Երեկ՝ հունիսի 16-ին, Ստեփանակերտում մեկնարկած «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ն այսօր շարունակել է իր աշխատանքները:
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են հակառակորդի կրակոցների հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը, ապա անցել օրակարգային հարցերի քննարկամանը:
Ինչպես հաղորդեցին Արցախպրես գործակալությունից,ֆորումի առաջին մասը վարում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ֆորումի առաջին լիագումար նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդես է եկել «Հայկական պետությունների անվտանգության հիմնահարցերը» թեմայով բանախոսությամբ, որտեղ հիմնականում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին, երկրի արտաքին սպառնալիքներին և դրանց կանխման հարցերին:
«Մեր պետության համար ամենամեծ սպառնալիքը հանդիսանում է Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը, որը հրաժարվում է բանակցային գործընթացից և Ղարաբաղյան հարցն ուզում է լուծել ռազմական ճանապարհով. դա եղել է 1988 թվականից մինչ այսօր: Ես համոզված եմ, որ այսպիսի մոտեցումն այդ երկրի իշխանությունների մոտ դեռ երկար ժամանակ մնալու է, մինչև չստեղծվեն նախապայմաններ, որ Ադրբեջանը գնա բանակցային ճանապարհով»,- ասել է Վ. Հարությունյանը:
Բանախոսի խոսքով՝ Ադրբեջանը, սկսելով պատերազմ 2016թ-ի ապրիլի 2-ին, ապրիլի 4-ին դիմել է Ռուսատանին, որպեսզի հաստատվի զինադադար, որովհետև մեր պաշտպանական բանակի գործողությունների արդյունքում հասկացել է, որ մեր արժանի հակահարված է հասցվելու, և ինքը մեծ կորուստներ է ունենալու. և դա նրանց իշխանությունների մեջ մեծ խուճապ է առաջացել:
«Լայնածավալ պատերազմն այսօրվա ստեղծված պայմաններում շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև այն չի բխում համանախագահող պետությունների շահերից, բայց հիմնական երաշխիքը մեր բանակի մարտունակությունն է: Պետք է նշեմ, որ առաջիկայում Ղարաբաղյան հարցի լուծում չի լինելու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը: