Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ե նք դրան
Загрузка
X


Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ե նք դրան

Арцах / 10.10.2017

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը շրջադարձային դարձավ ոչ միայն Հայաստանի ու Սփյուռքի հայության կյանքում, այլև փոխեց ամբողջ տարածաշրջանի ուղեգիծը: Թվացյալ բանակցության ճանապարհով ընթացող հայադրբեջանական հակամարտությունը մի քանի օրում մտավ ակտիվ ռազմական փուլ և շարունակվում է մինչև այսօր: Արցախյան երկրորդ պատերազմի ազդեցությունը հասավ տարածաշրջանի այլ հատվածներ ևս. Իրանի
հյուսիսային շրջաններում ակտիվացան անջատողական քրդերն ու թյուրքախոս ցեղերը, Վրաստանում բախումներ եղան հայերի և ադրբեջանցիների միջև, ինչը կարող էր վերածվել ազգամիջյան խոշորամասշտաբ բախումների, եթե հրադադար չհաստատվեր Արցախում:

Արցախյան սահմանին ռազմական ակտիվ գործողությունները շարունակվում են նաև այսօր, սակայն այն տարբերությամբ, որ հիմա միջազգային լրատվամիջոցները դրանք չեն լուսաբանում, տանկերը հետ են քաշվել: Նույն ակտիվությամբ կրակում են հրանոթներն ու հրետանին, սահմանը խախտելու և հայկական դիրքերի վրա հարձակման փորձերը ևս նույնն են մնացել: Ճիշտ այնպես, ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, ադրբեջանական ջոկատները մտնում են չեզոք գոտի ու հարձակվում հայկական դիրքերի վրա: Հետևակին աջակցում է հրետանին, ինչը ստիպում է, որ հայ զինվորները թաքնվեն խրամատներում և չխանգարեն դիվերսանտներին՝ խախտելու սահմանը:

Վերջին 9-10 ամիսների ընթացքում այդպիսի իրավիճակներ գրեթե ամեն օր են տեղի ունենում, վիրավորվում կամ զոհվում են հայ պարտադիր կամ պայմանագրային զինծառայողներ:

Ամենաթարմ և մտահոգիչ դեպքը տեղի ունեցավ 2017 թ. փետրվարի 25-ի գիշերը, երբ Արցախի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով թշնամին, օգտագործելով ականազերծման տեխնիկա և հատուկ միջոցներ, հարձակման փորձ ձեռնարկեց։ Հայ դիրքապահների կողմից ժամանակին արձագանքի շնորհիվ ադրբեջանական փորձը տապալվեց հենց սկզբում։ Թշնամին տվեց առնվազն 7 զոհ: Մի քանի օր դիվերսանտների դիակները մնացին չեզոք գոտում, ականապատ դաշտում, մինչև միջազգային կառույցների միջնորդությամբ հնարավոր եղավ ստանալ հայկական կողմի համաձայնությունը՝ թույլ տալու դուրս հանել դիակները:

Հայկական կողմի այս դիրքորոշումը, կարծում եմ, արդարացված է, քանի որ Ադրբեջանի հետ միշտ անհրաժեշտ է խոսել ուժի դիրքերից՝ ստիպելու հաշվի նստել մեր շահերի հետ: Այս դեպքում Ադրբեջանը ստիպված եղավ խոստովանել, որ ինքն է խախտել հրադադարը և հարձակվել, ինչը բանակցության ժամանակ զգալի թուլացնում է իր դիրքերը: Փետրվարի 25-ի գործողությունը կարելի է համարել հայկական ռազմական և քաղաքական կարևոր հաղթանակներից մեկը, քանի որ հնարավոր եղավ բառացիորեն ծնկի բերել ադրբեջանական կողմին և ստանալ լրացուցիչ միավորներ բանակցային սեղանի մոտ: Առայժմ, սակայն, բանակցությունների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ կողմերից որևէ մեկը դրան պատրաստ չէ։ Բանակցության պատրաստ չեն նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք կողմերին առաջարկելու նոր բան չունեն, բացի պատերազմը բացառելուց և խաղաղ բանակցության կոչից: Այն, ինչ տարածվել է հայ և ադրբեջանական հանրությունների մեջ, թե կողմերը պայմանավորվել են Մադրիդյան սկզբունքների շուրջ, բացարձակ ապատեղեկատվություն է։ Դրանք ընդամենը սկզբունքներ են, որոնք առաջարկվել են միջնորդների կողմից, և դրանց շուրջ քննարկում անելու նախնական համաձայնություն են տվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Ուրիշ ոչի՛նչ:

Նշանակում է, բանակցությունները որևէ սկզբունքի շուրջ չեն ընթանում, կողմերը դեռևս բանակցում են ընդամենը պատերազմ չսկսելու համար։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ դա էլ կենսունակ չէ:
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը փետրվարի 26-ին հայտարարեց, թե Արցախի
արևելյան սահմանի՝ Ակնայի (Աղդամ) ուղղությամբ Ադրբեջանը կենտրոնացրել է մի խումբ տանկեր և այլ ծանր զրահատեխնիկա, ինչը հնարավոր ռազմական նոր բախումների սպառնալիք է:
Ադրբեջանը շարունակում է զորք ու զինտեխնիկա կուտակել Արցախի ամբողջ սահմանին: Սա փաստ է, որի մասին խոսում են նույնիսկ ադրբեջանցի գործիչները: Ինչի՞

վկայություն կարող է լինել իրողությունը, որՄարտակերտի սահմանին մոտ տեղակայվել են մեծ քանակությամբ հաուբից և Դ-44 հրետանի՝ համալրելով արդեն եղածը:

Դրան հայկական կողմը պատասխանել է նույնպիսի տեխնիկա տեղակայելով Մարտակերտի դիրքերում: Հայկական զինված ուժերը բերվել են համապատասխան մարտական պատրաստականության։ Զորքը պատրաստ է մարտի և՛ զենքով, և՛ հոգեբանորեն: Սրա մասին են խոսում փետրվարի վերջին ու մարտի սկզբին սահմանային բախումների ժամանակ հայկական կողմի խիստ հակահարվածները թշնամուն:

Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնեց Իրան՝ հանդիպելով այդ երկրի նախագահի և հոգևոր առաջնորդի հետ: Արարողակարգային հանդիպումներից ու հրապարակումներից բացի, Ալիևը բանակցություններ վարեց Իրանի ղեկավարների հետ: Խոսք եղավ նաև տարածաշրջանային հակամարտությունների մասին: Մենք, իհարկե, չենք կարող մանրամասներ իմանալ, թե կոնկրետ ինչ են խոսել Իլհամ Ալիևն ու Հասան Ռոհանին, բայց որ Ալիևը փորձել է Իրանի համաձայնությունը ստանալ նոր պատերազմ սկսելու համար, կասկածից վեր է:
Իրանական կողմը բազմիցս ասել է, որ դեմ է իր սահմանին մոտ պատերազմի գաղափարին, ուստի ամեն ինչ անելու է՝ դա կանխելու համար: Մենք նաև գիտենք, թե ինչ ներքին հակամարտություն կա Իրանի և Ադրբեջանի միջև՝ կապված Ատրպատական նահանգում ապրող մի քանի միլիոն թյուրքախոս ցեղերի հետ, որոնց ծագումնաբանության առումով վեճ կա Իրանի ու Ադրբեջանի միջև:
Իրանին միանշանակ ձեռնտու է հայկական պետականության ուժեղացումը, ինչը կզսպի ադրբեջանական ձգտումները, իսկ Արցախին ներքին կարգով աջակցելով՝ Իրանը փաստացի գրգռում է Ադրբեջանի նյարդերը: Մարտի 5-ին Թեհրանում Իլհամ Ալիևը հենց այդ հարցերն է քննարկել Հասան Ռոհանիի հետ՝ փորձելով համոզել, որ Արցախի դեմ սանձազերծվող նոր պատերազմում Իրանը լիակատար ձեռնպահ մնա: Կարող ենք ենթադրել, որ Ալիևին չի հաջողվել ստանալ Իրանի համաձայնությունը՝ հաշվի առնելով Թեհրանի տարածաշրջանային խոշորամասշտաբ ծրագրերն ու Հայաստանի հետ կապված նախագծերը, որոնք, ի դեպ, նրա համար ավելի հեռանկարային են, քան Ադրբեջանի հետ։ Խոսքը Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան տրանսպորտային մայրուղու մասին է, որը հիմա արդեն գործարկման նախնական փուլում է, և Իրանի համար ապահովում է հյուսիսն ու հարավը կապող ամենաանվտանգ ճանապարհը:

Իրանը չի աջակցի, բայց Ադրբեջանի կողքին, ինչպես միշտ, կանգնած է Թուրքիան: Օրերս այդ երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն անթաքույց հայտարարեց, թե պատրաստ է անհրաժեշտության դեպքում մեծաքանակ զորք տրամադրել Ադրբեջանին՝ Արցախի վրա հարձակվելու համար: Դա, իհարկե, չի կարող տեղի ունենալ մի քանի տեխնիկական և քաղաքական պատճառներով: Թուրքերը չեն կարող Արցախի վրա հարձակվել ցամաքային ճանապարհով: Դրա համար նրանք ստիպված կլինեն մտնել ՀՀ տարածք, ինչը արդեն պատերազմի մեջ կներքաշի ռուսական կողմին՝ ՀԱՊԿ-ի և երկկողմ պայմանագրերից ելնելով:
Ի վերջո, այսօր Թուրքիան այնպիսի ներքին ու արտաքին խնդիրների առաջ է կանգնած, որ դժվար թե կարողանա և ցանկություն ունենա ավելացնել ևս մեկ մեծ խնդիր, ավելին՝ հակամարտության մեջ մտնել ՀՀ-ի ու ՌԴ-ի հետ: Հիմա դա առավել քան երբևէ Թուրքիային պետք չէ: Հետևաբար, կարող ենք ասել, որ Ադրբեջանի պատերազմական նկրտումների առումով նրա կողքին լիարժեք կանգնած չէ նույնիսկ Թուրքիան: Ադրբեջանի իշխանության կողքին
կանգնած չեն նույնիսկ ներիշխանական ուժերը: Հիմա, առավել քան երբևէ, խորացել է հակամարտությունը Ադրբեջանի երկու խոշոր կլանների՝ Ալիևների և Փաշաևների միջև:

Հետաքրքիր է, որ Ալիևների կլանի ներկայացուցիչն է նախագահ Իլհամ Ալիևը, իսկ նրա տիկին Մեհրիբան Ալիևան Փաշաևների կլանից է: Հիմնական խնդիրը Բաքվի և Նախիջևանի ուժերի պայքարն է: Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահ դարձնելով՝ Իլհամ Ալիևը փորձեց համերաշխություն հաստատել կլանների միջև, բայց դժվար թե դա նրան հաջողվի՝ հաշվի առնելով տնտեսական ու բիզնես ոլորտում անհամաձայնությունները: Ադրբեջանի նավթի պաշարները սպառվում են ռեկորդային արագությամբ: Երկու տարի առաջվա համեմատությամբ՝ դրանք 2 մլն բարելից հասել են 0.7 մլն բարելի, ինչը առանձնապես մեծ թիվ չի նավարդյունահանող երկրի համար: Ադրբեջանական նավթի իր բաժնից արդեն հրաժարվել է նորվեգական խոշոր «Ստատօյլ» ընկերությունը, իսկ բրիտանական «Բրիտիշ պետրոլյումը» հրաժարվել է իր 40%-ից:

Նավթային ռեսուրսների պակասին զուգահեռ իջնում է նաև նավթամթերքի համաշխարհային գինը: Սա ընդամենը 4 ամսվա ընթացքում Ադրբեջանում բերեց հսկայական՝ 10% գնաճի, ազգային արժույթի անկման, բյուջեի, հատկապես ռազմական բյուջեի կրճատման (2 անգամ կրճատվեց սպառազինության բյուջեն):

Սրանք պայմաններ են, որոնք Ադրբեջանում արտագաղթի նոր ալիքի պատճառ են դարձել: Միաժամանակ, սակայն, չենք կարող ասել, որ այդ երկիրը հրաժարվել է պատերազմի գաղափարից: Պատերազմը միակ տարբերակն է, որը հնարավորություն կտա Իլհամ Ալիևին պահպանել իշխանությունն ու բիզնես շահերը: Ահա թե ինչու մեծ թափով պատերազմի պատրաստվող Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե ամբողջությամբ դատարկել է Արցախի սահմանամերձ բնակավայրերը, գյուղերում տեղադրել է հրետանի:

2016 թ. դեկտեմբերի 15-ին Բելառուսի միջոցով ձերբակալելով ու Ադրբեջանում դատապարտելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ Բաքուն նպատակ ունի նախևառաջ մեկուսացնել Արցախը միջազգային լրատվամիջոցների համար: Նոր՝ երրորդ պատերազմի դեպքում եթե աշխարհի տարբեր անկյուններից ԶԼՄ-ներ չժամանեն Արցախ, միջազգային հանրությունը տեղյակ չի լինի ադրբեջանական ագրեսիայի վայրագությունների մասին: Սակայն 2017 թ. փետրվարի 20-ի Արցախի սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ Լապշինի նկատմամբ հաշվեհարդարը որևէ կերպ չազդեց միջազգային առաջադեմ հանրության վրա: Արցախ այցելեցին 100–ից ավելի հասարակական գործիչներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ բարձր գնահատելով հայկական երկրորդ հանրապետության ժողովրդավարական քայլերը:
Նոր սահմանադրությամբ, փաստորեն, Արցախը սահմանեց երկու կարևոր սկզբունք։ Մեկն այն է, որ անցյալում է մնում ԼՂՀ (Ղարաբաղ) տերմինը՝ արդեն նաև պաշտոնապես փոխարինվելով բուն հայկական Արցախի Հանրապետությամբ: Հատկապես հայերս պարտավոր ենք այսուհետ օգտագործել միայն Արցախ անվանումը՝ որպես մեր ազգային շահերի արտահայտման կարևոր միջոց: Ըստ երկրորդ սկզբունքի Արցախի Հանրապետության նախագահը դառնում է երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավոր, բարձրացվում են նախագահի լիազորությունները, վերացվում է վարչապետի ինստիտուտը: Սա ավելի կենտրոնաձիգ է դարձնում հանրապետությունը, ինչը անհրաժեշտ է պատերազմական վիճակում գտնվող երկրին:
Առաջիկա ամիսների ընթացքում մենք կարող ենք ականատես լինել ադրբեջանական նոր լայնամասշտաբ հարձակման: Դրանում հիմա արդեն կասկած չունեն նաև միջազգային վերլուծաբանները՝ հաշվի առնելով սահմանին Ադրբեջանի տեղաշարժերը, զենքի ու զորքի վարժանքներն ու պատրաստությունները: Մինչև 2017 թ. ապրիլի կեսերը Ադրբեջանը Ռուսաստանից և Իսրայելից կստանա զենքի նոր խմբաքանակ, ինչը գուցե թե վերջինն է լինելու մեծ խմբաքանակների շարքում՝ հաշվի առնելով Ադրբեջանի փողի պակասը:

Այս պարագայում «վա-բանկ» գնալն ու պատերազմ սկսելը Ադրբեջանի համար միակ տարբերակն է: Այս անգամ երկու կողմից էլ ռազմի դաշտ են մտցվելու բոլոր զինատեսակները՝ մեծաքանակ մարդկային ռեսուրսներով:
Մեծ պատերազմին ընդառաջ շատ կարևոր է հայկական կողմում, Սփյուռքում ամրապնդել մեկ կարևոր գիտակցություն. Արցախից ոչինչ չի կարելի զիջել թշնամուն:
2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էլ թեև պաշտոնապես մենք զիջել ենք 800 հա, բայց ոչ ոք չխոսեց այն մասին, թե Ադրբեջանն ինչքան է կորցրել, հայկական զորքը ուր է հասել այլ հատվածներում: Դա, սակայն, այլ առիթներով խոսելու թեմա է: Հիմա առաջնային պայմանն է` հանրության ու զորքի գիտակցության մեջ ամրապնդել «Ոչինչ չենք զիջելու, առաջ ենք գնալու» գաղափարը: Այս հարցում իր անփոխարինելի դերն ունի նաև Սփյուռքը՝ ազգային անխախտ գաղափարախոսությամբ: Պատերազմից վախենալը պարտվելու առաջին քայլն է: Մենք չենք ուզում պատերազմ, բայց պատրաստ ենք դրան:
2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ես Արցախի սահմանին էի և սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես էին հայրենիքի համար արյուն թափում նաև նախարարների որդիները: Դա իրականությունն է, այն իրականությունը, որին հաճախ դժվարանում են հավատալ սահմանից հեռու և հոռետես բազմաթիվ հայեր:

Նոր պատերազմը չի հարցնելու ներքաղաքական գզվռտոց ու կուսակցական խաղեր: Նոր պատերազմը Արցախի լինելչլինելու, հետևաբար նաև Հայաստանի, ապա Հայկական Սփյուռքի լինել-չլինելու հարցի պատասխանն է տալու: Հարցին աշխարհի բոլոր անկյունների հայերը պարտավոր են մեկ
սկզբունքային պատասխան տալ. լինե՛լ: Ապագայի աշխարհում մենք տեսնելու ենք թուրքական պետության քայքայում և նոր պետական միավորների ձևավորում:
Մինչև 2023–25 թվականները Թուրքիայի տարածքում կարող է ձևավորվել հայկական ինքնավարություն՝ 4,5 մլն հայերով: Այդ մասին կխոսեմ հաջորդ հրապարակումներում, բայց այսօր անհրաժեշտ է նախ կասեցնել Թուրքիայի կրտսեր ընկերոջ ագրեսիվ նկրտումները:

Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան,