Հայկական Վերածնունդն իր զորակցությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական շարժմանը
Загрузка
X


Հայկական Վերածնունդն իր զորակցությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական շարժմանը

Ежедневник / 19.04.2018

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունն իր զորակցությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող մեծաքանակ քաղաքացիական շարժմանը, որի նպատակն է խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով հեռացնել Սերժ Սարգսյանի ռեժիմը և հաստատել ժողովրդավարական իշխանություն:

Այս օրերին բազմաթիվ սփյուռքահայեր նույնպես հետևում են Հայաստանի իրադարձություններին և միանշանակ սատարում են ժողովրդի խաղաղ հանրահավաքներն ու երթերը: Միանգամայն պարզ է, որ կեղծիքներով իրականացված սահմանադրական փոփոխությունների նպատակն էր Սերժ Սարգսյանի իշխանության 3-րդ ժամկետ տալը: Թե Հայաստանի ներսում և թե սփյուռքում գերակշռող մեծամասնությունը դեմ է, որ Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել որպես վարչապետ և անընդունելի է համարում Հայաստանում ասիական միանձնյա իշխանության տարբերակը:

Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի և շարժման այլ կազմակերպիչների պատասխանատու և գրագետ կազմակերպչական աշխատանքը: Կարևոր ենք համարում, որ շարժումը այժմ իր առջև նպատակ է դրել իրականացնել թավշյա հեղափոխություն: Խաղաղ, քաղաքացիական անհնազանդության մեթոդներով իրականացվող հեղափոխության անհրաժեշտությունը Հայաստանում վաղուց է հասունացել, իսկ բռնակալական ռեժիմի անհապաղ հեռացումը այլընտրանք չունի:

Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին կոչ ենք անում միանալ պայքարող ժողովրդին և ընդվզել: Հույս ենք հայտնում, որ առաջիկայում շարժմանը կմիանան բազմաթիվ այլ քաղաքացիներ, մտավորականներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

Հայկական Վերածնունդ
Ապրիլի 18, 2018