Восьмая нота / 12.01.2018
Հայաստանում նրան առաջին անգամ ճանաչեցին, երբ 2014 թվականին «Ուկրաինայի ձայնը» նախագծում հասավ մինչև եզրափակիչ։ Մրցույթային առաջին օրը նրա կատարած լեհերեն երգը մեկ շաբաթում «YouTube»-ում շուրջ 2 միլիոն դիտում գրանցեց։ Հետո Հայաստանում մասնակցեց «Դեպի Եվրատեսիլ-2017» նախագծին և երկրպագուների մեծ բանակ ձեռք բերեց նաև այստեղ։
Կրթությամբ հոգեբան 24-ամյա երգչուհին հասցրել է «Գրան-պրի» ստանալ «Հայաստանի ձայն- 2012» համաուկրաինական մրցույթ-փառատոնում, համագործակցել Փարիզում հայտնի հայ դիզայներ Աստրիդ Սարկիսյանի հետ՝ լուսանկարվելով նրա գլխաշորերի շարքի գովազդի համար։ Իսկ բոլորովին վերջերս պայմանագիր է ստորագրել բրիտանական հեղինակավոր «The Famous Company» պրոդյուսերական ընկերության հետ. նրա համար երկու նոր երգ են գրում հայտնի պրոդյուսերներ Կառլոս Բետին և Ուիլ Բերին, որոնք երգեր են գրում Մադոննայի, Ջասթին Բիբերի, Արիանա Գրանդեի, Բեյոնսեի և այլոց համար: Մեր հանդիպման օրերին Հասմիկը նախապատրաստվում էր Երևանում իր առաջին մենահամերգին։ Նրա հետ զրույցը իր անցած ուղու և երաժշտության հանդեպ անվերապահ սիրո մասին է։
— Հասմիկ, Դուք Ուկրաինայում եք մեծացել, որպես երգիչ առաջին քայլերը ևս կատարել եք այնտեղ: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում, վերադառնալու ցանկություն կա՞:
— Ինձ դուր է գալիս կարոտել Հայաստանը: Ամեն անգամ վերադառնալիս հասկանում եմ, որ շատ-շատ եմ սիրում այս երկիրը, այս քաղաքը: Ուկրաինայում ապրել եմ 3 տարեկանից սկսած, ինձ համարում եմ երկու երկրների մշակույթների կրող, իմ աշխարհայացքն էլ ամբողջապես հայկական կամ ուկրաինական չէ, այլ՝ խառնուրդ: Ներսումս ազատություն կա, բայց նաև գիտեմ՝ ինչն է իմը, և ինչը՝ ոչ. ունեմ հստակ սկզբունքներ:
Հայաստան եկել եմ առաջին անգամ «Արի տուն» ծրագրով, իսկ դրանից հետո պարբերաբար ծնողներիս հետ եմ գալիս: Վերադառնալու ցանկություն իհարկե կա: Երբ գալիս եմ այստեղ, իսկույն զգում եմ մենթալիտետների տարբերությունն ու մեր երկրի առավելությունները։ Հայաստանում մշտապես բնակվողների համար այդ ամենը սովորական է, բայց մեզ համար՝ հիանալու առիթ: Ներշնչվում եմ նաև մեր մշակույթով։
— Տեղյակ եմ, որ կրթությամբ հոգեբան եք: Ինչպե՞ս կատարվեց անցումը՝ հոգեբանությունից երաժշտություն և մեծ բեմ:
— Մանկուց սիրել եմ երգելը։ Բայց դպրոցում, հետո նաև համալսարանական տարիներին չէի կարողանում բացվել այնքան, որպեսզի երգեի այլ մարդկանց համար, շատ ամաչկոտ էի: Երգում էի միայն տանն ու մտերիմներիս ներկայությամբ: Երգը հոբբիի նման մի բան էր։ Մայրս էլ միշտ հորդորում էր հիմնական «հիմնավոր» մասնագիտություն ձեռք բերել: Քանի որ ինձ միշտ դուր է եկել մարդկանց հետ շփվելն ու նրանց օգնելը, ընտրեցի հոգեբանի մասնագիտությունը` հաջողությամբ ընդունվելով և ավարտելով Դնեպրոպետրովսկի ազգային համալսարանը: Բայց հետո հասկացա, որ ամբողջությամբ չեմ կարող տրվել այս գործին, որովհետև սիրում էի և ուզում էի երգել: Ես շատ հուզական, զգայուն ու ստեղծագործ մարդ եմ, իսկ հոգեբանության մասնագիտական գիտելիքներս օգնում են ինձ կյանքում, մարդկանց հետ շփումներում: Ի վերջո, շոու բիզնեսի ոլորտում շփվելն այնքան էլ հեշտ չէ։
— Բեմի մարդ լինելն ու հայտնի դառնալը երազանք է շատերի համար։ Ոմանց թվում է, թե դրանից ավելի հեշտ և հաճելի աշխատանք չկա: Հետաքրքիր է՝ «մեծ բեմ» տանող ճանապարհին ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, ի՞նչն է օգնել շարժվել առաջ:
— Հատկապես երիտասարդների համար բարդը սկսելն է, մանավանդ եթե չես փորձում շոու բիզնեսի շուկայում վաճառվել: Այստեղ կարևոր է, որ քեզ նկատեն: Հաջողակ լինելը նույնպես կարևոր է: Ես առանձնակի ջանք չեմ թափում կարիերա ստեղծելու համար։ Հաճախ ինքս եմ պրոդյուսերներին և երաժշտական ընկերություններին ուղարկում իմ երգերը:
Մի գաղտնիք բացեմ. «Ուկրաինայի ձայնը» մրցույթից հետո բազմաթիվ հրավերներ ստացա շատ տարբեր նախագծերից, նույնիսկ հայտնի «Վիա-գրա» խմբից, որից նույնպես հրաժարվել եմ: Դա իմը չէր։ Թեև գայթակղություն, իհարկե, կար՝ շատ արագ հայտնի դառնալու, հեռուստաէկրաններին հայտնվելու: Իսկ ես ուզում եմ ի՛մ ուղին գտնել, թեկուզ բարդ, բայց՝ իմը: Մարդիկ ասում էին՝ կորցնում ես քո շանսը, բայց ես գիտեմ՝ ուր եմ գնում և ինչու:
— Այնպիսի մրցույթներին, ինչպիսին «Ձայնն» է կամ «Եվրատեսիլը», մասնակցում են հարյուրավոր մարդիկ, սակայն նույնիսկ հաղթողների անունները երբեմն շատ արագ մոռացվում են: Ի՞նչ եք կարծում, ինչ հատկանիշներ պիտի ունենա մարդը, որպեսզի կարողանա շարունակել իր անհատական կարիերան: Ո՞րն էր Ձե՛ր գաղտնիքը:
— Հստակ բանաձև չկա, բայց տաղանդը, աշխատասիրությունը, երբեմն նաև արտաքինը շատ կարևոր են, ինչու չէ, նաև ֆինանսական ռեսուրսների առկայությունը: Կարծում եմ՝ պակաս կարևոր չէ նաև հաջողակ լինելը: Գաղտնիքս, հավանաբար, չհանձնվելու մեջ է: Երբ աշխատում ես, հասնում մի որոշակի կետի, բայց թվում է, թե հաջողությունը դեռ շատ հեռու է, հուսահատվում ես ու սկսում մտածել ճանապարհը փոխելու մասին... մինչդեռ իրականում կարող ես հաջողությունից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա լինել: Ես հուսահատության պահեր չեմ ունեցել, քանի որ գիտեմ՝ ինչի համար եմ ապրում, ինչի համար եմ ուզում արթնանալ. իմ հոգին միշտ երգում է: Ուստի երբ նույնիսկ ինչ-որ բան չի ստացվում, չի հաջողվում, գիտեմ, որ կանգ չեմ առնելու, մտածում եմ հաջորդ քայլի մասին։
— Աշխարհահռչակ «The Famous Company»-ի հետ պայմանագիրը հավանաբար հենց այդ քայլերից էր…
— Ես շատ երկար եմ ձգտել դրան, երազել եմ երգել նաև արևմտյան լսարանի առաջ: Ես, իհարկե, սիրում եմ իմ արմատները, հայկական երաժշտությունը։ Բայց ինձ՝ որպես երգչուհու, հոգեհարազատ է նաև ամերիկյան երաժշտությունը, սիրում եմ ջազը։
Երբ մի բան շատ ես ցանկանում, կատարվում է: Բայց նաև գիտեմ, որ առանց ջանքի ոչինչ չի լինում։ Ուստի շատ եմ աշխատում, պարապում: Կիև վերադառնալուց հետո կսկսեմ աշխատել երգերիս վրա: Երգի ընտրությունից շատ բան է կախված։
— Ի՞նչ երաժշտություն եք լսում: Ինչի՞ց եք ոգեշնչվում: Կա՞ մի բան, որ կարող է ստիպել Ձեզ թողնելու երաժշությունը:
— Տարաոճ երաժշտության սիրահար եմ, բայց կարևոր եմ համարում որակը: Կարողանում եմ ներշնչանք գտնել և՛ մանրուքներում, և՛ բնության ու եղանակի մեջ, ինչպես նաև հուզական խորը ապրումներում, կյանքի տարբեր շրջադարձերի մեջ: Ամենաբացասական հույզն անգամ կարելի է դնել գեղարվեստական ձևի մեջ, և այն արվեստ կդառնա։ Երբ խորասուզվում եմ ինքս իմ մեջ, հասկանում եմ՝ ով եմ ես, որն է իմ առաքելությունը, դա նույնպես ինձ ոգեշնչում է:
Ոչինչ չի կարող ստիպել ինձ թողնել երաժշտությունը։ Կյանքն ինձ մի քանի անգամ դրել է այնպիսի իրավիճակներում, որոնցից հետո հասկացել եմ՝ շատ քիչ բան կարող է կանգնել իմ և երաժշտության միջև: Ուզում եմ, որ մարդիկ լսեն ինձ, ուզում եմ իմ երգերով նրանց ինչ-որ լուսավոր, դրական էներգիայով լեցուն բան փոխանցել: Երաժշտությունը տալիս է այդ հնարավորությունը. դրանով հնարավոր է բուժել, փոխել, ազդել մարդու հոգու ու սրտի վրա:
Զրուցեց
Էնջի Պողոսյանը, Երևան