Ժողովրդի պատմության շոշափելի վկայությունները միայն հուշարձանները չեն։ Մարդկանց մասին պատմող թերևս ամենահետաքրքիր «վկաները» տներն են, որտեղ ապրել ու ապրում են նրանք։ Հատկապես այն տները, որոնք իրենց նշանավոր տերերից հետո դարձել են թանգարաններ կամ տուն-թանգարաններ։
«Ժառանգություն» խորագրով այս անգամ ներկայացնում ենք «գրական Երևանը». կպատմենք հայ մեծանուն գրողների՝ Երևանում գործող տուն-թանգարանների մասին։
Իսկ դրանք սոսկ թանգարաններ չեն։ Այստեղ են ամփոփված այն մարդկանց կյանքի պատմությունները, ժառանգությունը, որոնք «եղեգնյա գրչով երգել» են աշխարհի չարն ու բարին, նրանց, ում միջոցով այսօր հավասարի իրավունքով խոսում ենք աշխարհի հետ ու միանում համաշխարհային մտքի պատմությանը։
Երևանում գործում են վեց գրողների տուն-թանգարաններ` Խաչատուր Աբովյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Դերենիկ Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան։ Կառուցվում է նաև Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը, որը, ըստ նախագծի, պետք է լինի կրթական, գիտական, մշակութային կենտրոն։ Բացի թանգարաններից` Երևանում քայլելիս տարբեր շենքերի պատերին կամ բակերում կարելի է տեսնել հուշաքարեր` այս տանն ապրել է Ակսել Բակունցը, Վահագն Դավթյանը, Կոստան Զարյանը, Մկրտիչ Արմենը, Լյուդվիգ Դուրյանը, Պարույր Սևակը և այլ գրողներ, և դա ավելի մտերմիկ ու հարազատ է դարձնում մեր քաղաքը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, հիմնադրվել է 1964 թ.
Եղիշե Չարենց. «Ու թռչում է երգս` նետ` դեպի վառվող ապագան»
Չարենցը
Դեմիրճյանի թանգարանից` Աբովյան փողոցից եթե քայլենք դեպի Մաշտոցի պողոտա, կհասնենք այն «կարմիր տանը», որտեղ կյանքի վերջին երկու տարիներին ապրել է Եղիշե Չարենցը։ Շենքը դեռ կառուցվում էր, երբ բանաստեղծը ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին խնդրեց իրեն բնակարան տալ այդ, իր իսկ խոսքով, «կարմիր տանը»։ Ու հիմա Չարենցի բնակարանը նույն տեսքն ունի, ինչպես այն օրը, երբ նրան տարան ՆԳԺԿ աշխատակիցները, և այնպիսի տպավորություն է, որ տունը դեռ սպասում է իր տիրոջը...
Եղիշե Չարենցի աշխատասենյակը
Ինչպես մյուս թանգարաններում, այստեղ ևս ամենաուշագրավը հուշատունն է, որտեղ Չարենցի անձնական իրերն են, գրքերը, կահույքը, նրա ստեղծած մթնոլորտը` արևելյան երանգներով։ Աշխատասենյակում` թախտ, որի վրա քնել է, գորգեր, որ ժառանգություն են գորգավաճառ հորից, Նարեկ, Բուդդայի արձանիկներ, «Անդերվուդ» գրամեքենա, 17-րդ դարի շախմատ։ Հենց այդ շախմատի տախտակի առջև էին ուժերը չափում բանաստեղծն ու պետական գործիչը` Չարենցն ու Խանջյանը։ Այստեղ նաև ճապոնական փորագրանկարներ են և ճամպրուկ` գնված Վենետիկից, որով նա ճամփորդել է, իսկ մեկ այլ` փոքրիկ ճամպրուկով գնացել է բաղնիք։
Չարենցի 17-րդ դարի շախմատը
Չարենցը ևս, ինչպես Թումանյանը, մեծ գրադարան է ունեցել` մոտ 6 հազար գիրք, սակայն հայտնի պատճառներով պահպանվել է մոտ 1500-ը, և, ինչպես Թումանյանի դեպքում, գրեթե բոլոր գրքերի էջերին մատիտով նշումներ են։ Ի դեպ, Չարենցին ձերբակալելու եկած ՆԳԺԿ աշխատակիցները նրանից հենց իր գիրքն են խնդրել` մակագրությամբ։ Եվ Չարենցը նրանց չի մերժել։
Բանաստեղծի գրամեքենան նրա գրասեղանի վրա
Չարենցը շատ էր սիրում երաժշտություն, թեև ինքը «երաժշտական լսողություն» չուներ, սակայն դուստրերի համար գնել էր գերմանական «Բեկեր» ռոյալ։ Բայց աղջիկները դեռ փոքր էին, և նրա համար նվագում էր Ռեգինա Ղազարյանը` մի մարդ, որի անունն անքակտելիորեն կապված է Չարենցի անվան հետ։ Պատանի Ռեգինայի նվագը բանաստեղծը լսում էր թախտին նստած, ու երբ, կարծելով, թե ունկնդիրը քնած է, դաշնակահարը դադարեցնում էր նվագը, Չարենցն ասում էր` նվագի՛ր։ Բանաստեղծի ձերբակալությունից հետո նրա իրերը ցաքուցրիվ եղան, ռոյալը հայտնվեց մի երաժշտական դպրոցում, և այնտեղ այդ գործիքի միջոցով նվագել սովորեցին բազմաթիվ երեխաներ։ Տարիներ անց, երբ նշվում էր Չարենցի 90-ամյակը, ռոյալը ետ բերվեց թանգարան ու Ռեգինա Ղազարյանի հուշումով դրվեց նույն տեղում։
Հյուրասենյակը՝ վերադարձված ռոյալով
Չարենցի մյուս կորած իրերը ևս կամաց-կամաց վերադառնում են։ Մարդիկ հասկանում են, որ դրանց տեղը թանգարանն է, ու բերում-հանձնում են` հնարավորինս ամբողջացնելով նրա ժառանգությունը, այս մասին «Ժամ»-ի հետ զրույցում ասաց թանգարանի ավագ գիտաշխատող Քնարիկ Թահիրյանը։ Այդպես, օրինակ, տասնամյակներ անց Երևանի Վերնիսաժից թանգարան վերադարձավ Չարենցի պատեֆոնը։
Չարենցի պատեֆոնը
Թանգարանում խնամքով պահվում են Չարենցի հետ կապված այլ իրեր ևս` երկնագույն մոմե ծաղիկը, Կոմիտասի հուղարկավորության ծաղկեպսակից, բանտի հիվանդանոցի հին դուռը, որի հետևում մահկանացուն է կնքել բանաստեղծը։
Երկնագույն մոմե ծաղիկը՝ մասունք Կոմիտասից
Չարենցի տանը մի առանձին բաժին նվիրված է Ռեգինա Ղազարյանին, մի մարդու, ով, անտեսելով ժամանակի մահացու արգելքները, կարողացավ փրկել Եղիշե Չարենցի ձեռագրերը։
Չարենցի ձեռագիրը
Չարենցը դուստրերի հետ
Բանտի հիվանդանոցի դուռը
Տուն-թանգարանի ցուցասրահը