Ժողովրդի պատմության շոշափելի վկայությունները միայն հուշարձանները չեն։ Մարդկանց մասին պատմող թերևս ամենահետաքրքիր «վկաները» տներն են, որտեղ ապրել ու ապրում են նրանք։ Հատկապես այն տները, որոնք իրենց նշանավոր տերերից հետո դարձել են թանգարաններ կամ տուն-թանգարաններ։
«Ժառանգություն» խորագրով այս անգամ ներկայացնում ենք «գրական Երևանը». կպատմենք հայ մեծանուն գրողների՝ Երևանում գործող տուն-թանգարանների մասին։
Իսկ դրանք սոսկ թանգարաններ չեն։ Այստեղ են ամփոփված այն մարդկանց կյանքի պատմությունները, ժառանգությունը, որոնք «եղեգնյա գրչով երգել» են աշխարհի չարն ու բարին, նրանց, ում միջոցով այսօր հավասարի իրավունքով խոսում ենք աշխարհի հետ ու միանում համաշխարհային մտքի պատմությանը։
Երևանում գործում են վեց գրողների տուն-թանգարաններ` Խաչատուր Աբովյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Դերենիկ Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան։ Կառուցվում է նաև Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը, որը, ըստ նախագծի, պետք է լինի կրթական, գիտական, մշակութային կենտրոն։ Բացի թանգարաններից` Երևանում քայլելիս տարբեր շենքերի պատերին կամ բակերում կարելի է տեսնել հուշաքարեր` այս տանն ապրել է Ակսել Բակունցը, Վահագն Դավթյանը, Կոստան Զարյանը, Մկրտիչ Արմենը, Լյուդվիգ Դուրյանը, Պարույր Սևակը և այլ գրողներ, և դա ավելի մտերմիկ ու հարազատ է դարձնում մեր քաղաքը։
Ավետիք Իսահակյանի տուն–թանգարանը Երևանում, ճարտարապետ` Պերճանուշ Մսրյան, 1946 թ.
Ավետիք Իսահակյան. «Ես ժայռի նման կանգնած եմ ամուր»
Իսահակյանը կնոջ` Սոֆյայի և որդու` Վիգենի հետ
Թումանյանի տուն-թանգարանից 15 րոպե քայլելուց հետո կհասնեք նրա մտերիմ ընկերոջ ու գրչակցի, ժամանակին «Վարպետ» պատվանունը ստացած հայ մեկ այլ գրողի` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Ի տարբերություն Թումանյանի` Իսահակյանն ավելի քան մեկ տասնամյակ ապրել է այս հյուրընկալ առանձնատանը։ Ավելին` տունը, որը մատուռ է հիշեցնում, կառուցվել է հատուկ նրա ընտանիքի համար։
Իսահակյանի գրասեղանը
Մեր այցելության պահին տունը մարդաշատ էր։ Ինչպես «Ժամ»-ին պատմեց թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, այցելուներին, հատկապես երեխաներին ավելի շատ գրավում է հուշային մասը, ակնածանքով են մտնում գրադարան, հետո արդեն նայում զգեստներին, սեղանի պարագաներին, ռադիոյին և հեռուստացույցին, հարցնում են` ինչո՞ւ է ռադիոն այդքան մեծ, իսկ հեռուստացույցն` այդքան փոքր։ Վարպետի թոռը պատմել է, որ իր ընկերները գալիս էին իրենց տուն` հեռուստացույց դիտելու։ Մի անգամ էլ, երբ էկրանին համբույրի տեսարան է եղել, Վարպետն ասել է. «Այս արկղը երեխաներին դեռ շատ է փչացնելու»։ Այցելուներին հետաքրքրում է նաև Իսահակյանի սնդուկը, որտեղ նրա ձեռագրերն են եղել, հենց դրանով է նա ճամփորդել։
Հյուրասենյակը. «Սասունցի Դավիթ» գորգը, ռադիոն և հեռուստացույցը
Իսահակյանի և Եղիշե Չարենցի մտերմության վկան է Չարենցի նվերը` չինական արձանիկը։ 1937 թվականն էր, օղակը սեղմվում էր Չարենցի շուրջը։ Մի օր Վարպետի կինը հարիսա էր եփել, և Իսահակյանը հարսին` Բելլային խնդրում է հարիսա տանել Չարենցին։ Հարսը պատմում է, որ Չարենցը հաճույքով կերավ հարիսան, ու երբ ինքը դուրս էր գալիս, ասաց. «Ի՞նչ նվիրեմ Վարպետին ծննդյան օրվա առթիվ»։ «Բայց նրա ծնունդը դեռ մոտ չէ»,— ասաց ինքը, ինչին Չարենցը պատասխանեց. «Ես ժամանակ չունեմ»։ Հետո վերցրեց մի արձանիկ ու մեխով փորագրեց. «Սիրելի Ավետիքին, Չարենց, 24/VI 1937 թ.»։ Մոտ մեկ ամիս անց նրան ձերբակալեցին։
Չարենցի նվիրած արձանիկը
Իսկ մեկ այլ նվեր` սրբապատկերը, խոսում է Իսահակյանի արվեստի նկատմամբ Մարինա Ցվետաևայի հարգանքի մասին։
Մարինա Ցվետաևայի նվերը
Տան բակում էլ հայ ճարտարապետների նվերն է Վարպետի 80-ամյակին։ Երբ պետք է նշվեր Վարպետի հոբելյանը, Թումանյանի դուստր Թամարը հիշում է բանաստեղծի խոսքերը` լավ կլիներ, որ այգում մի նստարան լիներ, և խնդրում է իր համակուրսեցի, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին` նստարան նախագծել։ Հետագայում Վարպետն այդ տուֆակերտ նստարանին նստած հանգստանում էր և հյուրեր ընդունում։
Վարպետնի տուֆակերտ նստարանը
Իսահակյանի ձեռագրերից
Իսահակյանի կիսանդրին տան բակում, հեղինակ` Նիկողայոս Նիկողոսյան, 1975 թ.
Հրաչյա Ռուխկյանի «Ջրաղաց Բյուրականում» կտավը. որը հեղինակը նվիրել էր Վարպետին
Վարպետը աշխատանքի պահին