Եղեգնյա գրչով. գրական Երևան | Դերենիկ Դեմիրճյան
Загрузка
X


Եղեգնյա գրչով. գրական Երևան | Դերենիկ Դեմիրճյան

Наследие / 21.01.2018

Ժողովրդի պատմության շոշափելի վկայությունները միայն հուշարձանները չեն։ Մարդկանց մասին պատմող թերևս ամենահետաքրքիր «վկաները» տներն են, որտեղ ապրել ու ապրում են նրանք։ Հատկապես այն տները, որոնք իրենց նշանավոր տերերից հետո դարձել են թանգարաններ կամ տուն-թանգարաններ։

«Ժառանգություն» խորագրով այս անգամ ներկայացնում ենք «գրական Երևանը». կպատմենք հայ մեծանուն գրողների՝ Երևանում գործող տուն-թանգարանների մասին։

Իսկ դրանք սոսկ թանգարաններ չեն։ Այստեղ են ամփոփված այն մարդկանց կյանքի պատմությունները, ժառանգությունը, որոնք «եղեգնյա գրչով երգել» են աշխարհի չարն ու բարին, նրանց, ում միջոցով այսօր հավասարի իրավունքով խոսում ենք աշխարհի հետ ու միանում համաշխարհային մտքի պատմությանը։

Երևանում գործում են վեց գրողների տուն-թանգարաններ` Խաչատուր ԱբովյանՀովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Դերենիկ Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան։ Կառուցվում է նաև Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը, որը, ըստ նախագծի, պետք է լինի կրթական, գիտական, մշակութային կենտրոն։ Բացի թանգարաններից` Երևանում քայլելիս տարբեր շենքերի պատերին կամ բակերում կարելի է տեսնել հուշաքարեր` այս տանն ապրել է Ակսել Բակունցը, Վահագն Դավթյանը, Կոստան Զարյանը, Մկրտիչ Արմենը, Լյուդվիգ Դուրյանը, Պարույր Սևակը և այլ գրողներ, և դա ավելի մտերմիկ ու հարազատ է դարձնում մեր քաղաքը։  

Դեմիրճյանի աշխատասենյակը

Դերենիկ Դեմիրճյան. «Երկաթե գրադարաններում լռում են դարերը» 

Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը Թումանյանի թիֆլիսյան «Վերնատան» անդամներն էին։ Երևանում էլ նրանք, կարելի է ասել, հարևաններ էին։ Դեմիրճյանն ապրում էր բազմաբնակարան շենքի առաջին հարկում` Աբովյան փողոցում։ «Ժամի» հարցին, թե ինչն է ամենատպավորիչը Դեմիրճյանի տուն-թանգարանում, տնօրեն Կարինե Ռաֆայելյանը նշեց, որ ամենագրավիչը հոգևոր դաշտն է, տիրող մթնոլորտը, որը գրողն ինքն է ստեղծել. չէ՞ որ այս տանն են գրվել «Վարդանանքը», «Երկիր հայրենին»։

Ընտանեկան լուսանկարներ. մայրը և հայրը` Նատալյա Վասիլյան և Կարապետ Դեմիրճօղլյան, Դեմիրճյանների գերդաստանը` 1915 թ., մայրական տատը` Թագուհի
Բայանդուրյան

Դեմիրճյանի կոթողային գործի` «Վարդանանքի» պատկերազարդ շքեղ հրատարակությունն իրականացվեց 1951 թվականին` Էդվարդ Իսաբեկյանի նկարազարդմամբ։ Եվ պահպանվել է լուսանկար, թե ինչպես են մեծ գրողն ու գեղանկարիչը քննարկում ապագա գրքի տպագրության ու նկարազարդման հետ կապված հարցերը։

Դեմիրճյանն ու Իսաբեկյանը, 1951 թ.

«Վարդանանք»-ի պատկերազարդ հրատարակությունը Էդվարդ Իսաբեկյանի նկարազարդմամբ, 1951 թ.

Ուշագրավ են Դեմիրճյանի ձեռագրերը. օրինակ` «Աստծո տանը» պատմվածքը, որտեղ արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման, նա գրել է հատուկ խնամքով` պապիրուս հիշեցնող նեղ թղթի վրա:

Եղեգնյա գրչով. գրական Երևան | Դերենիկ Դեմիրճյան

«Աստծո տանը» պատմվածքը

Դեմիրճյանի գրասեղանը, վրան՝ նրա կիսանդրին, հեղինակ` Սուրեն Ստեփանյան, 1952 թ.

Դեմիրճյանը նաև նկարազարդում էր իր գրածներն ու հետո կատակում իր նկարչական ձիրքի մասին։ Իսահակյանին գրած մի նամակում նա ջրային մակերես է նկարել ու իրեն հատուկ հումորով գրել, թե` եթե Այվազովսկին սաղ է, կարող է հանգիստ գերեզման մտնել, իսկ եթե գերեզմանում է, կարող է շուռ գալ մյուս կողքին, որովհետև ինքն արդեն ծովանկարիչ է։

Դեմիրճյանի լուսանկարը

Դեմիրճյանի կիրքը երաժշտությունն էր, և, իհարկե, թանգարանի ամենափայփայվող ցուցանմուշը նրա ջութակն է։  Ստրադիվարիուսի դպրոցի կանոններով 18-րդ դարում պատրաստված այս ջութակը գրողը ձեռք է բերել Ժնևում 1906 թվականին։ Թեև գրողը շատ սուղ պայմաններում է ապրել Ժնևում, բայց կարողացել է այդ թանկարժեք գործիքը ձեռք բերել, հետագայում էլ ուր գնացել է, ջութակն իր հետ տարել է։ Ու քանի որ ԽՍՀՄ առաջին տարիներին չէր կարելի ազգային արժեքները դուրս բերել երկրից, Չարենցը, որն այն ժամանակ Լուսժողկոմում էր աշխատում, տեղեկանք է տվել այն մասին, որ Դեմիրճյանը «պրոֆեսիոնալ ջութակահար» է և իրավունք ունի գործիքն իր հետ դուրս տանել հանրապետությունից։

Դեմիրճյանը սիրում էր ջութակ նվագել, նա երաժշտական տեսաբան էր

Իհարկե, նա պրոֆեսիոնալ ջութակահար չէր, բայց երաժշտական տեսաբան էր, և իր հյուրերի համար հաճախ էր նվագում։ Ջութակը նաև գրական ներշնչանքի աղբյուր էր, հիշենք  նրա «Ջութակ և սրինգ» պատմվածքը։

Այսօր ջութակը լավ վիճակում չէ, անհնար է նվագել։ Թանգարանի աշխատակիցները ցանկանում են այն վերականգնել, որպեսզի տարվա մեջ մեկ-երկու անգամ անվանի ջութակահարները Դեմիրճյանի տանը, որպես ծիսակարգ, հնչեցնեն նրա սիրելի ջութակը։

Դեմիրճյանի ջութակը

Գրողի անձնական իրերը և գլխաքանդակը, հեղինակ` Նիկողայոս Նիկողոսյան, 1977 թ.

Իսահակյանին գրած նամակի մի էջը

Տիգրանուհի Ներսեսյան, Երևան, «ԺԱՄ», աշուն 2017 թ. Լուսանկարները՝ Իննա Շիմալյանի