Հայը և հայը
Загрузка
X


Հայը և հայը

Чтение на ночь / 05.12.2017

Մարտիրոս Սարյան, «Հին Երևան», 1928թ.

Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.
— Իմա՞լ ես, տնավեր, իմա՞լ ես:
Չգիտեմ` ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրներն ու խորադիր աչքերը: Բարձր ուծուռ քիթ, խորադիր աչքեր, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն:

Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնա՛յք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա: Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնա՛յք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա՛յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում որպես իրենց երկրում են ապրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա՛յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա՛յք: Ոտք դրի, ուրեմն, գարջրատուն` բարև տալու ինձ նման մեկին` օտար աշխարհի մեջ մի օտարականի:

— Վա՛յ, — ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ու խոսքը համակ ուրախություն է դարձնում: — Դո՞ւ:
Եվ այդ «դուն» ճիշտ ես էի` իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, իմ դեմքի ամբողջ Ամերիկան:
— Ինչպե՞ս հոս ինկար:
— Գաղտուկ, — ասացի խանդաղատանքով, — կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերեն ասում են` որտե՞ղ ես
աշխարհ եկել):
— Մուշ, — ասաց: — Ո՞ւր կերթաս, հոս ի՞նչ կընես, դուն ամերիկացի ես, քու հագուստդ ամերիկացու է: Մուշ:
Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որը երբեք չեմ տեսել, վայր, որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են: Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտասարդությանը եղել է:

Տե՛ր Աստված, ի՜նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի` աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե՜զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե՜զ ինչ անգամ
բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:
— Վա՜յ, — ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ: — Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:
Ու երկու գավաթ տեղական անհամ գարեջուր բերեց:
Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի` ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել, հայրերը, եղբայրներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են:
Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են, որի աղոթքները վաղուց չեն հնչում։
Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:
Ջանացե՛ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե՛ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան Նյու Յորք, օգոստոս, 1935թ. Անգլերենից թարգմանեց Շ. Մաթևոսյանը