիպ պոեզիա, արձակ, դրամատուրգիա, մանկական գրականություն, և սրանք ստեղծողներից շատերը, անձնական շահը վաղուց մոռացած, պատրաստ են իրենց գաղափարները, իրենց օրնիբուն աշխատանքի պտուղները ձրիաբար նվիրել ժամանակին, պատմությանը:
Մի քիչ գորովալի վերաբերմունք է պետք մեզ՝ գրողներիս: Ո՞ւմ հայտնի չէ, որ տարիներ շարունակ, եթե օգտվել ենք պետպատվերից կամ պետական աջակցությունից, մեր վարձատրությունը եղել է միայն մի չնչին հոնորար կամ հրատարակված գրքերից ինչ-որ քանակություն: Բայց մենք չենք դժգոհել, քանի որ գրողը չի կարող չգրել, իրավունք չունի չգրելու, չնվիրաբերվելու ի շահ իր ժողովրդի: Իսկ մեր դեմ թուր ճոճողները հենց դա են ուզում՝ կտրել գրողի լեզուն, որ չխոսի (թեև հիմա ո՞վ է վախենում գրողի արտահայտած մտքերից, գաղափարներից, ճշմարտություններից): Բայց բնազդը նրանց հուշում է, որ պատասխան են տալու պատմության առաջ, ինչպես մեր տարբեր դարերի խավարամիտները՝ անուն առ անուն, որ իրենց ողորմելի ճիգերը չէին խնայել մեր մեծերին հալածելու, արժեզրկելու համար:
Իսկ նրանց այն տխմար հարցադրմանը, թե ո՞ւր են հիմա մեր Թումանյանները, Չարենցները, կարելի է մի շատ տխուր ժպիտով պատասխանել. «Մի քիչ զգո՛ւյշ եղեք, Թումանյանները, Չարենցները, Պուշկինները կանցնեն ձեր քթի տակով, ու դուք չեք նկատի, քանի որ այդ պահին զբաղված կլինեք մի նոր մեծություն փնտրելու, բայց ոչ մի դեպքում գտնել չուզենալու ցածր արհեստով»:
Հայաստանի գրողների միության անդամներ՝
Խաչիկ Մանուկյան (Երևան), Հովիկ Վարդումյան (Երևան), Գագիկ Դավթյան(Երևան), Մանվել Միկոյան (Վանաձոր), Արթուր Միկոյան (Վանաձոր), Սամվել Խալաթյան (Վանաձոր), Վալերի Փիլոյան (Վանաձոր), Վարդգես Խանոյան (Եղեգնաձոր), Արարատ Գյուլբանգյան (Վանաձոր), Ալիս Հովհաննիսյան (Երևան), Նանե (Երևան), Սաթենիկ Մկրտչյան (Երևան), Հրանուշ (Գյումրի), Անահիտ Արփեն (Երևան), Լենա Անթառանյան (Վանաձոր), Բեգիջանյան Էմմա (Երևան), Լիլիթ Անտոնյան (Երևան), Դարիկո Խաչատրյան (գ. Զանգակատուն), Ռուզան Ասատրյան(Երևան) և էլի շատերը....