ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՅՑԸ ԻՐԱՆ ԵՎ ՀՅԴ-Ի ՀԱԿԱՔԱՅԼԸ
Загрузка
X


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՅՑԸ ԻՐԱՆ ԵՎ ՀՅԴ-Ի ՀԱԿԱՔԱՅԼԸ

Аналитика / Ежедневник / 05.03.2019

Իրանի եւ Հայաստանի ոչ միայն պետական այրերը, այլ նաեւ վերլուծաբանների մեծամասնությունն այն կարծիքին է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրան սպասվածից ավելի արդյունք է տվել եւ արդեն իսկ խոսվում է միջպետական հարաբերությունների նոր մակարդակի մասին:

Մենք ականատես եղանք, թե ինչպես ընդամենը երկու ամիս առաջ, Թուրքիայում Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆի կողմից Արցախյան հիմնահարցի կապակցությամբ հնչեցրած կոպիտ դիրքորոշմանը հակակշիռ դարձավ Իրանի պետական գագաթի հավասարակշիռ մոտեցումը: Կարեւորվեց երկկողմ հարաբերությունների տարածաշրջանային նշանակությունը եւ ՀՀ դերը տարածաշրջանում՝ այլընտրանքի նոր դուռ բացվելով եւ որոշակի դրական տեղաշարժ խոստանալով ՀՀ առեւտրատնտեսական ասպարեզի համար:
Միաժամանակ ՀՀ Վարչապետի գլխավորած պատվիրակության ժողովրդական հանդիպումների եւ շփումների ընթացքին, համայնքի եւ մանավանդ երիտասարդության ցուցաբերած աննախադեպ խանդավառությունն ու ջերմ ընդունելությունը վառ ապացույցը դարձան այն բանի, որ ապրիլ-մայիսյան համաժողովրդական շարժման հաղթանակի եւ արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված ՀՀ իշխանությունը, սփյուռքահայության համար հպարտության առիթ դառնալով, վայելում է նաև Սփյուռքի զորակցությունը՝ խորհրդանշելով ՀՀ-Սփյուռք միասնության փաստը:
Սակայն այս կարեւոր իրադարձությանը զուգահեռ եւ դրան հաջորդող օրերի զարգացումներին զուգընթաց ականատես դարձանք նաև, թե ՀՅԴ տեղական մարմինների չմտածված քայլերն ինչպես կարող են վնասել ոչ միայն ՀՀ-Սփյուռք հարաբերություններին, այլ նաեւ ստվեր գցել այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա:
ՀՀ Վարչապետի՝ ժողովրդական եւ այլ հանդիպումների կազմակերպական վրիպումների առիթը լավագույնս չարաշահելով՝ ՀՅԴ-ն նախ փորձեց հնարավորինս խանգարել եւ սահմանափակել ոչ յուրայինների մուտքը կազմակերպված հանդիսությանը եւ ապա ընդունելության միջավայրում տեղադրեց պաստառներ, որոնց միջոցով փորձեց լարվածություն հրահրել եւ իր ցանկացած մթնոլորտը պարտադրել հանդիսությանը, ինչում ձախողվեց:
Սփյուռքյան կազմակերպությունները
չպետք է դառնան ՀՀ ընտրյալ ցանկացած իշխանության մրցակից,
այլ պետք է գտնվեն միա՛յն զորակցողի դերում:
Վարչապետին բարի գալուստ մաղթելու փոխարեն Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղադրված «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսը թեև ոչինչ չուներ ասելիք ներկա հայերին, սակայն այն լավագույնս չարաշահվեց Բաքվի իշխանությունների եւ Իրանում նրանց կամակատարների կողմից:
Արդարեւ, Իրանի ԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ՝ Բահրամ Ղասեմին, տեղի չտալով ադրբեջանական «Ունա» լրատվական գործակալության ներկայացուցչի հարցին, ով պատրվակելով ՀՅԴ-ի պաստառները, փորձում էր հակահայկական հայտարարություն կորզել իրանական կողմից, պատասխանում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է մնալ հստակ ու թափանցիկ, այն չի փոխվել: Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է կարգավորվի միջազգային նորմերի հիման վրա եւ երկխոսության միջոցով»։ Ասվածին նա հավելում է նաև, որ Թեհրանի համար կարեւոր է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը չազդի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների վրա: Իրանը Ադրբեջանի, Հայաստանի եւ մյուս հարեւանների կայունությունը, անվտանգությունն ու տնտեսական զարգացումը համարում է զգայուն հարց և այս տարածաշրջանի համակողմանի զարգացման գրավականը: Անտարակույս, մենք ցանկանում ենք, որ մեր հարեւանների հարաբերություններում վերանան ամեն տեսակ թշնամանքը, լարվածությունը, անապահովությունն ու անկայունությունը»:
Լրագրողի պնդումին կրկին տեղի չտալով՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ղասեմին հաստատում է. «Մենք հպարտ ենք, որ անցյալ դարերից ու ժամանակաշրջաններից, հին մշակույթի ու քաղաքակրթության տեր Իրանում աստվածային կրոնների հետեւորդները, այդ շարքում եւ հայ համայնքը ապրել են միմյանց հետ կողք-կողքի եւ հնարավորություն են ունեցել հետեւելու իրենց կրոնական ծեսերին ու ավանդույթներին: Հայ, ասորի, զրադաշտական եւ հրեա համայնքներն իրենց պատգամավորները ունեն Իսլամական խորհրդարանում», սակայն, այնուամենայնիվ, ԱԳՆ խոսնակը հավելում է. «ՀՀ վարչապետի ներկայությունը «Արարատ» մարզավանում եւ հանդիպումը իր իրանցի ազգակիցների հետ անտրամաբանական չի թվում, բայց, անկասկած, «Արարատ» մարզամշակութային ակումբի տարածքում Ղարաբաղյան հակամարտության առնչվող հայերեն պաստառի տեղադրումը ինքնագլուխ եւ անընդունելի քայլ է եղել, եւ ոչ մի կերպ չի հաստատվում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից»:
Սփյուռքի ոչ մի հայ կրոնապետ, չպետք է այլեւս ներքաշվի ներհայկական քաղաքական խաղերում: Եկեղեցին պետք է վեադառնա միասնություն, համերաշխություն եւ հանդուրժողականություն ավետող իր ակունքներին:
ՀՅԴ-ի «քաջագործության» հաջորդ օրը Թավրիզի «Յադեգարե Էմամ» Ֆուտբոլային մարզադաշտում այրում են ՀՀ դրոշը, որոշ մզկիթների և մանավանդ ուրբաթօրյա աղոթատեղիի մուտքերի մոտ նաև պաստառներ են տեղադրում՝ «Ղարաբաղը իսլամական հողատարածք է» գրությամբ, իսկ նույն քաղաքի «Արարատ» միության պատին թուրքերենով գրում՝ «Ղարաբաղը Ադրբեջանի եւ իսլամական աշխարհի անքակտելի մասն է»: Թուրքական պետական TRT-ին եւ «Անադոլու» լրատու գործակալությունը, ինչպես նաեւ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ լուսանկարներով առաջին լուրի են վերածում «Արարատ» մարզավանի պաստառները՝ գոհունակություն արտահայտելով նրան հակադարձող հակահայկական քայլերից:

ՀՀ Վարչապետի Իրան կատարած արդյունավետ այցին հարակից բացասական իրադարձություններն ապացուցում եւ ահազանգում են, որ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում պետք է կատարվեն առջնային եւ սկզբունքային վերափոխումներ՝ կանխելու համար ցանկացած բացասական երեւույթ, ամրագրելու համար ՀՀ-Սփյուռք հարաբերությունները.

  • Սփյուռքի կազմակերպություններն իրենց տեսակետները (թեկուզ՝ արմատապես քննադատական) արտահայտելու իրավունք և առիթ ունենալով հանդերձ, չպետք է մրցակցեն ՀՀ ցանկացած ընտրյալ իշխանության հետ, այլ պետք է լինեն միա՛յն զորակցողի դերում:
  • Սփյուռքի ոչ մի հայ կրոնապետ այլևս չպետք է ներքաշվի ներհայկական քաղաքական խաղերում և, մանավանդ, չպետք է կողմնակալ հայտարարություններ անի, որոնք կարող են ազդել ՀՀ միջպետական հարաբերությունների վրա: Եկեղեցին պետք է վերադառնա միասնություն, համերաշխություն և հանդուրժողականություն ավետող իր ակունքներին:
  • Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, անկախ իրենց ապագա տարազից և ձևից, պետք է քանակական և որակական աճ արձանագրեն, պետք է հեռանան իրենց ներկա պալատական վիճակից, բովանդակային փոփոխություններ կրեն՝ քայլ առ քայլ իրենց գործունեության մեջ ներգրավելով նաև իրենց «սպառված» կառույցներից դուրս գտնվող նոր, թարմ, երիտասարդ  ուժեր, ընդունակ մարդկանց: Այս հարցի հիմնական աշխատանքային ծանրաբեռությունը մնում է դարձյալ  Սփյուռքի վրա, որը կհաջողի այդ գործում, եթե  իր թիկունքում ունենա ՀՀ բարոյական զորակցությունը: Միայն ՀՀ-Սփյուռք՝ ոչ մրցակցային և անշահախնդիր հարաբերությունները կարող են լինել իրական, արդյունավետ, հեռանկարային և ամուր:
Մովսես Քեշիշյան, «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Թեհրան, 5 մարտի 2019 թ.
Հ.Գ.- Ներողամտություն հայցելով Իրանի հայկական մի շարք միություններից՝ անհրաժեշտ եմ համարում կատարել հետեւյալ հստակեցումները:
Տեղեկանում ենք, որ ՀՀ պատվիրակության այցի ընթացքում բազմաթիվ միություններ նույնպես, անտեսման եւ խտրական վերաբերմունքի են ենթարկվել: Հազարավոր անդամ ունեցող մարզական միությանը տրամադրվել է միայն մեկ հրավեր, բազմավաստակ, տասնամյակների պատմություն ունեցող հասարակական եւ մշակութային միությանը նույնպես, իսկ մի քանի այլ միությունների՝ զրո հրավեր: Տեղեկանում ենք նաեւ, որ Թեհրանի «Արարատ» միության մեջ պատրաստվում էին տեղադրել գրգռիչ բովանդակություն ունեցող ևս մի քանի պաստառներ, ինչը, բարեբախտաբար, կանխվել է: