Հայ և ռուս գրականությունը, մշակույթը, գիտությունն ու դիվանագիտությունը դժվար է պատկերացնել առանց հռչակավոր կրթօջախի` Մոսկվայի Լազարյան ճեմարանի։ «Մայր դպրոց», «Սերմնարան հայոց դպրոցաց» և այլ պատվանուններ ստացած դպրոցը գործել է մոտ մեկ հարյուրամյակ` 1815-ից միչև 1921 թթ.։ Ճեմարանի, ինչպես նաև դպրոցի հիմնադիր Լազարյան տոհմի անցած փառավոր ուղին ներկայացված է օրեր առաջ Երևանի Մատենադարանում բացված ցուցադրությունում։
«Ժամի» հետ զրույցում Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր–Ղևոնդյանը նշեց, որ ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ գրեթե բոլորը լսել են Լազարյանների մասին, սակայն խորը պատկերացում չունեն, թե այդ ընտանիքը ինչ մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում։
Լազարյանները Ռուսաստան են տեղափոխվել Նոր Ջուղայից 18-րդ դարի կեսերին և դարձել մեծահարուստ կալվածատեր-արդյունաբերողներ, պետական և ռազմական գործիչներ, նրանց շնորհվել են տիտղոսներ, մասնավորապես` Եկատերինա II-ի հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։
«Լազարյանների մասին խոսելիս պետք է սկսել Նոր Ջուղայից, քանի որ նորջուղայեցիները խորը հետք են թողել մեր պատմության մեջ։ Նրանք տեղափոխվեցին տարբեր վայրեր ու հատկապես երեք երկրներում` Հնդկաստան, Հոլանդիա և Ռուսաստան, կարևոր դեր ունեցան իրենց նյութական կարողություններով և ազգային ոգով։ Հնդկաստանում մասնակից եղան առաջին հայկական թերթի տպագրության, Հոլանդիայում` գրատպության, իսկ Ռուսաստանում` կրթության գործին»,– ասաց Տեր–Ղևոնդյանը։
Նորջուղայեցիները, նրա խոսքով, կարող են օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է անձնական հարստությունը ծառայեցնել հանրային նպատակներին. հարուստ վաճառականը որևէ ձևով մաս էր հանում դպրոցներին, տպարաններին, գիտական-մշակութային կենտրոններին։ Լազարյանները ևս հիմնում էին դպրոցներ ու եկեղեցիներ, իսկ նրանց ամենահայտնի կրթօջախը` Լազարյան ճեմարանն իր տեսակի մեջ առաջինն էր, նրանք կարողացել էին համատեղել տվյալ երկրի լավագույն կրթական ավանդույթները և հայկական ազգային շունչը։
«Լազարյան ճեմարանը մի օրինակ է, թե ինչպես փոխադարձ հարգանքի հիման վրա ժողովուրդների միջև իրական բարեկամություն է ստեղծվում։ Մարդիկ հարգում են միմյանց լեզուն, դավանանքը, միաժամանակ փոխհարստացնում միմյանց մշակույթը, և զարգանում է համագործակցություն, որի նպատակը արվեստի և գիտության բարձունքներին հասնելն է։ Սա լայնախոհ համագործակցություն է»,– ընդգծեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատարը։
Լազարյան ճեմարանում առանց ազգային ու դավանանքի խտրականության ուսանում էին հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ, դասավանդվում էին հանրակրթական առարկաներ, լեզուներ։ Ցուցադրության մեջ ռուս մեծ վիպասան Լև Տոլստոյի նամակն է` ուղղված հայ գրող Ատրպետին, որտեղ նա շնորհակալություն է հայտնում ուղարկած գրքերի համար և ասում, որ շատ բան իմացավ դրանից, գրողներ Միքայել Նալբանդյանի և Իվան Տուրգենևի նամակագրությունը։ Ճեմարանի հետ որևէ կերպ առնչվել են` դասախոսել, սովորել կամ որևէ դասախոսության մասնակցել բազմաթիվ այլ գործիչներ ևս` Միխայիլ Սալտիկով–Շչեդրին, Կոնստանտին Ստանիսլավսկի, Յուրի Վեսելովսկի, Նիկողայոս Մառ, Սմբատ Շահազիզ, Ռափայել Պատկանյան, Վահան Տերյան, Վարդգես Սուրենյանց, Ալեքսանդր Մյասնիկյան, Պողոս Մակինցյան և մյուսները։
Ցուցադրված են նրանց անձնական իրերը, անվանական տետրերը, ուսանողական տոմսերը, ճեմարանի կանոնադրությունը, շքանշանները, դիդակտիկ նյութեր, աշակերտ Վարդգես Սուրենյանցի ձևավորած բացիկը` ուղղված սիրելի ուսուցիչ Սմբատ Շահազիզին, Վահան Տերյանի ինքնագիրը` «Հուշեր Լազարյան ճեմարանից», ժամանակի շունչը փոխանցող բազմաթիվ լուսանկարներ։ Եվ, իհարկե, հայտնի Լազարյան ավետարանը, որը թվակիր նկարազարդ հայկական առաջին ձեռագիրն է` գրիչ և ծաղկող Սահակ Վանանդեցին այն ավարտել է 887 թվականին։ Կոչվել է Լազարյան`ճեմարանին պատկանելու համար։ Ճեմարանում ընդհանուր առմամբ եղել է 216 ձեռագիր մատյան։
«Լազարյան դպրոցը նախորդ դարի 20-ականներին արդեն չէր գործում, բայց այնպիսի խորը հետք թողեց, որ այն զգացվում է մինչ օրս։ Նախ` շենքը, որ հիմա Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն է, իսկ մինչ այդ Հայաստանի ներկայացուցչությունն էր։ Լազարյանները հավաքել էին 216 ձեռագրեր, որոնք այսօր Մատենադարանում են` «Լազարյան ֆոնդ» անվան տակ։ Արևելյան դպրոցի շրջանավարտները մեծ ավանդ են ունեցել ԽՍՀՄ արևելագիտության և դիվանագիտության մեջ»,– նշեց Տեր–Ղևոնդյանը։
Միշտ կարիք կա ներկայացնել Լազարյանների գործը, նրանց ավանդը հայ ժողովրդի կյանքում, համոզված է Տեր–Ղևոնդյանը, որովհետև նրանց գործը չսահմանափակվեց միայն հարյուր տարով, այլ դեռ հարյուր տարի էլ «գալիս ու հասնում է մեր օրերը»։ Լազարյան տոհմին նվիրված ցուցադրությունում ներկայացված են ոչ միայն Մատենադարանի, այլև Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում պահվող նյութերը։ Ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, դեռ մի քանի ամիս կներկայացնի անհետացած տոհմի ապրող ժառանգությունը։
Հեղինակ՝ Տիգրանուհի Ներսեսյան