Այս վերնագիրը ընթերցողի ուշադրությունը գրավելու համար է միայն, եթե ոչ պիտի վենագրեի.
«Չկլեյված օտկրիտկա (ո՞ւմ):»
Եվ որովհետև ընթերցողի ուշադրությանը արդեն արժանացել եմ (վերոտպյալ վերնագրով), ուստի պիտի հիմա ավելի ազնիվ լինեմ և ասեմ.
– Անվանի լինգվիստ-ակադեմի՜կ(ոս): Հայտնի պրոֆեսոր-արմենիստնե՜ր:
Երեկ գիշեր ես կոլերի մեջ ընկա: Կախեքսիայից խուսափելու համար որոշեցի գրել ձեզ այս օտկրիտկան` դատելով կատակլիզմիկ կատաստրոֆաների կատեգորիաներով:
Ես` ձախորդ կրեատուրաս, կոնցենտրացված խոսքերով պիտի կոնսոլիդացնեմ իմ միտքը, որը, ամենայն հավանականությամբ, կոնսերվացել է իր կրետինիզմի մեջ: Ասելիքս ընդամենը մի կոնֆիգուրացիա է, և հույս ունեմ, որ մեր զրույցը կլինի կոնֆիդենցիալ, ըստ որում մի կարծեք, թե ես կոնֆեդերատ եմ: Ես պարզապես վախենում եմ, որ եթե այսպես գնա` կկոնֆիսկացվի իմ հայրական (և մեր կոլեկտիվ) ժառանգությունը: Այստեղ է, որ ես` հոժարությամբ հրաժարվելով կաբոտաժից, գերադասում եմ կոմբինատորների կողմից կամարիլիայի մասնակից կոչվել, քան թե կակադու, որովհետև ես կամիլավկայի կարիք չունեմ` ճիշտ այնպես, ինչպեսր որ կանկանը ինձ համար չէ:
Ընթերցող իմ բախտակի՜ց:
Դու չե՞ս կարողանում դուրս գալ այս կանյոններից:
Ուզում եմ ասել` դու ինձ չե՞ս հասկանում:
Խոստովանում եմ, ինքս էլ ինձ չեմ հասկանում: Ինձ հասկանալու համար ես ու դու պիտի դիմենք այն 442 էջանոց գրքին, որ արդեն վաճառվում է, և ես շտապեցի գնել, որովհետև…
Որովհետև … կոչվում է «Հայ-ռուսերեն բառարան»:
Երդվում եմ այն ազնվությամբ, որ պիտի ունենա ամեն մի գրքի (նաև բառարանի) հեղինակ, և հավատացնում, որ ես` հազարավորներից մեկս, ցուցափեղկում կարդալով այս գրքի վերնագիրը, անկեղծորեն ուրախացա.
– Վերջապե՜ս:
Ճիշտ է, հայերս բառարաններով հարուստ ենք, բայց «Հայ-ռուսերեն» բառարանի կարիքն զգում ենք արդեն քանի՜ տասնամյակ: Ես չգիտեմ` քանի՞ աչք է տեսել Խուդաբաշյանի, Տեր-Աբրահամյանի կամ Յաղուբյանի բառարանները, որոնք, ասում են, առանձին մի բան էլ չեն եղել:
Դաղբաշյանի հայտնի բառարանը լույս է տեսել 1911 թվականին, և այդ բառարանից օգտվելու բարեբախտությունը ունեն սակավաթիվ մարդիկ:
1946 թվականին տպագրվեց մի «Հայ-ռուսերեն» բառարան, որը, համարձակվում եմ ասել, այլ բան չէր, քան Դաղբաշյանի բառարանի համառոտումը, ըստ որում բաց էին թողնված հայրուրավոր բառեր` երևի այն չպատճառաբանված պատճառաբանությամբ, թե դրանք հնացել են, և ավելացված էին այնպիսի բառեր, որոնք թարգմանվելու կարիք չէին զգում.դիցուք` մոտոռ, կոլխոզնիկ, բրիգադիր, տրակտորիստ և այլն, և այլն:
Այսուհանդերձ այդ բառարանն անմիջապես սպառվեց, քանի որ ուսանող երիտասարդությանը (և ուրիշ շատ-շատերին) տասնամյակներ շարունակ տանջում էր «Հայ-ռուսերեն» բառարանի կարիքը:
Եվ ահա` նոր «Հայ-ռուսերեն» բառարան:
Նույնի նոր` «լրացված» հրատարակությունը:
Գնեցի ու շտապեցի տուն:
Պատահաբար բացվեց «Կ» տառը:
Նայեցի տվյալ էջը, զարմանքն ստիպես աչքի անցկացնել հաջորդը. վրդովմունքը հարկադրեց ժամանակ վատնել և կարդալ ամբողջ «Կ» տառը:
Մյուս տառերը չեմ նայել: Բայց միայն «Կ»-ն էլ բավական է, որ ձայնդ ցածրացնել ջանաս ու դիմես բառարանը կազմողներին.
– Պատվելինե՛ր, այս բառարանը կազմելիս ի՞նչ բառգիրք եք ունեցել ձեր սեղանին:
Հայտնի բան է, որ երկլեզվյան բառարան կազմելիս ելակետ են ունենում բառարանը ա՛յն լեզվի, որից թարգմանում են, տվյալ դեպքում հայերեն բառարանը:
Ինչպես ցույց է տալիս «Կ» տառը, այս բառարանը կազմողները կարծես վարվել են հակառակ կերպ` սեղանի վրա ունեցել են ո՛չ թե (լավագույն դեպքում` ո՛չ միայն) որևէ հայ բառարան, այլ որևէ օտարազգի բառերի բառագիրք և արտագրել են` փոխելով միայն այբուբենի տառերն ու կարգը:
Եվ «Հայ-ռուսերեն» բառարանում միայն «Կ» տառի տակ, այսպիսով, տեղ են գտել հարյուրավոր բառեր, որոնք հասկանալու համար ահրաժեշտ է դիմել ռուսերեն կամ օտարերկրյա բառարանների օգնության:
Չե՞ք հավատում. խնդրե՛մ:
Կաբելտով, կաբոտաժ, կազեին, կալամիտ, կալամյանկա, կալկ, կալոմել, կախեքսիա, կակադու, կամարիլիա, կամիլավկա, կայման, կանդիլ, կանկան, կանտոն, կապելդիներ, կապլուն, կապտաժ, կասկետ, կասսատոր (նույնիսկ կրկնակի բաղաձայնով,— և սա մեկն է բազմաթի՜վ օրինակներից), կաստոր, կարկաս, կարոտին, կաուստիկ, կաֆր, կեգլի, կեկուոկ, կենաֆ, կետա, կերատին, կերատիտ, կեֆալ, կիոտ, կլակյոր, կլավիկորդ, կլուրասո, կյուրե, կոբզա, կոբրա, կոդիֆիկացիա, կոլաբս, կոլդկրեմ, կոլեր, կոլոնտիտուլ, կոմա, կոմպրադոր, կոնգրեգացիա, կոնդոտյեր, կոնդոր, կոնկուբինատ, տասնյակ բառեր, որ սկսում են «կոպիլ»-ով, ու «կոմպլ»-ով, «կոնսերվ»-ով, ու «կոնտր»-ով, «կոնֆ»-ով ու «կոոպ»-ով, «կոորդ»-ով ու «կոսմետ»-ով, «կվարտ»-ով ու «կվինտ»-ով, ինչպես նաև` կորտեսներ, կրեատուրա, կրեկինգ, կրեոլ, կրիկետ, կրիպտոն, կրոնգլաս, կուլոն,— էլ չեմ խոսում կաթետերից, կալեյդոսկոպից, կամերայից, կամլոտից, կանդիդատից, կանտորից, կաշայից, կաոլինից, կատառից ու կարամելից, կլոունից ու կոալիցիայից, կոմպոստից ու կոմպոտից, կովբոյից ու կորդոնից, կորժիկից ու կոֆեից, կրանից ու կրիզիսից, կրիտիկայից ու կորոզիայից….
Այստեղ է, որ պիտի դիմես ամենափրկիչ «և այլն, և այլն»-ին, որպեսզի խնայես լրագրի սուղ սյունակները:
Կա նաև «կանվա»:
Իսկ ո՞ւր է «հենք»-ը:
Ու եթե կա` ինչո՞ւ նա դուրս չի մղել «կանվա»-ին:
Կա «կապիտել»:
Իսկ չի՞ ամաչել այդ «կապիտել»-ը մեր «խոյակ»-ից, ինչպես նաև վաչկատուն «կառնիզ»-ը` մեր նստակյաց «քիվ»-ից:
Կա «կիոսք»:
«Կ»-ի փոխարեն «ք» գրելով` «կիոսկ»-ը կրպա՞կ դարձավ:
Կա «կոեֆիցիենտ»:
Ե՛կ ու մի ճաքիր, խե՜ղճ «գործակից»:
Կա «կոլոնիզատոր»:
Իսկ «գաղութարար»-ին ո՞ր «կոլոնիա»-ն ուղարկենք:
Կա «կոմպաս»:
Իսկ «կողմնացույց»-ն ի՞նչ հող տա իր գլխին:
Կա «կոնտրաբանդիստ», և եթե համապատասխան տեղում գտնվի «մաքսանենգ»-ը, ապա նա կոնտրաբանդով է բառարան մտել:
Կա նաև «կվադրատ». թող քառակուսին չո՜րս տեղից պայթի:
Կա ոչ միայն «կոնսուլ» և «կոնսուլություն»:
Մարդիկ հոգ են տարել, որ հայերենի սեղանը հարստանա «կոնսուլարա՜ն» թխվածքով:
Կա «կոնգլոմերատ» էլ, որ շա՜տ է համապատասխանում այս բառարանին:
Կա նաև «կոշմար»:
Իսկապե՜ս որ կոշմար:
Գոնե բերված (նաև բազմաթի՜վ չբերված) բառերի հետ վարվեին այնպես, ինչպես «կոշմար»-ի հետ են վարվել` նշելով. «см. մղձավանջ» (այսինքն` «տե՛ս մղձավանջ»): Այս դեպքում թերևս «կոնսուլ»-ը մեզ հասցներ հյուպատոսին, «կոմպաս»-ը` կողմնացույցին, «կառնիզ»-ը` քիվին, «կապիտել»-ը` խոյակին, գուցե և «կլակյոր»-ը` ծափորդին (թխված մի բառ, որով մենք պիտի կոչենք այն մարդկանց, ովքեր վարձվում են այս կամ այն ներկայացումը ծափահարելու համար):
Բայց վերոհիշյալ հայերեն բառերը չեն արժանացել նույնիսկ «կոշմա՜ր»-ի պատվին…
Սույն բառարանի առաջին էջում կարդում ենք, որ նա «պարունակում է բանավոր խոսքի և գրականության մեջ գործածվող շուրջ 40.000 բառ»:
Կազմողների արտադրած բառերի իմ վերարտագրած օրինակները, չնչին բացառությամբ, ոչ ոք չի կարող գրականության մեջ գործածված գտնել:
Այդ «չնչին բացառությունն» էլ վերաբերում է ամենից առաջ հույժ մասնագիտական գրականությանը, որն անկասկած պիտի՛ օգտագործվի բառարանագետների կողմից, բայց արդյոք մի այսպիսի՞ բառարանում:
Այո՛, եթե գործ ունենայինք մի եռա-քառահատոր բառարանի հետ, թերևս այստեղ արտագրված (և հարյուրավո՜ր չարտագրված) բառերը այնտեղ մուտք գործելու հնարավորություն ունենային: Բայց այսօրինակ համառոտ բառարանում նրանց մուտքը ավելի քան անհարկի է:
Ես այն մաքրասերներից չեմ, ովքեր լեզուն համարում են մեկընդմիշտ «կոմպլեկտավորված»: Ամեն մի լեզու զարգանում է և ամեն մի խելացի փոխառությունից հարստանում ու ճոխանում: Բայց բառարանի (այն էլ համառոտ մի բառարանի) մեջ իրար վրա պարսավորել այնպիսի օտարազգի բառեր, որոնք կա՛մ բնավ գործածական չեն, կա՛մ ունեն իրենց հայեցի ձևերը, կա՛մ գործածական են միայն նեղ մասնագիտական գրականության մեջ` նշանակում է զբաղվել աչքակապությամբ:
Ահավատալի կարող է թվալ, բայց պերճախոս փաստ է, որ օտարազգի այս բառերից շատերը տեղ չեն գտել մինչև իսկ ռուսական ծավալուն բառարաններում:
Ըստ որում զայրացուցիչն այն է, որ կակադու-կանկան-կեկուոկ-կլակյորանման բառերը «հայացնողները» բառարանի սուղ էջերից դուրս են մղել այնպիսի հայերեն բառեր, ինչպիսիք են, օրինակ` կամարազարդ, կամարաձև, կայծակնափայլ, կայծահան, կանխազգալ, կանխազգացում, կանխավճիռ, կաշառասեր, կաշառասիրություն, կապկել, կապկություն, կառախումբ, կատակախոս, կարկաչահոս, կենսահյութ, կենսամակարդակ, կենսասեր, կենսասիրություն, կորաքամակ, կրակակետ, կրաջուր, կապ կտրած, կապ քաշել, կարճ կապել…
Ստիպված եմ կարճ կապել, բայց և հիշեցնել, որ այստեղ բերված է առանց այն էլ Մալխասյանի թերի բառարանի «Կ» տառի չնչին մասը, ըստ որում բաց են թողնված հարյուրավո՜ր հնացած և «հնացած» բառեր, որոնք օգտագործվում են մեր դասական գրականության մեջ:
Հապա ի՞նչ կստացվեր, եթե Մալխասյանի «Կ» տառից արտագրվեին բոլո՜ր այն բառերը, որ չեն մտել սույն բառարանի մեջ:
Կազմողները (ակադեմիկոս Ա. Ղարիբյան, պրոֆեսոր Ե. Տեր-Մինասյան և Մ. Գևորգյան) գուցե փորձեն արդարանալ այն պատճառաբանությամբ, թե բառարանի սուղ էջերը գրաված օտարազգի բառերը գործածական են բանավո՞ր խոսքի մեջ: Եթե նույնիսկ կան նման բառեր օգտագործողներ, ապա դրանք այն մարդիկ են, որոնց բերանից լսում ենք. «Գնանք նախադու, միրավոյ պիվա կա… Մեր տելեֆոնը դեֆեկտ ունի… Զդաչին չտվեց… Փսիխ կինո էր… Պլանի գլխի աստանովկան… Էսօր մեր ինստիտուտում բալնի պարեր կան… Տուֆլիս տարա պաչինկի…»:
Իսկ եթե շարունակենք «բանավոր խոսքի» այս տրամաբանությունը (պիտի ասեի` լոգիկան), ապա բառարանից պիտի պահանջենք նաև այնպիսի բառեր, ինչպիսիք են պիվա, պավառոտ, պադյոմ, պադեզդ, սեմուշկա (ուղղագրությունը թող ձեզ չշփոթեցնի), վեդրո, շին, ֆառ, փսիխ, ինչպես նաև թաքյառ, թազա, հեչ, սաղ, ղալմաղալ, գլուլլա, գյուլաշ, ղալաթ անել…
Ա՜յ, սրանք, որ իսկական գործածական են, ինչո՞ւ չպիտի լինեն բառարանում:
Գուցե և կան, չգիտեմ:
Վերջացնելուց առաջ ուզում եմ կրկնել արդեն տված հարցս.
— Այս բառարանը կազմելիս, ի՞նչ բառգիրք եք ունեցել ձեր սեղանին:
Եվ աղաչում եմ` չասե՛ք, թե օգտվել եք «Համաբարբառ»-ից, այն «Համաբարբառ»-ից, որի մասին թերթերում եղած հաղորդագրությունը (այսինքն` ինֆորմացիան) շատերիս ուրախացրեց:
Մի՛ արեք այնպես, որ այդ ուրախությունը համարվի վաղաժամ և ավելի քան անտեղի…
Ռուսերենի իմացությունը պարտադիր է ամեն մի կուլտուրական հայի համար: Այս իմաստով էլ «Հայ-ռուսերեն» բառարանի անհրաժեշտությունը ավելի՛ քան մեծ է: Այդ բառարանի կարիքն ունեն ոչ միայն հազարավոր հայ երիտասարդներ արտասահմանում, այլև բազմաթիվ այլազգի բարեկամներ, որոնք ուսումնասիրում են մեր լեզուն:
Երևակայո՞ւմ եք այն լեհի կամ չեխի «ուրախությունը», երբ այս բառարանը ծայրեծայր թերթելուց հետո` տեսնի, որ «հայոց լեզվի» բառամթերքի կե՜սն արդեն գիտի` օտա՛ր լեզուներից (անտեղյակ, որ իրենք` հայերը, այդ «կեսը» չե՜ն հասկանում)…
Չգիտեմ` այս բառարանը կազմողները կարդացե՞լ են վերջերս «Լիտերատուրնայա գազետա»-ում տպագրված շատ հետաքրքրական մի հոդված: Համենայն դեպս հիշեցնեմ.
«Ի՞նչ նամակ է ձեզ հուզել, ստիպել մտորելու, պարզապես ուրախացրել», — դիմել է խմբագրությունը մի խումբ գրողների: Հարցին պատասխանողների մեջ է նաև ռուս նշանավոր գրող Կորնեյ Չուկովսկին: Տարվա մեջ ստացած բազմաթիվ նամակներից նա ընտրել է այն մեկը,
որ ուղարկել են մի խումբ դպրոցականներ: Սրանք իրենց դպրոցում կազմակերպել են ռուսաց լեզուն ու գրականությունը սիրողների ակումբ և մշակել են այդ «հոյակապ ակումբի շատ լուրջ կանոնադրությունը»: Ըստ այդ կանոնադրության.
«Ակումբի անդամ կարող է լինել ամեն ուսուցիչ և դպրոցական, ով սիրում է ռուսաց լեզուն, ռուս դասական ու սովետական գրականությունը և ցանկանում է մայրենի լեզվով խոսել պարզ, հստակ, սահուն, ձգտում է կատարելապես տիրապետել ռուս գրական լեզվին»:
Գրողի մեկ այլ նամակագիր առաջարկում է ստեղծել «Ռուս խոսքի կուլտուրա» մասսայական ամսագիր, ըստ որում ցանկանալով, որ այդպիսի ամսագրեր երևան գան «մեր երկրի նաև ուրիշ հանրապետություններում»: «Ահա թե ինչպիսի խոհուն, լուրջ նամակներ ենք ստանում մեր ընթերցողներից», — ուրախանում է Կ. Չուկովսկին:
Եթե հարկավոր է` դպրոցականներից էլ պիտի սովորել…
Հ.Գ. Կարող է այն տպավորությունն ստացվել, թե «Հայ-ռուսերեն» բառարանում հայերեն բառեր ամենևին չկան:
Կա՛ն, իհարկե:
Ես գտա նույնիսկ «պատասխանատվություն» և «խիղճ» բառերը` ճիշտ թարգմանությամբ:
1961թ, հունվար, Երևան