Ժողովրդի պատմության շոշափելի վկայությունները միայն հուշարձանները չեն։ Մարդկանց մասին պատմող թերևս ամենահետաքրքիր «վկաները» տներն են, որտեղ ապրել ու ապրում են նրանք։ Հատկապես այն տները, որոնք իրենց նշանավոր տերերից հետո դարձել են թանգարաններ կամ տուն-թանգարաններ։
«Ժառանգություն» խորագրով այս անգամ ներկայացնում ենք «գրական Երևանը». կպատմենք հայ մեծանուն գրողների՝ Երևանում գործող տուն-թանգարանների մասին։
Իսկ դրանք սոսկ թանգարաններ չեն։ Այստեղ են ամփոփված այն մարդկանց կյանքի պատմությունները, ժառանգությունը, որոնք «եղեգնյա գրչով երգել» են աշխարհի չարն ու բարին, նրանց, ում միջոցով այսօր հավասարի իրավունքով խոսում ենք աշխարհի հետ ու միանում համաշխարհային մտքի պատմությանը։
Երևանում գործում են վեց գրողների տուն-թանգարաններ` Խաչատուր Աբովյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Դերենիկ Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան։ Կառուցվում է նաև Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը, որը, ըստ նախագծի, պետք է լինի կրթական, գիտական, մշակութային կենտրոն։ Բացի թանգարաններից` Երևանում քայլելիս տարբեր շենքերի պատերին կամ բակերում կարելի է տեսնել հուշաքարեր` այս տանն ապրել է Ակսել Բակունցը, Վահագն Դավթյանը, Կոստան Զարյանը, Մկրտիչ Արմենը, Լյուդվիգ Դուրյանը, Պարույր Սևակը և այլ գրողներ, և դա ավելի մտերմիկ ու հարազատ է դարձնում մեր քաղաքը։
Սիլվա Կապուտիկյանի աշխատասենյակը
Սիլվա Կապուտիկյան. «Անարգել եղավ ուղին իմ երգի»
Հյուրասենյակը
Ի տարբերություն Չարենցի` ճակատագիրը բարեհաճ էր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հանդեպ. ժամանակն էր ուրիշ, նա սիրված էր ու պահանջված։ Այդ մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ երբ հայ գրողներից առաջինը Կապուտիկյանը մեկնեց Սփյուռք, միայն մի դպրոցում տեսավ տասնյակից ավելի Սիլվա անունով աշակերտուհիների։ Եվ դա հիմնականում «Խոսք իմ որդուն» բանաստեղծության շնորհիվ, որին նվիրված մի ամբողջ պատ կա նրա տուն-թանգարանում։ Երուսաղեմում բանաստեղծուհին մտել է մի հայի խանութ ու տեսել, որ ամենաերևելի տեղում պատի սալիկներ են` վրան` հատված իր բանաստեղծությունից։ Հուզվել է, խանութպանին հարցրել` ինչո՞ւ սալիկների վրա։ Նա էլ պատասխանել է` որպեսզի ամրացվի խոհանցում, և հայ մայրիկները, որ օրվա մեծ մասը խոհանոցում են լինում, անընդհատ աչքի առաջ ունենան, կարդան, ու երեխան լսի հայոց լեզուն։ Կապուտիկյանն էլ հարցրել է` իսկ ի՞նչ են նշանակում պատկերված արևն ու լուսինը։ Պատասխանը եղել է` որ հայերենը հնչեցնեն և՛ ցերեկը, և՛ գիշերը։
Պատի սալիկները, որոնց վրա «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունից մի հատված է
Երևանի` այժմ Կապուտիկյանի անունը կրող փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի չորրորդ հարկում գտնվող տուն-թանգարանում բազմաթիվ են նվերները և՛ հայտնի մարդկանցից, և՛ երկրպագուներից։ Ահա Սերգեյ Փարաջանովի նվերները. երբ անվանի ռեժիսորը ձերբակալված էր, Կապուտիկյանն ու մյուս մտավորականներն անընդհատ հեռագրեր էին ուղարկում` նրան ազատելու խնդրանքով։ Եվ բանտից դուրս գալուց հետո Փարաջանովը, ի նշան երախտագիտության, նրան է նվիրել 1900-ականների սկզբի «Մայր Հայաստանը լալիս է ավերակների վրա» գոբելենը, մի սկուտեղ և ուլիկի վզնոց` զանգուլակներով. այս վերջին նվերի իմաստն էր` ես արդեն ազատության մեջ եմ։
Փարաջանովի նվերը
Կապուտիկյանի դիմանկարի հեղինակ՝ Հարություն Կալենց
Մի ռադիոելույթի ժամանակ էլ Կապուտիկյանն ասել էր, որ մեծ ավազակներին թողնում են ազատության մեջ, իսկ փոքր ավազակներին բանտարկում, և բերել էր մի մարդու օրինակը, որը դեղորայքի համար 3 ռուբլի 50 կոպեկ էր գողացել, ու նրան խստորեն դատապարտել էին։ Այս ելույթը շատ էր ոգևորել բանտարկյալներին, և Կոշի դատապարտյալները նրա համար հատուկ «թագավորական» նվեր էին պատրաստել` ձեռնափայտ։ Նվիրել էին` ասելով. «Փոքր ավազակները մեծ երախտագիտությամբ սա Ձեզ են նվիրում»։ Ձեռնափայտը բավականին մաշված է, այսինքն` բանաստեղծուհին սիրել ու շատ է օգտագործել այս նվերը։
Կոշի դատապարտյալների հատուկ նվերը
Կապուտիկյանի ձեռագրերից
Կապուտիկյանն ունի ԽՍՀՄ, ՀՀ և Արցախի Հանրապետության գրեթե բոլոր մեդալներն ու շքանշանները, սակայն, ինչպես «Ժամ»-ին ասաց թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, ամենից շատ գնահատում էր Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալը, որը ձուլված է արկի բեկորներից։ Ի դեպ, նա մշտապես գումար էր ուղարկում Հայաստանի և Արցախի բոլոր ուղեկալներ և պահանջում, որ քաղցրավենիք գնեն զինվորների համար։
Կապուտիկյանի ստացած մեդալներն ու շքանշանները
Կապուտիկյանի թանգարանում անթիվ-անհամար գրիչներ են, որոնք նա նվեր է ստացել`ոսկե կամ ոսկեծայր գրիչներ, անգամ` տիեզերքում` անօդ տարածության մեջ գրող գրիչ։ Սակայն ամենաարժեքավորը Սիամանթոյի գրիչն է, որը գրողի քույրը`Զապել Համբարձումյանը, նվիրել է Փարիզի օդանավակայանում։ Իսկ ինքը` Կապուտիկյանը, նախընտրում էր գրել ամենասովորական գրիչներով, որոնք ցուցադրված են ու բոլորն էլ` ամբողջովին դատարկ։
Սիամանթոյի գրիչը, որը Կապուտիկյանին նվիրել էր բանաստեղծի քույրը
Բանաստեղծուհու գրիչները
Կապուտիկյանն Ավետիք Իսահակյանի հետ, 1950 թ.
Բանաստեղծուհու նվերները
Բանաստեղծուհու ննջասենյակը