20-րդ դարի մոդեռնիստական գրականության գլուխգործոցը՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը, լույս տեսավ հայերեն լեզվով: «Ուլիսեսը» մեկ օրվա պատմություն է: Համարյա 800 էջ կազմող այս վեպը, նկարագրում է մարդկության պատմության թերևս ամենաերկար օրը, որն ըստ հեղինակի խոստովանության գրվել է 20.000 ժամում: Այս վեպն ասում են, բոլոր ժամանակների լավագույն վեպն է, որը ոչ ոք մինչև վերջ չի կարդացել: Բայց, այնուհանդերձ, սա նաև այն վեպն է, որը կարելի է բազմիցս ընթերցել և վերընթերցել: Ջոյսի «Ուլիսեսը»-ը թարգմանվել է աշխարհի երկու տասնյակ լեզուներով: Բազմաթիվ լեզուներ չեն կարողացել հաղթահարել լեզվաոճական պատնեշը: Թարգմանիչ Սամվել Մկրտչյանը վեպի թարգմանությունը համարում է հրաշալի առիթ՝ ինչպես ինքն է ասում՝ «ի հեճուկս լեզուն ուրացողների», քանի որ այստեղ, ըստ թարգմանության հեղինակի, ամբողջապես և լիովին օգտագործվում է հայերենի հնարավորությունները՝ բացահայտելով բազմաթիվ լեզուների համար անթարգմանլի Ջոյսյան ոճը: Սամվել Մկրտչյանն ընթերցողներին հայտնի է իր բազմաթիվ թարգմանություններով՝ Վ. Շեքսպիր, Թ. Էլիոթ, Է. Փաունդ, Վ. Ֆոլքներ, Հ. Մելվիլ, Վ. Սարոյան... «Արտասահմանյան գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է, կազմողն ու ձևավորողը: Սամվել Մկրտչյանը սիրով համաձայնեց «Ժամ» ամսագրի ընթերցողներին պատմել թարգմանության դժվարությունների ու նվաճումների մասին:
Ամեն տարի հունիսի 16-ին ողջ աշխարհում «Ուլիսեսի» երկրպագուների համար տոն է: Նրանք նշում են Բլումսդեյը՝ Բլումի օրը: 1904 թվականի հունիսի 16–ի հինգշաբթի օրն համաշխարհային գրականության պատմության մեջ ամրագրվեց, որպես «Բլումսդեյ». խոսքը «Ուլիսես» վեպի հերոսի՝ Լեոպոլդ Բլումի մասին է, ում մեկօրյա ոդիսականն էլ հենց ամփոփված է «Ուլիսես» վեպում: Հայաստանում առաջին անգամ Բլումսդեյը նշվեց թարգմանության տպագրությունից հետո միայն: Հենց այդ օրն էլ տեղի ունեցավ «Ուլիսեսի» հայերեն թարգմանության շնորհանդեսը:
— Ես, որպես թարգմանիչ, որպես հայ, շատ ուրախ եմ, որ մենք վերջապես ունենք «Ուլիսես»-ը հայերենով և միանում ենք այն երկու տասնյակ ազգերին, միանում ենք հայերենի շնորհիվ, որը թույլ է տալիս փոխանցել Ջոյսի լեզվական, լեզվաբանական, տեքստային բոլոր բարդ հնարքները և արժանապատիվ դուրս գալ լեզվական լաբիրինթոսից: Համոզված եմ, որ «Ուլիսեսի» թարգմանությունը նոր ազդակ է լինելու. այն ճանաչել կտա համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը, ինչպես նաև կհուշի ոչ միայն գրողին, այլև քանդակագործին, նկարչին, երգահանին նորանոր ոճեր ստեղծելու, քանի որ «Ուլիսեսը», լինելով նորանոր ոճերի միահյուսում, ինքն է պարտադրում որոնել և գտնել ստեղծագործական նոր ոճեր: Ընդհանրապես Ջոյսը ընթերցողի հանդեպ և պահանջկոտ է, և շատ հյուրասեր: Լինելով հյուրասեր, կանչում է նա դեպի իր լեզվական խութերը, բայց պահանջում է լինել ավելի բարձր, քան եղել է տվյալ անձն առաջ: Անձամբ ես, «Ուլիսես»-ը կարդալուց և հատկապես թարգմանելուց հետո, զգացի, որ ինչ որ տեղ արդեն ուրիշ մարդ եմ:
— Մարկեսին հիշեցի. ասում էր գիրքն ընթերցելու լավագույն ձևը թարգմանելն է: Թարգմանելու ընթացքում, իսկապես, մեծ հայտնագործություններ են լինում: Ոչ միայն «Ուլիսեսը», կամ գրականությունն ընդհանրապես ճանաչելու իմաստով, այլ նաև հայտնաբերելու թե ինչ հարուստ լեզվով է գրված գործը, որի շնորհիվ էլ ինձ համար վերահայտնաբերել եմ հայոց լեզուն: Այդ պահերն ինձ համար շատ արժեքավոր են եղել: Գործը թարգմանելը նաև փորձություն է եղել, ինձ համար անձամբ եղել է ուժի փորձություն, tour de force, այսինքն՝ կկարողանա՞մ արդյոք հաղթահարել այս բարդ ստեղծագործությունը: Թարգմանելու համար, իրոք, բարդ է, ես չեմ չափազանցում, բայց հասկացա նաև, որ դա կարող եմ հաղթահարել հայոց լեզվի շնորհիվ: Իմ բախտը բերել է, որ ես հայերենով եմ թարգմանել:
Ջեյմս Ջոյս,1929 թ.
— Միգուցե: Ես ընդհանրապես չեմ սիրում գործը տարիներով ձգձգել, բայց սա իսկապես շատ ծավալուն գործ է, որը հետո պետք էր մանրամասն ծանոթագրել, առանց որի ընթերցողի համար դժվար կլիներ հասկանալ վեպը: Բայց սիրով և հաճույքով եմ ընդունում, որ, այո, հայոց լեզուն ինձ օգնել է, որ ես ավելի արագ թարգմանեմ գործը: Ինձ հայտնի շատ երկրներում այս վեպի թարգմանությունը թարգմանիչներից մոտավորապես 10 և միգուցե ավելի տարի է խլել: Ռուսները 8 տարում են թարգմանել՝ երկու հոգով, չինացիները՝ 10, վերջերս ինտերնետում կարդացի, որ մի ֆինն արդեն 9-րդ տարին է, որ թարգմանում է վեպը, անցյալ տաեվերջին գիրքը պիտի լույս տեսներ, չգիտեմ, լույս տեսել է, թե ոչ: Ես ինքս իմ հանդեպ շատ պահանջկոտ եմ, բայց չէի ասի, որ ես գրասեղանի մարդ եմ, որ հանգիստ կնստեմ և 8 տարի կթարգմանեմ «Ուլիսեսը». դա ինձ համար արդեն տառապանք կլիներ:
— Դժվարություններ շատ-շատ են եղել: Հիմնականում լեզվական: Ջոյսի անգլերենը հաղթահարելու դժվարությունները: Գլուխ կա («Արևի եզները»), որ ես մտածում էի՝ կհաղթահարե՞մ արդյոք, մանավանդ, որ շատ թարգմանիչներ այդ գլխից այն կողմ այլևս չեն գնացել: Բայց որ հաղթահարում ես, մեծ բավականություն ես ստանում քո արած աշխատանքից: Դա ավելի շատ թարգմանչի ներքին, խոհանոցային պահերն են, թարգմանչի փոքրիկ հաճույքները:
— Եթե խնդրո առարկան լեզուն է, Ջոյսն ամեն ինչ իրավունք ունի ասելու: Նամակներից մեկում «սպառնում» էր, որ անգլերենի նոր քերականություն է գրելու:
— 90 տարի:
— Չեմ կարծում: Միգուցե: Սովորաբար ամենաիդեալականն այն է, երբ ականավոր երկ է ծնվում ու անմիջապես թարգմանվում է այլ լեզուներով՝ ի շահ այդ ժողովուրդների: Բայց հայերեն չի թարգմանվել, անցել է 90 տարի, նոր է լույս տեսնում: Կարելի է ասել՝ լավ է ուշ, քան երբեք: Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով այն սոցիալ- հոգեբանական մթնոլորտը, որ գերիշխում է մեր երկրում, դժվարանում եմ ասել՝ ճիշտ ժամանակին է լույս տեսել այս գիրքը, թե ոչ: Լեզվի իմաստով՝ այո, մանավանդ, որ հիմա օտարալեզու դպրոցների մոլագարները գլուխ են բարձրացրել: Ես հանգիստ կարող եմ ներկայացնել նրանց այս գիրքը, ցույց տալով, թե ինչի է ընդունակ հայերենը:
— Այդ իմաստով՝ բացարձակապես ճիշտ ժամանակին է, բայց թե Ջոյսին որքանով կկարողանանք ճիշտ գնահատել, հավուր պատշաճի՝ ես մի քիչ կասկածում եմ: Հաշվի առնելով նաև գրականագիտության խղճուկ վիճակը, որ առկա Հայաստանում: Նորաթուխ գրականագետներ եմ տեսնում, որ շարժվում են բացարձակապես հին մտածողությամբ. 20, 22, 25 տարեկան ծերունի գրականագետների եմ տեսնում: Այդ իմաստով էլ Ջոյսը գալիս է ճիշտ ժամանակին. «Ուլիսես»-ը նաև նոր գրականագիտություն կբերի:
— Նախագծի հեղինակը՝ Հասմիկ Դանիելյանն ինձ 2 տարի դրդում էր, որ ես թարգմանեմ այս գործը՝ գիտենալով, որ 25 տարի ես գալիս էի դեպի «Ուլիսես»-ը: Շատ դժվարություններ՝ հիմնականում նյութական, նա իր վրա վերցրեց: Այնպես որ, հենց այսօր պետք է տպվեր «Ուլիսեսը»՝ մեր զավակների, մեր զավակների զավակների համար:
Հանդիպումից հետո, 2011 թ.
— Անպայման: Բերելու է ձեր ասած հեղափոխական շունչը, ինչպես որ այն բերեց 1922 թվականին: Այդ շունչն զգացվել է ողջ աշխարհում: Նույնը, կարծում եմ, այստեղ կլինի. կլինեն բողոքողներ, որոշ գլուխներ գուցե համարեն գռեհկաբանություն կամ գտնեն, որ գուցե Ջոյսը շատ է մարդու հոգու մեջ մտել, շատ է «չափն անցել», բայց չմոռանանք, որ Ջոյսը առաջինն այդ արեց, դրա համար դրսում այդպիսի հակազդեցության հանդիպեց, մինչդեռ ամենուր կան գրողներ, ովքեր զուտ գռեհկաբանությամբ են զբաղված, առանց գրականություն ստեղծելու: Պարզապես պետք է հասկանալ, թե Ջոյսի բերած հեղափոխությունը որտեղից է գալիս:
— Այո, այդ իմաստով նա կարող է հեղաշրջել ցանկացած երկրի արվեստ և գրականություն... բազմաթիվ օրինակներ կան: Ջոյսի «Ուլիսեսի» ազդեցությունը տարածված է ոչ միայն գրականության բնագավառում, այլ ընդհուպ մինչև փոփ- արտ, մինչև կինո, կինոյի հանդեպ նոր մոտեցում... հենց դրանով է նա մշակութաբանական երևույթ: Թարգմանելիս ես մտածել եմ՝ ընդամենը բնագրին, բնագրի շնչին, տառին, ոճին, հոգուն հավատարիմ մնալ:
— Ես փորձել եմ գրքի մատուցման նոր ձև գտնել. հուսով եմ, որ հավանության կարժանանա: Տպագրական որակն ինձ համար գերազանց է, նաև՝ լուսանցքային ծանոթագրություններով, կարծում եմ, ընթերցողի գործը բավականին թեթևացրել եմ: Ընթերցողին մնում է միայն ուշադիր կարդալ: Տարբեր հարցազրույցներում ես անընդհատ ասում եմ, որ ես իմ բաժին դժվարությունները հաղթահարել եմ, հիմա հերթը ընթերցողինն է. թող ինքն էլ իր բաժին դժվարությունները հաղթահարի:
— Հոգևոր սնունդն ու մյուս սնունդը պիտի տարբերենք իրարից: Եթե գտնվի մի լավ ընթերցող, որ ես իմանամ նա իսկապես չի կարող այս վեպն առնել, ես իրեն կնվիրեմ: Բայց այս գիրքն առնելու համար ընդամենը պետք է մի անգամ սուպերմարկետից քիչ առևտուր անել, կամ մի երկու անգամ էլ սրճարան չգնալ: Ընդամենը դա է պետք: Տարօրինակ է չէ՞, երբ հոգևոր սննդին է հասնում հարցը, մենք դառնում ենք ահավոր աղքատ, ինչո՞ւ:
— Ես որոշակի գումար հատկացնում եմ ոչ միայն լավ գրքերին, այլ նաև երաժշտությանը և այլն... Ես ո՞նց բացատրեմ, որ Լոնդոնի գրախանութում 900 փաունդ եմ տվել և 1925 թվականին լույս տեսած «Ուլիսես»-ն եմ առել, ո՞նց բացատրեմ, որ տանս 50-ից ավելի գիրք կա, որ Լոնդոնի և Օքսֆորդի գրախանութներից եմ գնել... Դրանք ինձ օգնել են «Ուլիսես»-ը թարգմանելիս: Բայց դա, իհարկե, ընթերցողի խնդիրը չէ:
— Այդ կասկածնեը միշտ էլ եղել են: Ես չէի ասի, թե հայն ընթերցասեր է: Նա երբեք ընթերցասեր չի եղել և այսօր էլ չէ, չգիտեմ, ապագայում կլինի՞, թե ոչ: Առաջ գիրքը պարզապես տան բուտաֆորիա էր, իսկ հիմա՝ բուտաֆորիա էլ չէ: Հազարավոր տներ մտեք, ընդհանրապես գրադարակ էլ չունեն: Ես շատ լավ գիտակցում եմ. իմ հաշվումներով «Ուլիսես»-ը հայերեն կկարդա 8–10 մարդ: Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ:
— Եթե «սխրագործություն» բառն օգտագործեցիք, ապա պաթետիկ բայց միանգամայն լուրջ պատասխան կտամ՝ հանուն Հայաստանի վաղվա մշակույթի:
Զրուցեց ՝ Նազելի Օհանյանը: Լուսանկարները՝ Սամվել Մկրտչյանի անձնական արխիվից