«Հայկական ժամանակ» թերթի մարտի 23-ի թողարկման մեջ թերեւս առաջին անգամ հրապարակվեց լուրը, որ որոշվել է Լեզվի տեսչությունը լուծարել։ Համապատասխան նախագծի իրագործման խմբի ղեկավար Հայկ Այվազյանը թղթակցի հարցին, թե ինչո՞ւ այլեւս հարկավոր չէ Լեզվի տեսչությունը, պատասխանել է, թե․ ««Լեզվի մասին» օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին: Այլ օրենքներում նույնպես չենք գտել նման դրույթ, որով որեւիցե մի պետական մարմնի տրվել է վերահսկելու լիազորություն, լեզվի տեսչության միջոցով, բնականաբար»։ Իսկ լրագրողի տրամաբանական հարցին, թե ստացվում է, որ «լեզվի պետական տեսչությունն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել», ասել է․ «Ապօրինի չասենք, բայց, այո, որոշակի լիազորություններ կան, որոնք օրենքով նախատեսված չեն եղել»:
Զարմանալի պատասխան է։ Ապօրինի չէ, բայց օրենքով նախատեսված չէ։ Իսկ ինչպե՞ս անվանենք գործողությունը, որն օրենքով նախատեսված չէ, եթե ոչ ապ-օրինություն։ Թե՞ Հ․ Այվազյանը նկատի ունի տարբերակը, երբ այն ինչ արգելված չէ՝ թույլատրված է․ ուրեմն այդ փիլիսոփայական սկզբունքո՞վ է այսքան տարի գործել Լեզվի պետական տեսչությունը։ Եւ մի՞թե իրոք որեւիցե մի պետական մարմնի չի տրվել նման լիազորություն։ Իսկ ի՞նչ է այդ դեպքում «ՀՀ ԳԽ որոշումը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին» (Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի arlis.am կայքում սրա դիմաց կարդում ենք․ «Որոշում Հ.Ն-0774-I, Ընդունված է: 30.03.1993, Ուժի մեջ է: 30.03.1993 - Գործում է», որում պարզ գրված է․ «Հայաստանի Հանրապետությունում պետական լեզվաքաղաքականության իրականացման նպատակով ստեղծել կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչություն»։ Հիմա սա ի՞նչ է․ լիազորությո՞ւն է, թե՞ ոչ։ Մասնագետ իրավաբանները գուցե ասեն, թե «սա օրենք չէ, այլ՝ որոշում»։ Բայց չէ՞ որ երկրի օրենսդիր մարմնի որոշումն է։ Թե՞ հայ մարդը սա պիտի դիտի որպես սողանցք, որն օրենսդիրը թողել էր իր իսկ որոշածից հրաժարվելու համար։
Հետաքրքիրն այն է, որ դրանից որոշ ժամանակ առաջ ես բաց նամակով դիմել էի ներկայիս վարչապետին՝ կոչ անելով, որպես Կառավարության նորանշանակ ղեկավարի՝ կարգավորել Լեզվի տեսչության աշխատանքը, որն այսօր ոչ միայն չի իրագործում իր գործառույթը, այլեւ հակառակը՝ վարկաբեկում է այդ հաստատության գաղափարը։ Ես մասնավորապես առաջարկում էի վերականգնել վերոհիշյալ որոշման կետը, ըստ որի՝ Լեզվի տեսչությունը պետք է լիներ կառավարությանն առընթեր, այլ ոչ թե՝ Կրթության եւ գիտության նախարարության մի ստորաբաժանում։ Սակայն փոխարենը որոշեցին այն վերացնել, այլ ոչ թե կարգավորել. գլխացավի դեմ լավագույն միջոցն, ինչպես հայտնի է՝ գլուխը թռցնելն է։ Իսկ իմ եւ նման այլ դիմումները կարող են ներկայացվել հանրությանը որպես հիմնավորում․ տեսե՛ք, բոլորը դժգոհ են Տեսչության աշխատանքից։ Բայց եկեք նկատենք, որքան էլ վատ աշխատի Լեզվի տեսչությունը, դրա միայն անունը հերիք է, որ Լեզվի մասին օրենքի բազմաթիվ հնարավոր խախտումներ կանխվեն: Չէ՞ որ մարդիկ միշտ էլ խուսափում են տեսչությունների ու տեսուչների հետ գործ ունենալուց:
Վերջերս «Առավոտ»-ում լույս տեսավ լեզվաբան Հովհաննես Զաքարյանի հոդվածը, որում նա մտավախություն է հայտնում, որ այս քայլը նշանակում է «լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին», եւ որ արդյունքում «պետական, առեւտրային, առողջապահական, գիտատեխնիկական և այլ հիմնարկներում դարձյալ գործավարությունը կիրականացվի ռուսերեն, հայերենը մեծապես դուրս կմղվի գործածությունից, կտարածվեն ռուսախոսությունը, ռուսական կրթությունը՝ ի հաշիվ հայերենի ու հայկականի»: Ավելացնեմ, որ ոչ միայն ռուսերեն, այլեւ ցանկացած լեզվով, որը տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձին տվյալ պահին հարմար կլինի՝ անգլերեն, չինարեն, պարսկերեն․․․․ թուրքերեն․ եւ ինչո՞ւ ոչ․ լեզու է չէ՞։ Իսկ վերահսկող չի լինի։
Սակայն չեմ կարծում, թե Լեզվի տեսչության լուծարման միակ պատճառը ԵՏՄ-ի անդամագրումն է։ Կարելի է ենթադրել, որ Լեզվի տեսչությունը շատերի կոկորդի փուշն է։ Նույն հարցազրույցում Հ․ Այվազյանը ասում է․ «Լեզվի տեսչությունն, ըստ էության, կենտրոնացել էր ընդամենը գրվածքների վրա, ու դրա հետեւանքով հիմնականում խնդիր էին ունենում միջազգային լոգոները: Օրինակ, պատկերացրեք, «Գուգլը» Հայաստանում գրասենյակ ունենա, դրա վրա իր լոգոն կախի, գան տուգանեն: «Գուգլը» աշխարհի ամենաթանկ բրենդն է» ... Դիտարկմանը՝ բայց չէ՞ որ հայերեն գրելն օրենքի պահանջ է, նա արձագանքեց. «Նկարների դեպքում` ոչ: Այստեղ իրավական շատ լուրջ խնդիր կա, որն այդպես էլ անլուծելի մնաց: Լոգոն գրանցվում է որպես նկար, մենք չենք կարող տուգանել նկար կախելու համար: Մենք կարող ենք տուգանել ոչ հայերեն գրելու համար: Լեզվի տեսչությունն այդ մասին շատ լավ գիտի: Դատարանում այդ բոլոր գործերը պարտվում է, բնականաբար: ...Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հայերենի գործածությունն այդպես պետք է պահպանենք, ապա, իմ կարծիքով, վերահսկողության միջոցով մարդկանց մեջ մեր լեզվի նկատմամբ սեր առաջացնելը ամենավատ ձեւն է»:
Անկասկած, այլալեզու խորհրդանշանների դեմ պայքարը Լեզվի տեսչության միակ խնդիրը չէ։ Համենայն դեպս՝ ոչ գլխավորը։ Բայց Հ․ Այվազյանը կանգ է առնում հատկապես ա՛յդ խնդրի վրա․ հենց դա՛ է իրեն ամենից շատը հուզում։ Եւ տեսե՛ք թե ինչու․ «Գուգլը» աշխարհի ամենաթանկ բրենդն է»։ Մի կողմ թողնենք այն, որ հայ պաշտոնյայի համար ամենաթանկ «բրենդ»-ը պետք է հայոց լեզուն լիներ։ Բայց գոնե սեփական երկրի օրենքը պե՞տք է արժեք ունենար պաշտոնյայի համար, մինչդեռ նա ստորադասում օրենքը՝ «բրենդ»-ի թանկությանը։ Այո, խնդիրներ կան, բայց դրանք լուծել է պետք։ Իսկ պաշտոնյան սոսկ արձանագրում է, որ այն «այդպես էլ անլուծելի մնաց»։ Ախր հարկատուները Կառավարությանը վճարում են հենց խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե դրանք արձանագրելու։
Նկատենք, որ «բրենդ»-երն էլ տարբեր են լինում։ Օրինակ, մեկ այլ ոչ պակաս հայտնի ընկերություն, որի խորհրդանշանը («բրենդը») երկար ժամանակ ամենաթանկն էր՝ Կոկա-Կոլան՝ բոլորովին այլ քաղաքականություն է վարում եւ թույլատրում է գրել այն ոչ լատինական տառերով։ Լուսանկարում բերված են վրացագիր, արաբագիր, չինագիր օրինակները և ՊԵՊՍԻ բառի վրացերեն տարբերակը։
Ի դեպ, գոյություն ունի Կոկա-Կոլայի նաեւ հայերեն նմուշը, բայց ո՞վ է վերջին անգամ տեսել դրա կիրառումը։ Մի՞թե ամերիկացիներն են պատճառը, որ այն այլեւս չի գործածվում։ Մի՞թե հայը (վրացին, չինացին եւ այլն) չի խմի Կոկա-կոլա, եթե դրա անունը գրվի ոչ լատինատառ։
Դա նշանակում է խնդիրը շատ ավելի բազմակողմանի լուծումներ կարող է ունենալ, քան «թողնել-չթողնելը»։ Օրինակ, կարելի է այն ընկերություններին, որոնք դեմ չեն, որ իրենց անունը գրվի հայերեն (բնականաբար՝ նկարի տեսքով․ ցանկացած գրվածք կարելի է դիտել որպես նկար, պարոն Այվազյան), տալ հարկային արտոնություններ, իսկ համառները թող հարկեր վճարեն ամբողջ չափով։ Հասկանում եմ․ սոսկալի բան եմ առաջարկում․ դա եկամուտների կորուստ կնշանակի։ Եւ հետո պատկերացնո՞ւմ եք հայ պաշտոնյան ՊԱՅՄԱՆ Է դնում անձամբ Լարրի Փեյջին, որ ԳՈՒԳԼ բառը Հայաստանի տարածքում պետք է գրվի ինչ-որ սուրբ Մեսրոպ Մաշտոցի լեզվով, թե չէ, ասում է, կտուգանենք։ Բա ո՞նց կլինի, եւ ո՞վ է լինելու այն խիզախը, որը կհնչեցնի այդ պայմանը։ Եւ դեռ ԳՈՒԳԼ-ը դեռ մի կողմ՝ ԳՈՒԳԼ-ը հեռու է (ու բացի այդ, ի տարբերություն հայաստանի Կառավարության, ֆինանսավորում է իր արտադրանքի հայացումը, ստեղծել է հայերեն թարգմանիչ ծրագիր), բա ո՞վ պետք է այդ հարցը բարձրացնի MULTI GROUP-ի, GrandCandy-ի առջեւ...
Նկատեմ նաեւ, որ Վրաստանում լեզվի տեսչությունը շատ ավելի ուշ է ստեղծվել՝ 2013 թվականին։ Այսպես, pravfond.ge կայքում կարդում ենք 2013 թ․ սեպտեմբերի 27-ի նյութը (թարգմանաբար)․ «Պետական լեզվի պաշտպանության համար հոգ են տանելու երկու մասնագիտացված հաստատություն՝ պետական լեզվի տեսչությունը (ենթարկվելու է վարչապետին) եւ պետական լեզվի մշտապես գործող պետական հանձնաժողովը։ ... Մարմինն ունենալու է տարածքային ներկայացուցչություններ, որոնցում աշխատելու է մինչեւ 50 աշխատակից»։ Եւ դա դեռ Վրաստանում, ուր ՊԵՊՍԻ-ն գրվում է վրացերեն, իսկ փողոցներում գրեթե չկան ոչ վրացերեն ցուցանակներ (կասկածում եմ, որ գործավարությունն էլ ռուսերեն կամ անգլերեն չէ, թեեւ օտար լեզուների ուսուցմանը երկրում մեծ ուշադրություն է դարձվում)։ Բայց իրենք ստեղծո՛ւմ են տեսչություն, իսկ մենք՝ լուծարում ենք եղածը։
«Հայկական ժամանակ»-ի վերոհիշյալ հրապարակման մեջ կարդում ենք նաեւ․ «Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը, որպես լեզվի տեսչության գոյության անիմաստության վկայություն, ընդգծեց, որ տարբեր ոլորտներում հայերենի կիրառման նկատմամբ վերահսկողություն արդեն իսկ իրականացնում են պետական տարբեր մարմիններ, ինչպես օրինակ` ՀՌԱՀ-ը գովազդների նկատմամբ, առողջապահության նախարարությունը` դեղերի հետ հայերեն ներդիրների առկայության եւ այլն»։ Բոլորովին վերջերս մի բժշկական հաստատությունում ինձ տվեցին ռուսալեզու գնացուցակ։ Ասում եմ, ինչո՞ւ եք խախտում Լեզվի մասին օրենքը։ Պատասխանում են․ «Բանն այն է, որ մենք համագործակցում ենք․․․ գերմանական ընկերության հետ»։ Այո, հենց այդպես․ համագործակցում են Գերմանիայի հետ, իսկ գերմանացիները, հավանաբար պարտադրում են գրել ռուսերեն։ Թեեւ... սա երեւի այլ դեպք է․ չէ՞ որ Հ․ Այվազյանը խոսում է դեղերի ներդիրների մասին, իսկ իմ օրինակը կապված էր գնացուցակի հետ...
Եւ այսպիսի պայմաններում որոշվում է լուծարել Լեզվի տեսչությունը...
Իսկ գուցե լուծարելու այլ պատճառ էլ կա․ թեեւ այդ մասին հնարավոր է միայն ենթադրություններ անել․ գուցե օրինակ Արժույթի միջազգային հիմնադրամը պայման է դրել, որ արժույթային հերթական փոխանցումը կանի միայն պետական կառավարման մարմինների կրճատման՝ «օպտիմիզացիայի» պայմանով։ Եւ ահա մեր Կառավարությունը փորձում է ազատվել ավելորդ օղակներից․ դե պարզ է, հո Հարկային ծառայությունը չե՞ն լուծարելու։ Թեեւ ի՞նչ է խանգարում, որ այն միավորվի, ասենք, Մաքսային ծառայության հետ, սրանց վերադաս Պետական եկամուտների կոմիտեն էլ՝ Ֆինանսների նախարարության հետ։ Բայց սրանք, իհարկե, սրբություն են․ եկամուտ են ապահովում։
Հեղինակ՝ Ռուբեն Հակոբյան (Թարումյան), Երեւան