Աստղիկ Գևորգյան. «Ես անհույս լավատես եմ»
Загрузка
X


Աստղիկ Գևորգյան. «Ես անհույս լավատես եմ»

Неофициальный разговор / 06.12.2017

Լուսանկարները՝ Աստղիկ Գևորգյանի անձնական արխիվից

«Ոչ պաշտոնական զրույցներ» խորագրի հյուրն է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը։ Իր երկարատև լրագրական գործունեությունը սկսելով «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում, այնուհետև դառնալով Հայաստանի ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղար, ապա՝ նախագահ, Աստղիկ Գևորգյանը միշտ քայլում է ժամանակին համընթաց և շարունակում է մնալ հայկական լրագրական դաշտի ամենահեղինակավոր դեմքերից մեկը։

—Աստղիկ Գևորգյան: Անուն մը, որ յարգանք կը պարտադրէ հայրենիքի, թէ Սփիւռքի տարածքին, յատկապէս լրագրողական ասպարէզէն ներս:
Ինչպէ՞ս մուտք գործած էք լրագրական աշխարհ:

— Ճակատագիրը հաճախ ճիշտ է ուղղորդում մեզ: Իմ դեպքում էլ ճիշտ այդպես եղավ: Պատանության տարիներիս սիրում էի գրականությունը, հաճախ գրական երեկոների և գրողների հետ հանդիպումների էի գնում: Երևի այդ ամենն իրենց դերը խաղացին նաև մասնագիտության ընտրության հարցում,
ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը: Շատ էի սիրում մասնագիտությունս, համալսարանից հետո ինձ բախտ վիճակվեց աշխատել Հայաստանի այն ժամանակ ամենամեծ` 350 հազար տպաքանակ ունեցող թերթի` «Սովետական Հայաստանի» խմբագրությունում: Այդ տարիներն ինձ համար յուրօրինակ դպրոց եղան թե՛ թերթի լրջության (գլխավոր կուսակցական թերթն էր), թե՛ պատասխանատվության առումով:

—Զո՞վ կը համարէք ձեր ուսուցիչները լրագրության ասպարեզին մէջ։

— Այդ «յուրօրինակ դպրոցում» ուսուցիչներս եղան լրագրողների այն սերնդի ներկայացուցիչները, ովքեր նոր էին վերադարձել Հայրենական պատերազմից: Անչափ շնորհակալ եմ նրանցից այդ դասերի և այն ուշադիր ու հոգատար վերաբերմունքի համար, որ ցուցաբերում էին երիտասարդների
նկատմամբ: Սա իմ համալսարանական կրթության շարունակությունն էր: Իրենց վայելուչ պահվածքով, ամեն խոսքն ու միտքը ներքին, մի յուրովի
«լաբորատորիայում» քննարկելուց, վերլուծելուց հետո միայն հոդվածը ներկայացնում էին տպագության: Իսկ վերնագրե՞րը… ամենանշանավոր լրագրողն անգամ ճիշտ, դիպուկ վերնագիր ընտրելու համար երկար մտածում էր: Գլխավոր խմբագիրն ասում էր. «Լավ վերնագիրը հաջողված հոդվածի կեսն է»:

Վազգեն Վեհափառի հետ, Երևան, 1987 թ.

Այսպես աննկատ ինձ էին փոխանցվում մասնագիտական հմտությունները` փաստարկված հոդված, դիպուկ վերնագիր, ստորագրության պատիվ, ընթերցողի հավատ, հետադարձ կապ, մասնագիտության բարոյականության կանոններ, խմբագրության պատիվ… Եվ խմբագրությունում աշխատած
երկար տարիներին երբեք հուսախաբ չարեցի իմ ուսուցիչներին, իմ ընթերցողներին: Կուզենայի հատուկ անդրադառնալ իմ աշխատած տարիների մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության լեզվին: Անաղարտ էր, մաքուր, շքեղ, պերճախոս, երբեք փողոցի հայերենը չմտավ մամուլ: Դա իմ սերնդի ամենաբարձր գնահատականն է: Կարծում եմ, որ կգան այն ժամանակները, երբ զանգվածային լրատվամիջոցները նորից կստանձնեն նաև կրթելու, ուսուցանելու պատվավոր գործը:

— Դուք լավատե՞ս եք:

— Այո՛, անհույս լավատես: Մարդուն, ժողովրդին ապրեցնող մեծագույն ուժը լավատեսությունն է, հավատը վաղվա օրվա նկատմամբ, մինչդեռ վհատության մշուշը երբեմն պարուրում է մեր կեցության ծառը…Եվ այնպես է թվում, թե հասարակ հայ մարդու ձեռքին ոչինչ չկա, որ իրեն երկրի տեր զգա: Այնինչ նույն այդ մարդը կամա թե ակամա տիրություն է անում իր երկրին այնքանով, որքանով ապրում ու ինչ-որ բան է անում, արարում է, երկրի տիրոջ զգացումը օդի հետ շնչում է: Չի կարելի որևէ անհատի նկատմամբ ունեցած վերաբերմունքով չափել սեփական երկիրը… սա մե՛ր երկիրն է, մե՛ր Հայաստանը: Ու մե՛նք ենք նրա տերերը։

Սիլվա Կապուտիկյանի «Վերջին զանգը» գրքի շնորհանդեսից հետո, 2004 թ.

— Ո՞վ է երկրի իսկական տերը. ա՞ն, որ կը մտահոգուի զուտ անձնական հոգսերով, շահերով, թե՞ ան, որ կ' ապրի ժողովրդի մտահոգություններով:

— Երկրի տերը ժողովուրդն է. դա անառարկելի ճշմարտություն է: Ամեն մարդու հոգում էլ ապրում է իր ժողովրդի փոքրիկ դիմանկարը, ժողովուրդ հասկացության մեջ մեկտեղվում են և՛ մտավորականները, և՛ բանվորները, և՛ ուսուցիչներն ու բժիշկները, և՛ իշխանությունները: Յուրաքանչյուրն ունի իր խնդիրը, նպատակը: Այլ բան է, թե ով ինչպես է պատկերացնում իր անելիքը, իրեն տրված փոքրիկ հողակտորը ծաղկած այգեստան դարձնելու իր պարտքը, իր երկիրը սիրելու բանաձևը: Հայաստանից փախչողը, հայությունից փախչողը երկրի տիրոջ գաղափար չունի: Հիշեցի Հրանտ Մաթևոսյանի «Տերը»: Ընդամենը անտառապահ է Ռոստոմը` օժտված տիրոջ իրավունքով, Ռոստոմի պահանջը երկրի տիրոջ պատասխանատվության պահանջն է: Մեր այսօրվա փայլուն երիտասարդները, դեռ չծնված մանկիկներն անկասկած կլինեն այսօրվա հերոսների, մեր հրաշք Հայաստանը շենացնողների ժառանգորդները: Այդ է ապացուցում մեր հազարամյա պատմությունը: Ինչպես ասացի` ես անհույս լավատես եմ:

Եղբոր` Լևոնի հետ, 2009 թ.

— Քանի՞ տարիէ ի վեր Ժուռնալիստներու միութեան մէջ էք:

— Արդեն երկար տարիներ: 1970 թվականից խմբագրությունից տեղափոխվեցի Հայաստանի ժուռնալիստների միություն` որպես միության պատասխանատու քարտուղար, 1992 թվականից ընտրվեցի միության նախագահ:

— Ի՞նչ գործունէութիւն կը ծաւալէ Ժուռնալիստներու միութիւնը:

— Խորհրդային համակարգում շատ տարբեր էր ամեն ինչ: Անկախությունից հետո շատ բան փոխվեց: Այն տարիներին Հայաստանի ժուռնալիստների
միությունը ԽՍՀՄ միության մի օղակն էր, ֆինանսավորվում էր Մոսկվայից: Մենք ֆինանսապես հզոր էինք: Նույնիսկ կարողանում էինք մեր անդամների համար բնակարաններ կառուցելու գումար փոխանցել քաղաքապետարան: Զեղչով առողջարանի, հանգստանալու կամ ճամփորդության ուղեգրեր էինք հատկացնում լրագրողներին: Փաստորեն կատարում էինք արհմիության գործառույթներ:

Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ, 2005 թ.

— Իսկ հիմա Ժուռնալիստներու միութիւնը ի՞նչ նշանակութիւն ունի լրագրողներու համար:

— Ներկա իրավիճակը դժվար է համեմատել անցյալի հետ: Լրագրողն իր լրագրողական տաղանդից բացի ոչինչ չի կարող տալ Միությանը: Անդամավճարները համարյա խորհրդանշական են: Այս իրավիճակը սահմանափակում է մեր աշխատանքային հնարավորությունները: Կա ցանկություն,
կան ծրագրեր, բայց չկան ֆինանսական հնարավորություններ: ԽՍՀՄ փլուզումից հետո շատ բան է փոխվել. ազատ խոսքի գերակայություն, առանց գրաքննության աշխատանք, լրագրողների իրավունքների պաշտպանություն, ժուռնալիստների ուսուցում: Անկախության տարիներն իրենց հետ նաև նոր ծրագրեր բերեցին: Առաջին գործն ազատ խոսքի սկզբունքներն արմատավորելն էր: Սա շատ կարևոր էր, քանի որ խորհրդային տոտալիտար համակարգին սովոր հասարակությունը և լրագրողները սովոր չէին դրան: 

Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյան և Աստղիկ Գևորգյան, 2012 թ.

Սկսեցինք ուսուցումներ կազմակերպելուց. լրատվամիջոցների կառավարման, անկախ լրատվամիջոցների տնտեսական ինքնուրույնության, գովազդային քաղաքականության և այլ հարցերի մասին: Վերապատրաստումներն առնչվում էին նաև «մասնագիտական լրագրության» հարցերին: Կազմակերպեցինք տնտեսական, իրավական, հետաքննական թեմաներով գրող լրագրողների ուսուցման դասընթացներ, որոնք շատ արդյունավետ էին: Նախկինում լրագրությունը լուրջ և հարգված մասնագիտություն էր: Խմբագրություններում «հատուկ մասնագիտացումներ» կային. արվեստի մասին կարող էր գրել միայն արվեստաբանը, տնտեսական հարցերի մասին` տնտեսագետը, երաժշտության մասին` երաժշտագետը և այլն: Իսկ հիմա նույն լրագրողը հաճախ գրում է ամեն ինչի մասին, հետևաբար` ոչ արհեստավարժ: Բնականաբար նրանց հրապարակումները հավատ չեն ներշնչում: Մեր վեցամսյա դասընթացները բավականին արդյունավետ էին և բարձրացրեցին Ժուռնալիստների միության հեղինակությունը:

Շառլ Ազնավուրի հետ, Երևան, 2014 թ.

— Ժուռնալիստներու միութիւնը կզբաղվի՞ նաև լրագրողներու իրավունքներու պաշտպանութեան հարցերով։

— Հիմա Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի օժանդակությամբ աշխատում ենք ժուռնալիստների արհմիություններ ստեղծելու ուղղությամբ: Այս կառույցը կօգնի և կօժանդակի լրագրողներին իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Այսօր լրագրողական համերաշխությունը շատ անհրաժեշտ է:

Մենք փորձում ենք արագ արձագանքել երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության, երևույթի: Անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը և հետագա իրադարձություններն առիթ եղան մտածելու, որ անհրաժեշտ է լրագրողներին ուսուցանել արտակարգ իրավիճակների և
ռազմական գործողությունների լուսաբանման առանձնահատկությունները, ասենք՝ ինչպես վարվել, երբ իրենց հետևում, հետպնդում են, կամ կյանքին վտանգ է սպառնում: Միջազգային ֆեդերացիայի օժանդակությամբ և բարձր կարգի փորձագետների մասնակցությամբ շատ օգտակար դասախոսությունների շարք անցկացրեցինք մեր լրագրողների համար: Հիմա էլ մտածում ենք, թե ինչ միջոցներով կարելի է սահմանային առաջնագծում աշխատող լրագրողների համար պաշտպանական հանդերձանք ձեռք բերել:

— Յետ անկախութեան տարիներուն ինչպիսի՞ կապեր ստեղծեցիք Սփիւռքին հետ:

— Անկախությունը Սփյուռքը մոտեցրեց մայր Հայրենիքին: Մենք ոգևորությամբ ու եռանդով լծվեցինք գործի, նախապատրաստվեցինք լրատվամիջոցների
համահայկական համաժողովներ անցկացնելուն: Սկզբում պակաս էր ակտիվությունը, բայց 2008 թվականի համաժողովն ապացուցեց, որ Հայրենիք-
Սփյուռք ամուր կառույցն արդեն իրողություն է: Դրան հաջորդեցին մյուս համաժողովները: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ դարձան Սփյուռքի բազմաթիվ լրագրողներ, և մեր միության հայտարարած մրցույթներին մասնակցում և մրցանակներ են ստանում նաև սփյուռքյան ԶԼՄ-ներն ու լրագրողները: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր մենք ունենք հայ լրագրողների միություն: Բայց ունենք մի լուրջ բաց. առայժմ աշխարհի օտարագիր հայ լրագրողների հետ աշխատելու ուղիներ չենք կարողանում գտնել:

«Ոսկե գրիչ» ժուռնալիստական մրցանակի հանձնման արարողություն, Երևան, 2006 թ.

— Մեր հայեացքները սեւեռենք լրագրողներու համահայկական համագումարներուն: Ի՞նչ կրնաք ըսել Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած լրագրողներու համագումարին նշանակութեան մասին:

— Համաժողովները կարևորում եմ բազմաթիվ առումներով: Նոր ծանոթություններ, նոր դեմքերի բացահայտում: «Ժամ» ամսագրին, օրինակ, թեև որոշ չափով ծանոթ էի, սակայն համաժողովում նրա գլխավոր խմբագրի հրաշալի ելույթը առիթ դարձավ անձամբ ծանոթանալու նրա հետ: Խելամիտ, սրտացավ մարդու խոսք էր: Այս համաժողովի ընթացքում նաև նոր ընկերներ ձեռք բերեցի, որոնք ոչ միայն գրչի վարպետ են, այլև մարդկային դրական նկարագիր ունեցող անձինք: Նրանց ելույթները թարմ խոսք էին: Համաժողովի թեման միասնականությունն էր: Ու լրագրողներն անպայման առանցքային դեր պիտի ունենան այդ միասնականությունն ապահովելու գործում:

— Կա՞ արդեօք կարևոր բան, որ պիտի ուզէիք փոխանցել մեր ընթերցողներուն։

— Օգտվելով մեծ տպաքանակով և լայն աշխարհագրություն ունեցող «Ժամ» ամսագրում հանդես գալու հնարավորությունից՝ կուզենայի կրկնել իմ կոչը, որ հնչեցրեցի ժուռնալիստների համահայկական համագումարում: Այսօր մեզ հետ չեն հայ մամուլի երախտավորները, որոնց ինքնանվեր ժուռնալիստական գործունեությունը արժանի է ամենայն գովասանքի ու հիացումի: Աշխատելով օտար ափերում՝ նրանք մնացին հայրենասեր, հայասեր, մնացին մեր արժեքային համակարգին, մեր ինքնությանը հավատարիմ մարդիկ: Ես կոչ եմ անում մեր գրչակիցներին` պրպտել, հավաքել, ի մի բերել, էջ առ էջ գտնել, պեղել հայ մամուլի համալիրները, առանձին հոդվածները, խմբագիրների նամակները, նկարները, հավաքել և ի պահ տալ Հայաստանին, որը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է: Մասնավոր անձինք, որոնց մոտ են գտնվում այդ նյութերը, չեն կարող մատենագիտական մշակման ենթարկել,
գիտականորեն արխիվացնել: Հայաստանն է միակ ապահով գրապահոցը:

Զրուցեց Պայծիկ Գալայճյանը